Հեղափոխության զավակի տրագեդիան

Հեղափոխության զավակի տրագեդիան
Արայիկ Հարությունյան, Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել: Ոչինչ անել չես կարող՝ մարդը ոչ մի կերպ չի հաշտվում այն մտքի հետ, որ այլեւս հնարավորություն չի ունենալու քանդել պատեհ առիթով իրեն վստահված բուհը: Բայց նույնիսկ ամենավատ հույսը, ինչպես ասում են՝ վերջինն է մեռնում:

Ահավասիկ, նեղացած գրել է. «Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ, գերհոգնածության եւ մոտիվացիայի ժամանակավոր կորստի պատճառով մի պահ մտածում էի նույնիսկ միառժամանակ դադարեցնել դասախոսական աշխատանքս ՀՊՏՀ-ում»: Ո՛չ, պարոն Հայրապետյան, հայ տնտեսագիտական միտքն այդ հարվածին չի դիմանա, հանկարծ նման բան չանեք: Ասում է՝ գերհոգնած եմ: Թույլ տվեք իմանալ՝ այդ ինչի՞ց է գերհոգնել: Իր գալու հետ բուհում ծայր առած խառնակչությունների՞ց, երկարամյա դասախոսներին ու գիտնականներին խայտառակելո՞ւց, ծանոթ-բարեկամներին շուրջը հավաքելո՞ւց, նոր ուսումնական տարվա շեմին բուհը կոլապսի եզրին հասցնելո՞ւց, թե՞ գիտահետազոտական բուռն աշխատանքներից, որ կատարել է այս ընթացքում: Պարզվում է նաեւ՝ բազմաթիվ առաջարկներ ունի նոր տեղերից, բայց բոլորին խնդրել է սպասել: Հնուց եկած խոսք է, ասում է՝ ճարպիկ գառը յոթ մոր կաթ կուտի: Փաստորեն՝ ձեռքից ձեռք են խլում Հայրապետյանին, որ ցայժմ միայն իր տարիքին չհամապատասխանող մեծամտությամբ է հայտնի: Նրա գիտական գործերի մասին, ցավոք, տեղեկություններ չունեմ, այլապես մի քանի սրտառուչ խոսք էլ այդ մասին կասեի:

Ասենք՝ դրա կարիքն էլ առանձնապես չկա, որովհետեւ, առանց հղումների, նա համեստորեն հայտարարել է, թե այն քչերից մեկն է, «որի հիմնական արդյունքները տպագրվում են ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր ամսագրում»։

Հայրապետյանն իր մեջ «մոտիվացիայի կորուստ է» ախտորոշել, որն իբր պայմանավորված է աննախադեպ խտրականությամբ եւ իր հանդեպ ցուցաբերված սելեկտիվ անարդարությամբ: Եվ, տեսնես ո՞վ է համարձակվել Արայիկ Հարությունյանի գլխից թռնել եւ սելեկցիայի ենթարկել վերջինիս փայլուն կադրին, որ համալսարանի ռեկտորի աթոռը պատահաբար շփոթել էր НКВД-ի ղեկավարի՝ աչքուականջի գծով տեղակալի աթոռի հետ: Արայիկ Հարությունյանի սիրտը կարող է չդիմանալ Հայրապետյանի հետեւյալ խոսքերին. «Առանց ընդհանուր կոնտեքստը գիտակցելու եւ առանց համեմատության՝ բացառապես իմ դեմ նման գործընթաց սկսելն ու դրա հիմքով որոշումներ կայացնելը պարզապես չգիտակցված դավաճանություն էր ապագայի նկատմամբ (վստահ եմ, որ չգիտակցված)»: Չեղավ, պարոն Արայիկ Հարությունյան, Դուք, պարզվում է, դավաճանության էլ եք ունակ (ի՞նչ կարեւոր է, թե ինչպիսի): Խնդրեմ, հինգ պակաս ռեկտոր մարդիկ են նման բաներ ասում արդեն:

Ինձ թվում է նաեւ, որ իր գրառման վերջին հատվածը Ռուբեն Հայրապետյանը «թռցրել է» Դավիթ Սանասարյանի հեղինակած ողբերգություններից: Դավիթի գրչին են պատկանում իր գործունեության կասեցման կապակցությամբ բազմաթիվ գրառումներ, որոնք լի են ափսոսանքի խոսքերով եւ թռիչքի պահին խոցվելու պատկերավոր նկարագրություններով: «Ափսոս, այդ համակարգն սկսել էինք ամբողջությամբ մաքրել», «Իմ՝ խելագարության հասնող նվիրումը», «Ես ինձ հաղթած եմ համարում», «Այս ամենն իմ ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքն է» եւ այլ արտահայտություններ, արդյոք, գրագողություններ չե՞ն Դավիթ Սանասարյանից: Միայն թե վերջում չի գրել՝ «Սիրում եմ բոլորիդ»: Փոխարենը Հայրապետյանը հույս է հայտնել, որ կրթության ու գիտության պատասխանատուները կդադարեն «դավաճանել» եւ փորձ չեն անի… Ավելի լավ է իր խոսքով ասեմ. «Մեծ հույս ունեմ, որ, հակառակ բոլոր պնդումներին, այս օրերին փորձ չի արվի մի շարք խայտառակ դասախոսների լսարան բերել եւ ապականել գործընթացը»։

Դե ինչ, մենք էլ ամփոփենք, բայց ՀՀ իշխանություններին ուղղված մեր հորդորով: Տիրություն արեք հեղափոխության ապիկար զավակներին, որոնք ստեպ-ստեպ հայտնվում են ամենեւին էլ ոչ իրենց հագով կարված պաշտոններում եւ խայտառակում այս ողջ «ինքնաբուխ» շարժումը: Քանի՞ ռեկտոր (չենք ասում՝ նախարար ու մարզպետ) եք փոխել: Արդյունքները ներկայացրեք՝ հասկանանք, թե ինչ եք ուզում անել վերջապես: Բանն այն է, որ արդեն ձեր մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց շուրջ եւ իրենց հետ: