«Հրապարակ». Սահմանադրությունը մշակող խորհրդում սկանդալ է հասունանում

«Հրապարակ». Սահմանադրությունը մշակող խորհրդում սկանդալ է հասունանում

Տեւական դադարից հետո Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այսօր՝ հուլիսի 17-ին, նիստ է հրավիրել, որը նաեւ ուղիղ եթերով կհեռարձակվի։ Սա, ըստ էության, լինելու է առաջին նիստը Նիկոլ Փաշինյանի հայտնի որոշումից հետո, որով այս խորհրդին լիազորեց ոչ թե սահմանադրական բարեփոխումների նախագիծ մշակել, այլ՝ նոր սահմանադրություն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսի 25-ին, ըստ ամենայնի, կատարելով Իլհամ Ալիեւի պահանջը՝ նոր սահմանադրություն գրելու եւ գործող մայր օրենքից Անկախության հռչակագիրը հանելու վերաբերյալ, խմբագրել է երկու տարի առաջվա իր որոշումը եւ պատվեր իջեցրել սահմանադրական բարեփոխումների համար 2022-ին ձեւավորված այս խորհրդին, որ Ալիեւի պատվերը կատարեն՝ գրեն նոր սահմանադրություն։ Մենք գրել էինք, որ մինչ այդ այս հարցը բուռն քննարկվել է խորհրդում, խորհրդի անդամներից ոմանք թեեւ բացեիբաց չէին արտահայտվել, որ չեն ուզում արժանանալ սերունդների նզովքին, բայց ներքին զրույցներ էին ունեցել, որ իրենց համար անպատվաբեր է կատարել Ալիեւի պահանջը՝ Արցախի էջը հիմնովին փակելու, ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու լեգիտիմ հիմքեր ստեղծելու վերաբերյալ: Եվ զգուշորեն, բայց ըմբոստացել էին, թե գործող մարմինը` խորհուրդը, չունի նման մանդատ՝ նոր սահմանադրություն մշակելու, որ այս խորհուրդը ձեւավորվել է սահմանադրական բարեփոխումների, այլ ոչ թե նորը գրելու համար: Եվ քանի որ նոր սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, իսկ անկախ մարմինների ներկայացուցիչները, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների պաշտպանը, ԲԴԽ ներկայացուցիչը, չեն կարող մասնակցել Սահմանադրության մշակմանը, ուստի հարկավոր է նոր մարմին ձեւավորել։ 

Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ի որոշմամբ փորձել է վերջ դնել այդ վեճերին, եւ հունիսի սկզբներին՝ խորհրդի հերթական նիստի մեկնարկին, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անակնկալի է բերել խորհրդի անդամներին՝ ներկայացնելով վարչապետի որոշումը, որ պետք է նոր սահմանադրության հայեցակարգ մշակեն։ Խորհրդի անդամներն անակնկալի են եկել, ոմանք վրդովվել են, այդ պատճառով էլ նիստն ուղիղ եթերով չեն հեռարձակել, ինչը սովորաբար արվում է: Ապա ժամանակ են վերցրել, որ որոշեն՝ մասնակցո՞ւմ են մշակման գործընթացին, թե՞ ոչ։ Մեզ պատմեցին, որ խորհրդի անդամների գերակշիռ մասը դեմ է արտահայտվել Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելուն, բայց թե նրանք կշարունակեն մնալ հանձնաժողովի կազմում, թե` ոչ, ժամանակը ցույց կտա։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Փաշինյանի որոշմամբ ձեւավորված բարեփոխումների խորհրդում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարարը, ՄԻՊ-ը, ԲԴԽ արդեն նախկին անդամ Վիգեն Քոչարյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրացավ հունիսի 25-ին, Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, իշխանության աջակից ՀԿ-ների ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Տիգրան Եգորյանը։

Ըմբոստացողների շարքում է եղել նաեւ Վիգեն Քոչարյանը, սակայն նրա բախտը բերեց․ խորհրդում նա ընդգրկվել էր ի պաշտոնե, եւ քանի որ ԲԴԽ անդամի լիազորություններն արդեն դադարել են, դադարել է այլեւս նաեւ խորհրդին իր անդամությունը։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունը նրան արժանի փոխարինող է գտել․ այսուհետ խորհրդում կաշխատի վերջերս ԲԴԽ անդամ ընտրված վանաձորցի Կարեն Թումանյանը, ում կենսագրականում առկա խնդիրների վրա աչք փակելով՝ ԱԺ-ն նրան գործուղեց ԲԴԽ` իշխանամետ հայացքների համար, որոնք նա անգամ չթաքցրեց ԱԺ ամբիոնից։ 
Էդմոն Մարուքյանը եւս դեմ է Հռչակագրից հրաժարվելու Ալիեւի պահանջին, սակայն այսօրվա նիստին մասնակցելու է։ «Մենք կուսակցությունում քննարկել ենք իմ մասնակցել-չմասնակցելու հարցը, քանի դեռ Ալիեւի օրակարգից բխող որեւէ հարց չի բերվել սահմանադրական խորհուրդ, ու հնարավոր է՝ երբեք էլ չբերվի, իսկ մենք գնացել ենք այդ խորհուրդ, որպեսզի Սահմանադրությունը փոխենք ավելի ժողովրդավարական իմաստով։ Մենք ասել ենք նաեւ, որ դեմ ենք Հռչակագրի հանմանը, հետեւաբար, խնդիր կա՝ եթե լքում ենք, կորցնում ենք այդ պլատֆորմը՝ դեմ արտահայտվելու եւ հիմնավորելու, որ Ալիեւի պահանջը սխալ եւ տոտալ անհիմն է, եւ երկրորդ՝ այդ խորհրդում այլ համախոհներ գտնելու եւ ընդհանուր կարծիք արտահայտելու հնարավորություն կա, քանի այդ հարցերն անորոշ են, մենք շարունակելու ենք մեր գործունեությունը»,- ասաց նա:

Ակնհայտ չէ՞, որ Փաշինյանը խորհրդի առջեւ վաղ թե ուշ դնելու է նման պահանջ, քանի որ կատարում է Ալիեւի բոլոր պահանջները,- հարցրինք։ «Երբ կբերվի, մենք դիրքորոշում կհայտնենք, քվեարկության կդրվի, համախոհություն կարող է գտնենք, այլ անդամներ էլ դեմ քվեարկեն»,- ասաց Մարուքյանը՝ չթաքցնելով, որ այլ անդամներ եւս դեմ են Ալիեւի պահանջով Անկախության հռչակագրից հրաժարվելուն: Բայց թե ովքեր են դեմերը` չմանրամասնեց։