Երբ չափ ու սահման չի՛ք

Երբ չափ ու սահման չի՛ք

Կարգազանց վարորդների հաշվին կերած-խմած, հղփացած ավտոտեսուչը հոգին ավանդում է եւ, բնականաբար, հայտնվում Աստծո դատաստանի առաջ: 

- Որդյա՛կս, Դուք բազմաթիվ մեղքեր եք գործել երկրային կյանքում: Այդ իսկ իրողությունից ելնելով, երկնային սուրբ ատյանը Ձեզ դատապարտում է դժոխքի հավիտենական տանջանքներին: Գնացեք եւ Ձեր մեղքերը քավեցեք դժոխքի խավար զնդաններում:

- Հոպլո ջան, նայեք, հա, աչքիս՝ կարմիր լույսի տակով եք անցնում: Կարող ա՞  տեղը չեք բերում կամ չեք ֆայմում, թե որը որից հետո է,- իր հերթին հոխորտում է ավտոտեսուչը եւ հավելում,- էնենց չանեք, որ հենց հիմա, առանց դատ ու դատաստանի, ձեռքերդ ու ոտներդ կանդալեմ ու կզցրած ուղարկեմ Կոշի գաղութ:

- Որդյա՛կս, հասկացեք վերջապես, որ Դուք արդեն իսկ ավանդել եք Ձեր հոգին եւ այժմ գտնվում եք Աստծո երկնային տիրույթում: Դուք պարտադրված եք հարգել Աստծո սուրբ խորհուրդներն ու պատվիրանները:

- Հոպլո ջան, Աստված եք, ով եք՝ դա ձեր պրոբլեմն ա: Աստված չէ, թեկուզ Կոնդի Օղալը լինեք կամ Բանգլադեշի Բրիտվան: Հաստատ ձեզանից վախեցող չկա: Իմ վախը վաղուց ա չափված: Իսկ դուք գիտե՞ք, որ ես, ավտոտեսուչ լինելով հանդերձ, նաեւ «Իմ քայլը» կուսակցության անդամ եմ, ընդ որում՝ ոչ շարքային անդամ: Հոպլո ջան, գոնե հիմա հասկացա՞ք, որ կրակի հետ եք խաղում, թե՞ շարունակեմ հասկացնել:

Այդ գռեհիկ ցնդաբանությունները լսելուց հետո Երկնայինը կարծես անհետացավ ավտոտեսուչի տեսադաշտից: Հաշված ժամանակներ անց, երբ քաջարի հերոսը տեղավորվել էր իրեն արժանի մութ ու խավար տանջարանում, նոր միայն կարողացավ հասկանալ, որ ոչ թե իր կարծեցյալ «հոպլո»-ն է կրակի հետ խաղացել, այլ հենց ինքը՝ իր գռեհիկ ցնդաբանություններով հանդերձ:

Լեւոն Խաչատրյան