Ծխելու փոխարեն խաչբառ լուծեք. ԱՆ հակածխախոտային «գալոչկան»

Ծխելու փոխարեն խաչբառ լուծեք. ԱՆ հակածխախոտային «գալոչկան»

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի վարակի այս թեժ պահին հակածխախոտային արշավը չի մոռանում: Կիրակի օրը նախարարությունը հիշեցրել է, որ մայիսի 31-ը «Առանց ծխախոտի» համաշխարհային օրն է: Տեքստը պրիմիտիվ է ու քնաբեր՝ որ ծխողները չծխողներից շատ են վարակվում տարբեր հիվանդություններով, որ աշխարհում 8 միլիոն մարդ տարեկան մահանում է ծխելու պատճառով: «Այս դեպքերից 7 միլիոնի պատճառը ծխախոտի ուղղակի օգտագործումն է, իսկ 1,2 միլիոնինը՝ երկրորդային ծխի ազդեցությունը»,-գրված է տեքստում, թեեւ հազիվ թե գտնվի մեկը, ում մահվան թղթում գրված լինի՝ մահը վրա է հասել ծխելու պատճառով: Իհարկե, առանց COVID 19-ի հիշատակման բան դուրս չեկավ: Նախարարությունը մեզ է հասցնում ԱՀԿ դասը՝ «COVID 19-ը վարակիչ հիվանդություն է, որն առաջին հերթին ազդում է թոքերի վրա, իսկ ծխելը վատթարացնում է թոքերի ֆունկցիան՝ դժվարացնելով օրգանիզմի պայքարը կորոնավիրուսի եւ այլ հիվանդությունների դեմ»:

Թեեւ կարծիք կա, որ ծխողներն ավելի քիչ են հիվանդանում։ Հերթական անգամ հերթապահ հաղորդագրությունը կարդալուց եւ հորանջելուց հետո զանգում ենք սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին, որը ժամանակին հարցումներ էր կազմակերպել ծխողների ու չծխողների շրջանում: Նա համաձայն է, որ հակածխախոտային արշավները հիմա, երբ մարդիկ վատ են ապրում ու հուսահատ են, ոչ մի տեղ չեն գնում, չեն զվարճանում, ու եզակի ուրախություններից մեկը ծխախոտն է մնացել, արդյունավետ չեն: Բայց 30 տարվա ծխող, այնուհետեւ ծխելը «թարգած» Ադիբեկյանը ծխախոտի երդվյալ թշնամին է: Նա առաջարկ ունի՝ պետք է ծխախոտը փոխարինել խաչբառով: «Ծխելու փոխարեն մարդը կարող է, ասենք, խաչբառ լուծել: Էսօր նայում եմ կրպակները՝ ռուսական խաչբառ ընդհանրապես չկա, ու հայկականներն էլ, թեեւ շատ վատ որակի են, բայց արագ վաճառվում են: Մարդիկ տունը նստած՝ ծխողը ծխում է, չծխողը խաչբառ է լուծում: Ձեւերից մեկը դա է»: Մոտ 2 անգամ ծխողների թիվը կրճատվել է՝ ասում է Ադիբեկյանը. «Նախ, բարձր գների հետ կապված, հետո, որ մարդկանց ասում են՝ դուրսը ծխի: Ծխող կանանց թիվն է աճել: Իսկ կորոնավիրուսի հետ կապված՝ ասում են, որ մահանում են նրանք, ովքեր ծխում են, բայց դա այնքան էլ հաստատված չէ»: Սա ակնհայտ է նաեւ նախարարության հակասական տեքստից: Նախ, նշվում է, որ «ծխողների մոտ COVID 19-ով ուղեկցվող ծանր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան չծխողների մոտ», ապա՝ «առայժմ բավարար տվյալներ չկան ծխախոտի, նիկոտինի եւ COVID 19-ի կանխարգելման եւ բուժման միջեւ կապն ապացուցող»։