Երբ շոշափվում է իմ անունը, արշավի շարունակություն եմ համարում․ դատավոր Ազարյան

Երբ շոշափվում է իմ անունը, արշավի շարունակություն եմ համարում․ դատավոր Ազարյան

Իմքայլական օրենսդիր ու գործադիր իշխանությունները տարբեր ագրեսիվ հայտարարություններով ու գործողություններով շարունակում են հանդես գալ դատական իշխանության դեմ՝ երբեմն դրանց տալով օրենսդրական նախաձեռնությունների տեսք։

Իմքայլականների այսպիսի գործողությունները սովորաբար հաջորդում են իրենց ոչ դուրեկան որոշումներից և վճիռներից հետո։ Իսկ հիմնական թիրախներն են Սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուրդը, առանձին դատավորներ։

Այդպիսի առանձին դատավորներից է նաև Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ով աչքի է ընկնում իր բարձր վարկանիշով։ Ազարյանը հատկապես թիրախավորվել էր իմքայլական ու կասկածելի ծագում ունեցող խմբերի կողմից, երբ 2018 թվականի օգոստոսի 13-ին նրա որոշմամբ կալանքից ազատվել էր նախկինում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։  

- Պարո՛ն Ազարյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն հարցին, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի դեմ քրեական գործ հարուցվեց, նրա լիազորությունները կասեցվեցին։

- Ես որևէ բան չեմ կարող ասել, որովհետև ծանոթ չեմ որևէ նյութի։ Տեղյակ չեմ՝ արդյո՞ք գործը ճիշտ են հարուցել, ճիշտ չեն հարուցել, արդյո՞ք քաղաքական հետապնդում է, քաղաքական հետապնդում չէ։ Չեմ կարող ոչինչ ասել։

- Դատական իշխանության դեմ հայտարարություններ են կատարում օրենսդիր իշխանության իմքայլական ներկայացուցիչները կամ նրանց մերձ «անկախ» կոչվող պատգամավորներից, այս մասով ի՞նչ կարծիք ունեք․

- Դատական իշխանության դեմ նման արտահայտություններ միշտ էլ եղել են; Այս 3 տարվա ընթացքում, եթե ուշադիր եք եղել։

- Իսկ այս վերջին շրջանու՞մ։

- Գիտեք ի՞նչ, այնքան ենք մենք սովորել դատարանների նկատմամբ այդ արտահայտություններին, ճնշումներին, որ արդեն շատերի համար սովորական աննորմալ երևույթ է դարձել, կարող է՝ մի քիչ կոշտ եմ ասում «աննորմալ», բայց «ոչ նորմալ»։

- Իսկ եթե զուտ օրենքի տեսանկյունից դիտարկենք, սրան հակազդելու ի՞նչ միջոց կա։ Միջազգային պրակտիկայում ինչպե՞ս են այսպիսի երևույթների դեմն առնում։

- Տարակուսելի է, որ որևէ միջազգային կառույց չի արձագանքում նույն դատարանների շրջափակման կոչերին, շրջափակման քայլերին, կոնկրետ գործողություններին։ Ճիշտ կլինի՝ այդ հարցն ուղղեք այդ միջազգային, իրավապաշտպան կառույցներին, որոնք միշտ տարբեր առիթներով հորդորում են օրենքի տառը պաշտպանել։ 

-  Նշեցիք, որ դատարանների դեմ միշտ այսպիսի գործողություններ եղել են։ Կարո՞ղ է դատավորների ինչ-որ խումբ դիմել՝ բողոքով եվրոպական կառույցներին՝ ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, այսպիսի մեխանիզմներ գործո՞ւմ են։

- Ես տեղյակ չեմ նման դեպքերից։ Սակայն այդքան ակներև է, այդքան բացահայտ է այդ ամեն ինչը կատարվում, որ նրանց համար գաղտնիք չէ, թե ինչ է մեր երկրում տիրում։

-  Ինչի՞ համար եմ հարցնում։ Դատական իշխանությունն այս առումով ի՞նչ հակազդելու մեխանիզմներ ունի։

- Յուրաքանչյուրն իր տեղում պետք է շարունակի աշխատել, ինչպես աշխատել է օրենքով սահմանված կարգով։ Այսպես ասեմ, Դուք ընդունո՞ւմ եք, որ այս 2,5-3 տարիների ընթացքում բացահայտ ճնշումներ են եղել կոնկրետ դատավորների, կոնկրետ դատարանների նկատմամբ։

- Այո՛, ակնհայտ երևում է դա։

- Միջազգային կառույցների, իրավապաշտպան կառույցների համար դա նորությո՞ւն է։

- Չեմ կարծում։

- Ես էլ եմ մտածում, որ նորություն չէ։ Որևէ արձագանք եղե՞լ է, ես նման փաստից տեղյակ չեմ։ Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, այդքան բան, օրենքի տառին համահունչ։

- Պարո՛ն Ազարյան, նկատո՞ւմ եք կոնկրետ Ձեր դեմ որոշակի արշավի կամ ճնշումի փորձեր իշխանությունների կողմից։

- Ամեն անգամ, երբ շոշափվում է իմ անունը, արշավի շարունակություն եմ համարում։ Արշավ, որը սկսվել է 2018 թվականի օգոստոսի 17-ի [փաշինյանականների] հանրահավաքից հետո։

- Ռոբերտ Քոչարյանի գործով Ձեր որոշումից հետո ամեն անգամ Ձեր անունի հիշատակումը համարո՞ւմ եք արշավ։

-  Իհա՛րկե։ Իմ ատենախոսությունը, ինձ վարկաբեկելու տարբեր փորձեր։ Միգուցե արշավ չէ, ես գնահատում եմ որպես բացահայտ արշավ։

- Երբ որ Ձեր դեմ արշավ է եղել, երբևիցե Ձեզ հետ կապ հաստատե՞լ են Ձեր միջազգային գործընկերից։

- Ես աջակցություն եմ ստացել միայն իմ կոլեգաներից։