Արցախի պաշտպանության բանակը միայնակ իրականացնում է ողջ Կովկասի պաշտպանությունը թուրքական իշխանության ռազմական ոտնձգություններից

 Արցախի պաշտպանության բանակը միայնակ իրականացնում է ողջ Կովկասի պաշտպանությունը թուրքական իշխանության ռազմական ոտնձգություններից

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյաան իր էջում գրում է.

«Տարբեր սողացող պատերազմներ հրահրելով Մերձավոր Արևելքում, իսկ վերջերս նվաճողական նկրտումների համար միջերկրածովյան հունական ափերից բառիս բուն իմաստով դուրս շպրտված Թուրքիան իր ուժերն այս անգամ փորձում է Հարավային Կովկասում՝ հայտ ներկայացնելով Արցախյան հիմնախնդրի լուծման մեջ նոր ֆորմատ ստեղծելու և գերակա դեր ստանձելու։
Այսօր տպավորություն է, որ Արցախի պաշտպանության բանակը միայնակ իրականացնում է ողջ Կովկասի պաշտպանությունը թուրքական իշխանության ռազմական ոտնձգություններից։ 
ՆԱՏՕ-ին անդամակցող Թուրքիայի ռազմական ագրեսիան  Արցախի նկատմամբ անհասկանալի իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում, և հարց է առաջանում՝ ինչ կապ ունի թուրքական զինուժի ներկայությունը Արցախյան բանակցային գործընթացում, և ինչ խնդիր է լուծում Թուրքիան՝ ամայացնելով հայերով բնակեցված հայկական հողը։ 
Արցախի պաշտպանության բանակի այսօր ընթացող մենամարտը թուրքական զինուժի հետ որևէ աղերս  չունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ։
Թուրքական ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ պիտի արժանանա միջազգային կառույցների խիստ դատապարտությանը։
Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում անգամ ամենազարգացած տնտեսությունը, ռազմական մեծ ներուժ ունեցող պետությունները միայնակ չեն կարող լուծել իրենց առջև ծառացած մարտահրավերները, այլ հանդես են գալիս տարբեր տնտեսական, ռազմական դաշինքներով, միություններով, որպեսզի միասին առաջ ընթանան զարգացման տարբեր ծրագրերով,  իսկ ռազմական ոտնձգությունների ժամանակ միասին դիմակայեն փորձությունները։
Ես վստահ եմ, այս հարձակումից մեր երկիրը դուրս կգա հաղթանակած, անշուշտ մաքրված  ներքաղաքական ապազգային հոսանքներից,  և իբրև փոքրիկ, բայց ուժեղ կամային հատկանիշներով պետություն՝ անհրաժեշտություն կառաջանա ճշտելու իր համախոհների և դաշնակիցների շրջանակը։