Նոր քաղաքացիական նախաձեռնություն` փորձագետների կողմից

Նոր քաղաքացիական նախաձեռնություն` փորձագետների կողմից

Նոր քաղաքացիական նախաձեռնություն է ձևավորվել, որի խորհրդի անդամներն են ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, Արման Նավասարդյանը, Պավել Մանուկյանը, Կարին Տոնոյանը, Կարեն Դանիելյանը, Սասուն Պասկևիչյանը։ Վաղը խորհրդի անդամները ներկայացնելու են նախաձեռնությունը, որը կոչվել է «Արարում»։ Մեզ հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը որոշ փակագծեր բացեց, թե ինչով է զբաղվելու նախաձեռնությունը․

«Դա հասարակական նախաձեռնություն է, փորձագետների մասնագիտական, ոչ քաղաքական։ «Արարում» անվան մեջ մեծ իմաստ կա, բոլոր քաղաքական կամ այլ խմբերը բոլոր դեպքերում խոսում են այս կամ այն ոլորտի մասին, մենք գտնում ենք, որ ոճը և նպատակը երկրում անկախ քաղաքական որևէ մթնոլորտից․․․ այսինքն՝ իմաստը հետևյալն է․ ցանկացած իշխանությունների ժամանակ, ցանկացած իրադարձությունների ժամանակ, լինի դա ծանր իրավիճակ, հայ ազգը կայացել է և իր շարունակելիությունը ապահովել է արարումով»,- ասաց Ալավերդյանը։ Նա ասաց, որ նախաձեռնությունը քննարկելու է ոչ միայն հրատապ հարցեր, այլև ռազմավարական խնդիրները, բայց արձագանքելու  է, եթե տեղի  ունենան ինչ-որ հրատապ դեպքեր․
«Նախաձեռնության գաղափարն իմը չէ, ինձ պարզապես զանգել և առաջարկել են։ Ես ինձ միշտ էլ տեսել եմ ոչ թե քաղաքական դաշտում, այլ փորձագիտական, մասնագիտական և հասարակական դաշտում, և սա իմ սրտով է»,- ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ առավել մանրամասն կներկայացնեն վաղը։