Զենքի անվան տակ տանում են, հետո՝ բաց թողում

Զենքի անվան տակ տանում են, հետո՝ բաց թողում

Ինչպես բոլոր ընդդիմադիրների, այնպես էլ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նկատմամբ իշխանությունը ճնշումների, ահաբեկման, ձերբակալությունների քայլեր է իրականացնում, որպեսզի իր դեմ պայքարը բարդացնի, վախեցնի, ահաբեկի: ՀՀՄ երիտթեւի ներկայացուցիչներին եւ համակիրներին դեռեւս սեպտեմբերի սկզբին` առանց որեւէ հիմնավորման, Ազգային անվտանգության ծառայություն էին կանչել: Այդ օրերին գրվեց, որ կանչել են Ժիրայր Կիրակոսյանին, Հրայր Խաչատրյանին և Անգել Սարգսյանին։ Այնուհետեւ նրանց ազատ էին արձակել, սակայն կուսակցությունը հայտարարություն տարածեց` դա անվանելով ահաբեկելու անհաջող փորձ։ Մոտ 20 օր առաջ էլ ոստիկանությունը գետնին տապալելով, քաքշելով բերման էր ենթարկել կուսակցության 8 անդամի, որոնք ողջ գիշեր Շենգավիթի բաժնում պահվելուց հետո ազատ էին արձակվել: Բաժնից ազատ արձակվելուց հետո բուժզննության էր ենթարկվել ՀՀՄ երիտմիության նախագահ Արմինե Սիմոնյանը, որի ձախ ուսի հատվածում կապանաջլային վնասվածք էր ախտորոշվել, հնարավոր՝ պատռվածքով։ 

Այսօր Արմինե Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ այդ ձերբակալությանը հետեւե՞լ են իրավապահների այլ գործողություններ իրենց նկատմամբ, նա ասաց՝ ոչ եւ ավելացրեց, որ ոստիկանների ապօրինի գործողությունների մասին հաղորդում են տվել, բայց դրա վերաբերյալ էլ որեւէ տեղեկություն չունեն։ Հաղորդումը ներկայացրել էին ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։ Կուսակցության մամուլի խոսնակը մեզ տեղեկացրեց, որ երիտթևի ներկայացուցիչների դիմումների հիման վրա քննչական կոմիտեում քրեական գործեր են հարուցվել։

Մենք այսօր նորից տեղեկություն ենք ստացել, որ կուսակցության մի խումբ համակիրների ոստիկանությունը կրկին բերման է ենթարկել։ ՀՀՄ-ի մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք տեղեկություն ունեն մեկ կնոջ բերման ենթարկելու վերաբերյալ, որը կուսակցության գործադիր մարմնի անդամ է։ «Կուսակցական մեկ հոգի է, մնացածը կուսակցության հետ որեւէ կապ չունեն»,- ասաց խոսնակը։ Ըստ նրա՝ սա հերթական ոտնձգությունն է իշխանության կողմից ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ․ «Բնականաբար սա իշխանության հերթական հետպանդումն է, որն արվում է վերջին ամիսներին։ Ոստիկանություն են տարվում է՛լ թմրամիջոցի համար, է՛լ չգիտեմ ինչի, զենքով տանում են` բաց են թողնում։ Ես չգիտեմ՝ իրենք ինչ են մտածել, ինչ են անում։ Այդ կնոջը տարել են, մենք կարծում ենք, որ նույն գործունեությունն է, որը վերջին ամիսներին իշխանությունը ծավալում է մեր նկատմամբ»։

Հիշեցնենք, որ ՀՀՄ-ն ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ստեղծած կուսակցությունն է: Պողոսյանը Մոսկվայում է եւ չի պատրաստվում վերադառնալ, քանի որ նրա նկատմամբ քրեական վարույթ կա եւ հետախուզում է հայտարարված, սակայն կուսակցության անդամները հատկապես վերջին շրջանում ակտիվ գործունեություն են ծավալում։