ՔՊ փակ նիստ․ ստեղծել հեծանվահրաձգային ջոկ  

ՔՊ փակ նիստ․ ստեղծել հեծանվահրաձգային ջոկ  

Բնական է, որ մամուլը կաղմկի՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցության նիստ է հրավիրել։ Կաղմկի, որովհետև աշխարհաքաղաքական «օլիմպիական խաղերի» կիզակետն է Հայաստանը, և երկրի ղեկավարը արհավիրքի այս պայմաններում մեկ ամսյա արձակուրդը վայելելուց հետո թարմ ուժերով մրցասպարեզ է դուրս եկել։ Չնայած մամուլի աղմուկին, փակ փողոցների խորհրդավորությանը՝ հանրության հետաքրքրությունը զրո է։ Սպասում չկա՝ ոչ կառավարության, ոչ ՔՊ նիստերից, ոչ ազգային ժողովից։ Մարդը քափ ու քրտինքի մեջ կորած քրեական գործեր է հարուցում, միլիարդավոր գումարներ գանձելուց է խոսում, բայց ոչ մեկի պետքը չի։ Հանրությունը խռով երեխայի պես մի կողմ է քաշվել՝ մեզ ի՞նչ։

Ինչևէ, այսօր, եթե մամուլը ոչինչ էլ չգրեր, պարզ էր, թե որն է եղել ՔՊ փակ  նիստի բուն  շրջանակը։ Նիկոլ Փաշինյանն արդեն զարթուցիչի նման իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց՝  «Աշխատանքային օրվա հիանալի մեկնարկ։ Կեցցե հեծանիվը»։ Մինչ Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին, նա կնոջ հետ հեծանվահրաձգային ջոկ է ձևավորել։ Երևի ՔՊ-ի փակ հանդիպմանը քննարկվել է, թե «Էրատոյի»  ջոկատի հրամանատարը մեծ զորավարի աջ , թե՞ ձախ կողմով ընթանա։ Մյուս անդամների տեղադրելիության հարցը ևս օրակարգային է եղել՝ «Ճժեր աջ, ճժեր ձախ» հրամանով։ Ինչքան էլ գաղտնի է պահվել, լուրը դուրս է սպրդել․ ստեղծել  հեծանվահրաձգային ջոկ։ Ջոկը ներառվում է հեծանվահրաձգային, հեծանվահետևակային, հետևակային, ականանետային, սակրային, կապի և այլ դասակների կազմի մեջ։ Դա ցամաքային զորքերի տեսակ է, որը նախատեսված է մարտական բարդ գործողություննների համար։