Կարծում եմ՝ քաղաքապետը իր կնոջը պետք է որոշակի չափերի մեջ պահի․ ՀՈԱԿ-ի աշխատակիցները բողոքում են նոր տնօրենից

Կարծում եմ՝ քաղաքապետը իր կնոջը պետք է որոշակի չափերի մեջ պահի․ ՀՈԱԿ-ի աշխատակիցները բողոքում են նոր տնօրենից

 «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի արդեն նախկին աշխատակիցներն ասօր ճեպազրույցի էին հրավիրել լրատվամիջոցներին՝ բարձրաձայնելով այդ ՀՈԱԿ-ում տեղի ունեցածի մասին։ 

Նրանք միաձայն պնդում էին, որ նորանշանակ տնօրեն Արա Աղայանը աշխատանքից ազատել է մի քանի հոգու եւ մեկ հղի կնոջ պատրաստվում է ազատել։

Նրանց խոսքով՝ պատճառների մասին տնօրենը չի խոսել, միայն ծանուցում է ուղարկվել՝ տեղյակ պահելով աշխատանքից հեռացման մասին։

Խոսելով Հայկ Մարությանի կնոջ՝ Իվայի միջամտություններին մասին,  աշխատակիցներից մեկը, պատասխանելով մեր հարցին՝ ասաց, որ ամեն օր Մարությանի կնոջը տեսել է ՀՈԱԿ-ում․ «Ես բավականին շուտ եմ գալիս աշխատանքի, մինչեւ ժամը 9-ը, եղել է, որ ես եկել եմ, ինքն արդեն ՀՈԱԿ-ում է եղել: Առնչվել ենք որոշ հարցերում: Ինչ-որ բաներ հարցրել է, պատասխանել եմ: Հրահանգներ չի տվել, բայց խնդրել է դիմում ընդունել աշխատանքի մեկ անձից: Չեմ կարող ասել ում համար, որովհետեւ դա անձնական տվյալ է»։

ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի լրատվության բաժնի նախկին ղեկավարն ասաց, որ ըստ խոսակցությունների՝ Իվա Մարությանը որոշել է կադրային քաղաքականությունը վարել․ «Անգամ այն հաստիքը, որը ես եմ զբաղեցնում, դրա շուրջ վեճ է եղել, որ ինքն իր մարդուն պետք է բերի նշանակի: Այդպիսի շատ հաստիքներ կան: Հին տնօրենը դրան դեմ է գնացել եւ պատճառներից մեկը, ըստ խոսակցությունների, դա է, որ լարվել են հարաբերությունները իրար միջեւ»։

Արդեն նախկին աշխատակիցները նաեւ նշեցին, որ նորանշանակ տնօրենն արհամարհում է աշխատակազմին, անգամ չի բարեւում․ «Ինքը եկել է, իրեն ժպիտով ընդունել ենք, իրեն ներկայացնելուց հետո, դուրս եկավ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահե Խաչատրյանը եւ բոլորիս առջեւ խոստացավ, որ կադրային ջարդ չի լինելու, մենք շարունակելու ենք նորմալ աշխատել, բայց արհամարհանքն ու վատ վերաբերմունքը շարունակվում է մինչեւ այսօր։ Շուտով 1 ամիսը կլրանա, որ ստանձնել է այդ պաշտոնը, բայց 1 աշխատակցի հետ նույնիսկ չծանոթացավ»։

Ճեպազրույցին ներկա էին նաեւ ավագանու անդամներ ընդդիմադիր խմբակցություններից։
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն, անդրադառնալով Մարությանի կնոջ միջամտություններին՝ ասաց.«Քաղաքապետի եւ նրա կնոջ կապվածաությունը բոլոր նորաստեղծ հիմնարկներին եւս ակնհայտ է, որեւէ մեկը թող չփորձվի սա մեկնաբանել որպես աշխատանք, այդ թվում նաեւ քաղաքապետը, որ իմ կինն ինձ օգնում է։ Շատ ուրախ ենք, որ ձեր կինը ձեզ օգնում է, բայց կլինի՞ քաղաքային խնդիրների մեջ քիթը չխոթի, որովհետեւ մասնագետ չէ, որովհետեւ պաշտոնյա չէ։ Արդեն 2 տարին լրանում է, ամեն օր լսում ենք քաղաքապետի կնոջ ոդիսականների մասին: Սա ես համարում եմ աննորմալ, կարծում եմ՝ քաղաքապետը իր կնոջը պետք է որոշակի չափերի մեջ պահի»։