… Թե բա վարչապետն է ասել՝ պարգևատրվեք

 … Թե բա վարչապետն է ասել՝ պարգևատրվեք

Պարգևավճարների թեման անսպառ է․ այդ թեման, ինչքան էլ փորձեն քայլիստները  «հորով- մորով անեն», մեկ է՝ ձկան փշի պես կանգնելու է իրենց կոկորդում։ Դա նման է այն բանին , որ ծարավ մարդուն կանգնեցնեն գլգլան աղբյուրի կողքին՝ իրենք կլկլացնելով ջուր խմեն ու ասեն՝ դուք նայեք։ Մեկ, երկու, եթե մարդու ձեռքերը ազատ են և ուղեղն էլ աշխատում է՝ կբռնի ջուր խմողի թևերից ու ձորը շպրտի։ Երեկ հրապարակել էի Լենա Նազարյանի գրառումը, որ քիչ էր համարում պաշտոնյայի համար 500․ 000 դրամ աշխատավարձը։ Դե որ իրեն քիչ է թվում, երևի դրա համար էլ կրկնապատկել, եռապատկել են, չհաշված միլիոններով պարգևավճարները։ Այսօր իր էջում կարդում եմ մի հետաքրքիր հարցադրում․  

Rob Poghosyan Ըստ վարչապետի բացատրության,դուք պարգևավճարներ եք ստանում, որ կոռուպցիայով չզբաղվեք, բա այս մի քանի ամիսը առանց պարգևավճարների ո՞նց եք անելու...շատ հետաքրքիրա...լավ կլինի պատասխանեք ոչ թե ջնջեք։ (Ամենայն հավանականությամբ Լենա ջնջել էր առաջին անգամ)

AuthorLena Nazaryan Rob Poghosyan հարգելի Ռոբ, թույլ տվեք Ձեզ հիշեցնել վարչապետի դիրքորոշումը։

Վարչապետը բազմիցս հրապարակային հայտնել է իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ և հռչակել քաղաքական կուրս՝ ասելով նաև, որ պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ ավելի աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը:

Հիշեցնենք նաև, որ հեղափոխությունից հետո՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում, Հայաստանում հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացումներ են տեղի ունեցել, պրոցեսը շարունակվում է։

ՀՀ պետական ղեկավարման մակարդակում կոռուպցիա չկա 2018-թ-ի հեղափոխությունից ի վեր։

Ամենայն հարգանքով։

 

Թե բա վարչապետն է խրախուսել պարգևատրությունը,  վարչապետն է ասել՝ պարգևատրվեք, վարչապետի քաղաքական դիրքորոշումն է։ Իսկ դա ո՞վ չգիտի, որ առանց վարչապետի գիտության ոչ մեկդ էլ չէիք պարգևատրվի։ Հիշեցնելու իմաստը ո՞րն էր՝ մարդկանց "բաց թողնել" վարչապետի վրա՞․․․Ասենք թե  թոշակառուի բարեկեցությունը կախված է նախարարների, պաշտոնյաների  աշխատանքի որակից։ Աշխատանքի որակից է կախված  և ոչ թե նրանց աշխատավարձի  ու պարգևավճարների մեծության չափից։ Երկու տարի է, խոսում, գրվում է նոր պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալ, վատ, անկազմակերպ աշխատանքի մասին, (Բացառություններ կան, իհարկե, որոնք փորձառություն ունեն, բայց քիչ- քիչ նրանք ազատվում են աշխատանքից), կարելի՞ է հասկանալ՝ ինչու՞ է նման աշխատանքի դիմաց նրանց այդ արտոնությունը տրվում։ Կամ անկեղծ լինենք՝ նրանցից ո՞վ է ինքնուրույն աշխատում, մի բան ասում, բոլորի տեղն էլ վարչապետն է խոսում։ Այդքան միլիոններ են ստանում, որ համաձայնվու՞մ են վարչապետի հետ, որ ձայն չե՞ն հանում, չե՞ն ճռռում, չե՞ն տնքում․․․ Ինչի՞ համար են բազմապատկվել, եռապատկվել նրանց աշխատավարձերը ու ամենամսյա պարգևավճարները․ սա չի ընկալվում,  չի ընկալելու ժողովուրդը։ Սա չի ընկալում կոպեկներ ստացող թոշակառուն, ինչքան էլ վարչապետը ասի՝ պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ ավելի աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը։

Ֆեյսբուքյան մի օգտատիրոջ դիպուկ բնորոշմամաբ ամփոփեմ ասածս, որը Լենա Նազարյանի էջում էր,  «լրագրողի քարը ծանր է լինում»․

Rob Poghosyan ՈՉ։ Վարչապետը բազմիցս ասել է մեր քաղաքացիների ՀԴՄ պահանջելուց է կախված թոշակ,նպաստ բարձրանալը։ ՈՉ թե Զարուհի Բաթոյանի լավ աշխատելուց։ Նենց որ Զարուհի Բաթոյանը 150000 ով էլ կաշխատեր նախարար ու նույն գործը կաներ ինչ որ հիմա է անում։