Ես հիմա աշխատում եմ Եվրոպական դատարանի իմ գործընկերների և ԵԽ ներկայացուցչի հետ

Ես հիմա աշխատում եմ Եվրոպական դատարանի իմ գործընկերների և ԵԽ ներկայացուցչի հետ

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ, Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, գտնվելով Մոսկվայում, այսօր հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի ներկիայացուցչի և ՄԻԵԴ իր գործընկերների հետ։ Նպատակը մեկն է՝ փորձել իր կապերով նպաստել, որպեսզի ՄԻԵԴ-ում ունենանք ի նպաստ Հայաստանի որոշում, երբ քննվի Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի ապահովման միջոցը։

«Ես արդեն հանդիպել եմ, նյութերը փոխանցել եմ, այսօր երեկոյան ևս պետք է հանդիպում լինի։ Նպատակը հետևյալն է՝ քանի որ Եվրոպական դատարանում քննարկվելու է Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու հարցը, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները հատկապես քաղաքացիական բնակչության նկատմամբ, ես հիմա հեռահար կարգով աշխատում եմ Եվրոպական դատարանի իմ գործընկերների հետ, և միաժամանակ հենց իրենց առաջարկությամբ ԵԽ՝ Ռուսաստանում գտնվող ներկայացուցիչների հետ, և իրավական տեսանկյունից քննարկում ենք, որ այդ հայցի ապահովման միջոցը շատ արագ և հօգուտ մեզ լուծում ստանա»,-ասաց Գևորգ Կոստանյանը։

-Իսկ մեր կառավարությունը տեղյա՞կ է, որ Դուք Մոսկվայում նման աշխատանքներով եք զբաղված։

-Ես բացարձակ կառավարության հետ որևէ առնչություն չունեմ, և դա որևէ նշանակություն չունի, որովհետև ես էլ իմ տրամադրության տակ եղած բոլոր նյութերը տրամադրում եմ, հիմնավորում եմ, որ Ադրբեջանի գործողությունները ագրեսիվ և պատերազմական հանցագործության բովանդակություն են կրում իրենց մեջ։ Եվ անհրաժեշտ է մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում, ընդ որում՝ երկկողմանի ապահովելու տեսակետից կիրառել հայցի ապահովման միջոցը հետագայում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական հայցի հիմքերն ապահովելու տեսակետից։

-Դուք այս պահին կարգավիճակ չունեք, Դուք ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչն եք, հիմա ի՞նչ կարգավիճակով եք այս ամենին ներգրավվել։

-Էստեղ ներկայացուցիչ լինել-չլինելու հարց չկա, էստեղ գործընկերային հարաբերությւուններն են, այսինքն՝ մեր բոլոր անձնական, մասնագիտական և պրոֆեսիոնալ կապերը, որը ես ունեմ Եվրոպայի խորհրդում և Եվրոպական դատարանում, փորձում եմ գործի դնել այս օրհասական վիճակում։

-Իսկ ի՞նչ արդյունքներ եք ակնկալում։

-Արդյունքները՝ ես հիմա առաջին փուլով ներկայացրի բոլոր հիմքերը, և օրվա երկրորդ կեսին անհրաժեշտ այլ քննարկումներ անելուց հետո նորից ինձ հետ հանդիպում են ունենալու։ Բայց այստեղ կարևորն այն է, որ բազմաթիվ միջազգային գործիքներ կան այս պահին, բացի Եվրոպական դատարանից, որոնք շտապ պետք է գործի դնել։ Հիմա ես նաև իմ ընկերների և գործընկերների միջոցով փորձում եմ այս հարցերը քննարկման առարկա դարձնել նաև Դատախազների միջազգային ասոցացիայի միջոցով։

-Իսկ ե՞րբ է նախատեսվում ՄԻԵԴ-ում այդ հայցի ապահովման միջոցի քննությունը։

-Կարող է այսօր էլ լինի, այսինքն՝ երկու-երեք օրվա ընթացքում պետք է առավելագույնս քննվի։

-Այսօր տեղի է ունենալու նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը Արցախի հարցով։ Դրա մասով ի՞նչ կարող եք ասել։

-ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը շատ կարևոր է և ստրատեգիական նշանակություն է ունենալու մեզ համար։ Դրա համար անչափ կարևոր է, որ այսօր հենց Հայաստանի կառավարությունը նաև դիմում ներկայացնի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով, որովհետև, ճիշտ է, այդ հանձնաժողովի ընթացակարգը բավականին երկար է, մինչև որոշում կայացնելը, բայց նկատի ունենենալով, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այսօր քննարկում է իրականացնելու Հայաստանի հետ կապված հարցով, տակտիկական առումով շատ կարևոր քայլ կլինի, որ մինչև անվտանգության խորհուրդում հարցի քննարկումը Մարդու իրավունքների հանձնաժողով ՀՀ կառավարության կողմից ներկայացված դիմում լինի։