Կառավարությունը որոշում կընդունի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագրի վերաբերյալ

Կառավարությունը որոշում կընդունի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագրի վերաբերյալ

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ`

աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների  կենսաթոշակային իրավունքները,

կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե Համաձայնագրի նախագծի անդամ որ պետությունում է բնակվում անձը (կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացման «համամասնական» սկզբունք): Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել Համաձայնագրի նախագծի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով,

Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում և վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը, իսկ մինչև Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելը ձեռք բերված աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը,

 Համաձայնագրի նախագծի կիրարկումն ապահովվելու է լիազոր, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև Համաձայնագրի կիրառության փոխգործակցության կարգով (այսուհետ` Կարգ), որը հաստատելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը։