Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակումը` ի պաշտպանություն լրագրողի

Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակումը՝ ի պաշտպանություն Batumelebi-Netgazeti հրատարակչական խմբի հիմնադիր Մզիա Ամագլոբելիի:
Լրագրողը մեղադրվում է հունվարի 11-ին Բաթումիում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու համար:
Անջատված հեռուստաալիքների էկրաններին հաղորդագրություն է տեղադրված․ «Այսպիսին կլինի Վրաստանն առանց ընդդիմադիր լրատվամիջոցների»:
Գործադուլի ավարտի ժամկետները դեռ չեն հաղորդվում: Քննության տվյալներով՝ Ամագլոբելին հարվածել է Բաթումի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին, ինչից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
Ինքը՝ լրագրողը, պնդում է, որ «պատահաբար դիպել է ոստիկանին ՝ փորձելով ազատել ձեռքը, որը ուժեղ սեղմել էր»։ Նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ Վրաստանում նոյեմբերի 28-ին բողոքի ակցիաներ են սկսվել՝ ի պատասխան ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների հարցը մինչև 2028 թվականը օրակարգից հանելու իշխանությունների որոշման: Հանրահավաքները պարբերաբար անցկացվում են երկրի տարբեր քաղաքներում, սակայն Թբիլիսիում դրանք համակարգված և մասշտաբային բնույթ են ստացել։
Կարծիքներ