ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարված հասցնող գործունեության ֆինանսավորում

ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարված հասցնող գործունեության ֆինանսավորում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է, որ այս կառավարության մոտեցմամբ՝ Արցախի բռնակցումից հետո հայ ժողովուրդը ավելի ապահով է դարձել։  

«Այս կառավարության կարծիքով՝ 2020 թվականին ռազմական պոտենցիալի էական մասը կորցնելուց հետո մենք ավելի անվտանգ ենք, հազարավոր երիտասարդ զինվորներ ու փառահեղ մարտական ուղի անցած սպաներ կորցնելուց հետո մենք ավելի պաշտպանված ենք։ Ի դեպ, հիշո՞ւմ եք, երբ մեր զինված ուժերը վերջին անգամ զորավարժություններ են անցկացրել, և երբ ադրբեջանական զինված ուժերը մասնակցել են զորավարժությունների»,- ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական քննարկման ժամանակ հայտարարեց նա։  

Պատգամավորի խոսքով՝ այս նախագիծը ոչ համարժեք է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, իսկ վարած տնտեսական քաղաքականությունը չի ապահովում երկրի երկարատև ու կայուն զարգացումը։  

«Կառավարության արտաքին ու պաշտպանական քաղաքականությունը չի կարող ապահովել մեր երկրի անվտանգությունը»,- հավելեց նա։  

Արթուր Խաչատրյանը նաև նշեց, որ 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը «Հայաստան» խմբակցությունը դիտարկում է որպես ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարված հասցնող գործունեության ֆինանսավորում։