Վիրավորված զինվորի հուշերը մարտի դաշտից

Վիրավորված զինվորի հուշերը մարտի դաշտից

«Հրապարակը» զրուցել է պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայող Նարեկ Խաչատրյանի հետ։ Նարեկը ականանետի արկից ոտքի բազմաբեկոր վնասվածք է ստացել, բեկորներից 3-ը հանել են, մեկը մնացել է, ինչպես ինքն է կատակում, դա էլ՝ «բանակից նվեր»։ Նարեկը երկու դրվագով իր հուշերը ներկայացրեց, թե ինչպես են մի քանի հոգով ոչնչացրել հակառակորդի՝ գրոհող մեծաքանակ ուժերը․ 

«Հենց առաջին օրվանից այնտեղ եմ եղել ,մենք եղել ենք առաջին գծում։ Վիրավորվելու օրը վաշտի հրամանատարը հաղորդում է, ասում, որ հարձակվում են մեր դիրքերի վրա, հետևակ էր, զրահատեխնիկա չունեինք, մեր տղերքից 2 հոգի դուրս են գալիս, գնում, դիրքավորվում են նրանց ուղղությամբ և սկսում կրակել, հետո մենք ենք դուրս գալիս՝ ես, մեր դասակներից մեկի հրամանատարը, մեկ էլ Կյաժը, դիրքավորվում ենք, սկսում ենք «գրանատամյոտով» ( Ձեռքի հակատանկային նռնականետ) ու զենքով կրակել իրենց վրա, հետո մի քանի անգամ նռնականետով կրակում ենք, սրանք լրիվ մեռնում են, կլիներ մի 40-50 հոգի մարդ։ Հետո ավտոմատով ենք «բոյ» տալիս, աջ թևից էլ տղերքն են խփում։ Հետո հրամանատարին ինչ-որ բան եմ ասում, ու էդ պահին «սնարյադը» ընկնում է հենց մեր կողքը։ Մենք ոնց կրակում էինք, իրենք մեռնում էին, կպնում էինք, մենք մի քանի հոգով էդպես խփեցինք բոլորին»։ Այնուհետև Նարեկը հիշում է, թե ինչպես են ոչնչացրել հակառակորդի տանկերն ու հետևակի մարտական մեքենաները։

«Սեպտեմբերի 28-ն էր կամ 29-ը, մեր վաշտի հրամանատարն ասաց, որ տանկի «անտենաները» երևում են։ Առաջին տանկը երևաց, ուղիղ ճանապարհ էր, միաշարասյուն 4 հատ տանկ էր գալիս, ամենավերջին տանկին էինք մենք ուզում խփել, որ ընդհանուր ուղղությունը փոխվի, որ չկարողանան հետ գնալ, նանականետով կրակեցինք, չկպավ, Եփրեմը կրակեց, տանկը իր «ստվոլը» ուղղեց մեր կողմ ու կրակեց, ալիքը մեզ շպրտեց մի քանի մետր, հետո որ ուշքի եկանք, տանկերը լավ մոտեցել էին։ Առաջին տանկին խոցեց Հակոբյան Մուշը (Մուշ Հակոբյանը զոհվել է), խփեց հենց տանկի աշտարակին, աշտարակը վրայից թռավ, 2-րդ տանկին սովորական ձեռքի F1 նռնակով մեր դասակի հրամանատարն է պայթեցրել՝ Սաշ Կարապետյանը, հենց տանկի «լյուկից» ընկավ տանկի մեջ։ Տղաներից մեկն էր ուզում նռնակը շպրտել, բայց դասակի հրամանատարը ձեռքից վերցրեց ու ինքը շպրտեց ու միանգամից ընկավ տանկի մեջ, էդ մեկը էդպես տրաքեց, 3-րդ տանկը խփեց դասակներից մեկի հրամանատարը՝ նռնականետով, լավ մոտիկ դիրքից։ Այդ ընթացքում վերջին տանկը ուզում էր փախնել, բայց Եփրեմը «գրանատամյոտով» խփեց տանկի կողքին, միանգամից տանկի թրթուրը կտրվեց, մեջից դուրս եկան, որ փախնեն, մենք բոլորին խփեցինք։ Այդ ընթացքում աջ թևից մեզ վրա հետևակ էր գալիս։ Էդպես խփեցինք, վերջացրինք էլի։ Հետո էնտեղ ՀՄՄ կար խփած, Մուշն էր խփել, էդպես էլի»։ 

Նարեկ Խաչատրյան

Մուշ Հակոբյան