Ես էլ եմ ժամանակին ասել, որ կորոնավիրուսն ում շունն է, բայց իրավիճակի փոփոխություն կա

Ես էլ եմ ժամանակին ասել, որ կորոնավիրուսն ում շունն է, բայց իրավիճակի փոփոխություն կա

Թեեւ իշխանության ներկայացուցիչներն իրենք են արդեն հայտարարում, որ Հայաստանում, կորոնավիրուսով պայմանավորված, մեղմ ասած, վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, ու վարակակիրների թիվն օրեցօր աճում է, եւ այդ իրավիճակը համեմատում են պատերազմական իրադրության հետ, այդուհանդերձ, իշխող թիմը խիստ կարանտինային ռեժիմին վերադառնալու անհրաժեշտություն գոնե այս պահին չի տեսնում: Կիրակի օրը պարետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Իմ քայլի» պատգամավորների հետ ու փաստել, որ վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ, ավելին՝ գուժել է, որ Հայաստանում այս իրավիճակը դեռ կշարունակվի, եւ հունիսի կեսերից մինչեւ հուլիսի կեսը լինելու է վարակվածության եւ մահերի պիկի շրջանը: Այդուհանդերձ ասել է, որ չեն կարող խիստ կարանտինի անցնել, քանի որ տնտեսությունն էլ մի լավ օրի չէ, եւ հերթական սահմանափակման արդյունքում կարող է միջին բիզնեսը նույնիսկ ոչնչանալ:

ԱԺ առողջապահության հանձնաժողովի անդամ, իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանը թեեւ կարծում է, որ ճիշտ կլինի խիստ կարանտինին վերադառնալը, բայցեւ ուրախությամբ նշում է, որ մարդկանց կուտակումների լուսանկարները վարչապետի էջում հրապարակվելուց հետո իրավիճակի էական բարելավում է նկատվում. քաղաքացիներն ավելի զգոն են դարձել։ 

- Եթե հենց այս պահին խիստ սահմանափակումների անհրաժեշտություն լիներ, պարետատունը նման որոշում կկայացներ, բայց, փաստորեն, մենք այն իրավիճակն ունենք, որ դեռ պետք չէ: Մենք հանրությանը կոչով դիմում ենք, հիմա ես գնալու եմ Գյումրի եւ հետեւելու եմ, որ մեր տարածքում պահպանվեն կանոնները, որոնք սահմանել է պարետատունը: Բազմաթիվ ճանապարհներից մենք այս պահին սա ենք ընտրել, եւ բոլորս զգում ենք հանրության աջակցության կարիքը: Պետք է բոլորս հաղթահարենք այս վիճակը:

- Մի քանի ամիս է՝ նման կոչեր են հնչում, թե՞ հակառակը՝ որ սովորական վիրուս է եւ այլն, բայց իրավիճակն ավելի է վատանում, հիմա նորից կոչ անելը որքանո՞վ է տեղին:

- Եթե զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն եք ուզում, ես ավելի խիստ միջոցների կողմնակից եմ, բայց այս ընթացքը նրա համար էր, որ մենք պարբերաբար խոսելով հանրության հետ՝ փորձել ենք փոխադարձ կապը հաստատել՝ իշխանություն-հանրության, որպեսզի վիրուսի լրջության կարեւորությունը լինի, հիմա մարդիկ լուսանկարներ են ուղարկում, վարչապետը տեղադրում է իր էջում, եւ ավելի լոկալ է հարցերին լուծում տրվում:

- Հիմա դա ի՞նչ է փոխում:

- Բա իհարկե, փոխում է, ես Գյումրու օրինակով եմ բերում, արդեն երկու օր է՝ հանրային ավելի մեծ զգոնություն կա, մարդիկ դիմակներով են, սպասարկման վայրերում եւ այլ տեղերում, քան մինչեւ այդ: Միգուցե վախի գործոնն է, որ կարող է վարչական տուգանք կիրառեն եւ այլն: Այնպես չէ, որ այս ամենն իրականացվում է տուգանելու համար, դա արվում է հանրային առողջության, ժողովրդի համար: Մինչ այս շատ բաներ են արվել, մեկուսացնելը, ցուցումները, եթե ոչինչ արված չլիներ, շատ ավելի վատ վիճակում կլինեինք, արվել է հնարավորինս ամեն ինչ: Իշխանությունն էլ ի՞նչ անի, եթե շատերը նույնիսկ չեն հավատում վիրուսի առկայությանը, մտածում են՝ չիպավորում են կամ չգիտեմ ինչ: Բացի այդ, դրան նպաստում են նախկին իշխանությունների ու նրանց արբանյակների կողմից մեդիադաշտում գրոհները:

- Նախկին իշխանություննե՞րն էին ասում՝ կորոնավիրուսն ում շունն ա, սովորական վարակ է, դիմակը չի օգնում․․․ դրա համար էլ ժողովուրդը չէր վախենում, արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք:

- Ես էլ եմ ժամանակին ասել, որ կորոնավիրուսն ում շունն է, բայց իրավիճակի փոփոխություն կա: Տարբեր ժամանակի համար պետք է տվյալ ժամանակահատվածին համապատասխան գնահատական հնչեցնել: Այո, մենք ժամանակին ասել ենք, բայց դա ոչինչ չի նշանակում, որ հիմա չպիտի ասենք՝ շատ ավելի լուրջ վերաբերվեք:

- Այսինքն, ինչ ուզենաք, կարող եք ասել ու անել, հետո ձեր ասածի ու անգործության պատճառով այս իրավիճակը ստեղծեք, բայց մեղքը գցեք ժողովրդի՞ վրա:

- Դրա պատճառով չի ստեղծվել այս իրավիճակը, իշխանությունը դա ասել է, բայց սահմանափակումներ էլ է մտցրել, բացի դրանից՝ ամբողջ աշխարհում է այսպես: Եվ, ի վերջո, այս վիճակն է, որովհետեւ մենք ժողովրդի հետ լիարժեք անկեղծ ենք:

- Ակնարկում եք, որ մյուս երկրները թաքցնո՞ւմ են վիճակագրությունը:

- Չէ, ես նման բան չեմ ասում, ասում եմ, որ անկեղծ ենք:

- Անկեղծությունն ի՞նչ կապ ունի այս իրավիճակի հետ:

- Մենք ամեն ինչով անկեղծ ենք ժողովրդի հետ՝ սկսած հաշվետվությունը, օրվա մեջ տարբեր հայտարարություններ:

- Ասացիք՝ կողմ եք խիստ կարանտինային ռեժիմին, ինչո՞ւ պարետատունը նման որոշում չի կայացնում:

- Ես, օրինակ, մեր տարածքում մի քանի տնտեսվարողի հետ եմ խոսել, մարդիկ բառացի ասել են՝ եթե սահմանափակումները սպասարկման ոլորտում մեկ ամիս էլ շարունակվեին, իրենք կփակեին իրենց օբյեկտները: Այստեղ տնտեսության հարցն է, վիրուսն արդեն իսկ էական վնասներ է հասցրել տնտեսությանը:

- Հիմա մարդկային կյանքե՞րն են կարեւոր, թե՞ տնտեսությունը:

- Իհարկե, մարդկային կյանքը վեր է ամեն ինչից, հիմա մենք եկել ենք մի ընդհանուր կետի, որ ժողովրդի հետ միասին գործել եւ դուրս գալ այս իրավիճակից:

- Ենթադրենք, ժողովուրդն ի գիտություն է ընդունել, որ կորոնավիրուսն ում շունն է, ու այդպես էլ ապրելու է, բայց պետությունը չպիտի՞ միջոցներ ձեռնարկի:

- Իհարկե՝ կգործադրի, արդեն գործադրում է, հիմա այդ նկարները որ վարչապետը հրապարակում է ու վարչապետն էլ ներկայացնում է դրա արդյունքում կատարված փոփոխությունը, դա պետությունը չի՞ անում: Ես կարծում եմ, որ այդ լուսանկարները շատ լուրջ ու մեծ ազդեցություն են թողնում այս պայքարում: