Անհարմար եմ զգում

Անհարմար եմ զգում

ՆԳ նախարարության հանրային իրազեկման վարչությունը հաղորդում է, որ «ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին եւ Հասարակական անվտանգության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Ցզինտաոյին»։ Հետո ԿԸՀ-ից ենք հաղորդագրություն ստանում. «Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը եւ Սիլյա Կասմանը հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին եւ նրանց է ներկայացրել ընտրական համակարգի զարգացման տեսլականը»։

Ապա կարդում եմ` ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-ին Հունգարիայի ՆԳ նախարարի հրավերով Բուդապեշտում էր, հանդիպման ժամանակ «Վահե Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի ՆԳ նախարարության բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով արձանագրված ձեռքբերումները»։

Մի պահ պատկերացնում եմ այս չինովնիկների եւ ՔՊ-ի իշխանությունում բարձր պաշտոններ զբաղեցնող շատ այլ անձանց պահվածքը, խոսքը, տեսքը, շարժուձեւը եւ, անկեղծ ասած, անհարմար եմ զգում, որ մեր պետությունը նման մարդիկ են ներկայացնում: Ոչ, ես սնոբ չեմ, ոչ էլ քաղքենի, բայց ցանկացած նորմալ մարդու նման գիտակցում եմ, որ իմ երկիրը ներկայացնող անձը ոչ միայն ներկայանալի տեսք պետք է ունենա, սահուն, գրագետ խոսք, կարողանա միտք արտահայտել` նման հանդիպումների ժամանակ, այլեւ քիչ թե շատ տիրապետի իր ղեկավարած ոլորտին, հասկանա` ինչ է պետությունը, եւ իր ղեկավարած կառույցն էլ ինչ առաքելություն ունի: Այն, որ Փաշինյանին քծնելով ու ծառայելով հասել են բարձր պաշտոնի, դեռ չի նշանակում, թե կարող են երկիր ներկայացնել: