Ավինյանի աներն ու ՊՊԾ նախկին պետը շների պատճառով են կռվել
Այսօր մամուլում լուր տարածվեց, որ բախում, ծեծկռտուք է եղել Տիգրան Ավինյանի աներոջ՝ Արթուր Պահլավունու եւ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի: Մենք տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել՝ պարզելու համար, թե Տիգրան Ավինյանի աներոջ՝ Արթուր Պահլավունու քթից ինչո՞ւ է արյուն եկել։ Իրավապահներին հաղորդումը Պահլավունին է ներկայացրել՝ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ Պահլավունին վնասվածք է ստացել։
Դեպքը տեղի է ունեցել «Երեւան ՋԷԿ»-ի տարածքում, որտեղ հիմա Հովհաննիսյանն աշխատում է որպես փոխտնօրեն։ «Հրապարակ»-ին պատմեցին, որ վեճի թեման շներն են եղել։ Պարզվում է՝ Ավինյանի աներն ամեն օր ՋԷԿ-ի տարածքում թափառող շներին կեր է տանում։ Այդ շները ձագեր են ունեցել ՋԷԿ-ի տարածքում, այս պահին մոտ 15 շուն է թափառում այնտեղ։ Նրան բազմիցս ՋԷԿ-ից հորդորել են՝ շներին հեռացնել տարածքից՝ ասելով, որ աշխատակիցները վախենում են։ Արդյունքում վեճ եւ բախում է եղել Պահլավունու եւ ՋԷԿ-ի փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի միջեւ:
Քիչ առաջ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից այս թեմայով պարզաբանում տարածեցին.
«14.11.2024 թվականին լրատվամիջոցներում առկա տեղեկատվության վերաբերյալ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն պարզաբանում է, որ Ընկերության աշխատակիցների միջև տեղի ունեցած վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցի շուրջ և չի կրել աշխատանքային բնույթ: Տարաձայնությունն առաջացել է ոչ աշխատանքային ժամի և աշխատավայրի տարածքից դուրս:Վիճաբանության մասնակիցներից մեկը ժամանած շտապօգնության մեքենայով գնացել է հիվանդանոց, որտեղ չունենալով գանգատներ, հրաժարվել է բժշկական հետազոտություններից և վերադարձել է բնականոն աշխատանքի»:
Կարծիքներ