«Հրապարակ». Զենք գտնելու համար ասֆալտին են փռում եւ խուլիգանության հոդված դնում

«Հրապարակ». Զենք գտնելու համար ասֆալտին են փռում եւ խուլիգանության հոդված դնում

Դեկտեմբերի 2-ին ՆԳՆ ոստիկանությունը հերթական մասկի-շոուն էր կազմակերպել՝ «հավաքելով» գողականներին։ Քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության դիմակավորված ոստիկանները Երեւանի տարբեր հատվածներից ասֆալտին էին փռել օրենքով գողերի, մասնավորապես՝ Շահումյանցի Ժիրոյին, Նարդոսցի Սերգոյին, Գյումրեցի Սուրոյին, եւ բերման ենթարկել: Այդ օրը ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց ու տեղափոխվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Քրեական վարույթ նախաձեռնվեց՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ։ Քրեական վարույթը կապված էր Շահումյանցի Ժիրոյի եւ նրա «տղերքի» հետ, որոնց մոտ փորձել էին զենք հայտնաբերել, բայց քանի որ չէր հայտնաբերվել, ստիպված՝ խուլիգանության հոդվածով էին վարույթ հարուցել։ Խուլիգանությունը, որը, ըստ իրավապահների, կատարել են Ժիրոն եւ նրա մարդիկ, «ավտոմեքենաները ոչ պատշաճ վարելու, ՃԵ կանոնները խախտելու» հետ է կապված:

Ասել է թե` փողոցներում «ճռիկ-վռիկ» են արել։ Նման բովանդակությամբ վարույթները, ինչպես նշում է իրավապահ համակարգի մեր աղբյուրը, տարիներով մնում են քննիչների դարակներում, դրանց մասին ոչ ոք չի հիշում, հետո դրանք կարճվում են, որովհետեւ, ըստ էության, ո՛չ անձանց մեղքն է հաստատվում, ո՛չ մեղադրյալներ են ներգրավվում, ո՛չ էլ ինչ-որ լուրջ ընթացք են կարողանում ապահովել։ Հիմքեր չեն գտնում, որ գործերին ընթացք տան: Պարզապես շոուներ են, որ արվում են Նիկոլ Փաշինյանին գոհացնելու, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի իմիտացիա ցույց տալու համար։ Հիշատակված դեպքի մասին հարց ուղղեցինք Քննչական կոմիտեին՝ ի՞նչ ընթացքում է նախաձեռնված վարույթը։ «Ընթացիկ վարույթ է, ոչ մի նոր բան չկա, կարգավիճակով անձ չկա դեռ»,- պատասխանեցին։