Բաց նամակ ՀՀ վարչապետին և կրթության նախարարին

Բաց նամակ ՀՀ վարչապետին և կրթության նախարարին

Հայտնում ենք Ձեզ, որ 2019թ. հունիսի 24-ին եւ 27-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ի «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի, Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության ավագ դպրոցների համար գույքի եւ լաբորատոր սարքերի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի ներկայացված թիվ 2 խմբաքանակի (քիմիայի լաբորատոր սարքավորումներ) փաթեթը փորձագետի եւ նախարարության կողմից ներկայացված է խիստ թերություններով եւ մասնագիտական ցածր մակարդակով:

Մասնավորապես՝ ըստ մրցույթով հայտարարված թիվ 2 խմբաքանակի (քիմիայի լաբորատոր սարքավորումներ) ցուցակի, թիվ 1, 6, 9 ապրանքատեսակները լաբորատոր սարքեր չեն, իսկ ընդհանրապես մրցույթին ներկայացված ցուցակում տարբերակված չէ լաբորատոր ապակեղենը լաբորատոր սարքերից: Նշենք նաեւ, որ ցուցակով նախատեսված թիվ 2, 12, 14, 15, 31, 42, 46 ապրանքատեսակներն ավելորդ են, եւ դրանց միջոցով լաբորատոր փորձեր ծրագրով նախատեսված չեն:

Այդ թերությունների եւ բացթողումների մասին Ձեզ եւ ԿԳՄՍ նախարարին տեղեկացրել ենք (15.07.2019) գրավոր դիմումով, որի պատասխանը մինչ օրս չենք ստացել: 

Այժմ, նկատի ունենալով քննարկվող հարցի կրթական եւ ֆինանսական մասշտաբայնությունն այդ համատեքստում, անհրաժեշտ ենք համարում Ձեզ հայտնել հետեւյալը. հաշվի առնելով հանրակրթական դպրոցներում քիմիա առարկայի ուսուցումն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար լաբորատոր փորձերի կատարման եւ ցուցադրման կարեւորությունը՝ մեր մասնագետների կողմից 2000-2002 թթ․ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ մշակվել է քիմիայի դպրոցական լաբորատորիայի լրակազմ (կոմպլեկտ), որը 2001-2002թթ․ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հայտարարված դպրոցական լաբորատոր կոմպլեկտների մրցույթում ճանաչվել է լավագույնը եւ նախարարության քիմիայի առարկայական հանձնաժողովի երաշխավորությամբ եւ ԿԳ նախարարի հրամանով (Հր. №Մ-97) ներդրվել է ՀՀ եւ ԱՀ շուրջ 200 դպրոցներում, 4 ռազմական վարժարաններում, 2 բուհում՝ արժանանալով մասնագետների հավանությանը: 
Հետագայում լաբորատոր լրակազմը վերանայվել եւ վերամշակվել է ավագ դպրոցներում քիմիա առարկայի դասավանդման նոր ծրագրերի չափորոշիչներին համապատասխան, որն իր մեջ ներառում է անհրաժեշտ քիմիական նյութեր, լաբորատոր սարքեր եւ ապակեղեն, լաբորատոր կահույք, ցուցանմուշներ, ցուցապաստառներ, մոդելներ եւ օժանդակ գրականություն:

Սակայն, սկսած 2008-ից, պետական բյուջեի միջոցներով ՀՀ են ներկրվել չինական արտադրության անորակ բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա) լրակազմեր, որոնք բացարձակապես չեն համապատասխանում ՀՀ կառավարության կողմից հաստատված բնագիտական առարկաների ծրագրային դրույթներին եւ չափորոշիչներին: 

Այս արատավոր գործընթացը շարունակվում է մինչ օրս, քանի որ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկ են ներկայացվել բնագիտական լաբորատորիաների լրակազմեր՝ մեկ փորձագետի եզրակացությամբ, շատ թերություններով եւ բացթողումներով: Այնինչ անհրաժեշտ էր մասնագիտական խմբի կամ առարկայական մասնագիտական հանձնաժողովների քննարկման արդյունքում ձեւավորել այդ լրակազմերը: Այլապես ստացվում է, որ ՀՀ ԿԳՄՍՆ «Ծրագրերի կենտրոն»-ի կողմից 27.06.2019 թ․ հայտարարված մրցույթի փաթեթում բերված՝ ավագ դպրոցների համար նախատեսված լաբորատոր սարքավորումները եւ պարագաները հազիվ բավարարեն ավագ դպրոցների քիմիայի ծրագրերով նախատեսված փորձերի եւ ցուցադրումների 30-40%-ն իրագործելու համար:

Նշենք նաեւ, որ հայտարարված մրցույթի պայմաններն անհաղթահարելի են տեղական արտադրողի համար, ինչը հակասում է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությանը, այն է՝ խթանել տեղական արտադրողին, ինչի մասին Դուք հայտարարում եք ամենուր եւ Ձեր բոլոր ելույթներում: Ստացվում է՝ տվյալ դեպքում ասում եք մի բան եւ անում հակառակը, ինչի արդյունքում ծախսվում են վարկային եւ բյուջետային միջոցները, իսկ դրանցից սպասվելիք ակնկալիքները դառնում են, մեղմ ասած, նվազ արդյունավետ:
Հաշվի չառնելով մեր բերած փաստարկները եւ հիմնավորումները՝ ԿԳՄՍՆ-ի ԾԻԳ ՊՀ-ն, այնուամենայնիվ, անցկացրեց մրցույթը, որին դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաեւ մեր ներկայացուցիչը: Վերլուծելով մրցույթին մասնակցած չորս արտասահմանյան կազմակերպությունների առաջարկած գները թիվ 2 խմբաքանակի (քիմիայի լաբորատոր սարքավորումներ) համար եւ այն համադրելով նույն սարքավորումների խմբաքանակի համար մեր կազմակերպության գործող գների հետ՝ հանգում ենք հետեւյալին.

Բոլոր չորս առաջարկվող գները գերազանցում են մեր գործող գներին՝ հետեւյալ համամասնությամբ․
1. Իտալիա  -  2.2 անգամ
2. Ղազախստան  -  3 անգամ
3. Ռուսաստան   -   1.65 անգամ
4. Հայաստան-Չինաստան -  2.27 անգամ

Եզրակացությունները թողնում ենք Ձեզ:


Բաբկեն ԲԱՅԱԹՅԱՆ 
Քիմիական գիտությունների թեկնածու                             
ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր