Կարեւոր տարբերություն

Կարեւոր տարբերություն

Շատերը վստահ են, որ Արայիկ Հարությունյանն «Արցախի Նիկոլն» է, եւ նրա մեղքը փոքր չէ այս իրավիճակի հարցում: Պնդում են նաեւ, որ նա ամեն հարցում «ճշտվում» է Փաշինյանի հետ եւ հլու-հնազանդ կատարում նրա հրամանները: Գուցե` չեմ վիճում: Սակայն մի հարցում, այնուամենայնիվ, Արայիկ Հարությունյանը շահեկանորեն տարբերվում է ՀՀ վարչապետից, եւ դա բավականին կարեւոր տարբերություն է: Ի տարբերություն Փաշինյանի, Արայիկ Հարությունյանը երբեւէ իր հակառակորդներին չի հայհոյել, հասարակությունը չի պառակտել, ձգտել է համագործակցության եզրեր գտնել անգամ նրանց հետ, ովքեր չեն ընդունում իրեն: Երեկ նրա ուղերձը, որի գլխավոր իմաստը Ռուբեն Վարդանյանի հեռացումն էր, ինչը շատերի կողմից վատ ընկալվեց, հստակ ի ցույց դրեց սա:

Ահա թե ինչ է ասում Արցախի նախագահը. «Փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը շատ կարեւոր է ներսում: Բոլորը պետք է գիտակցեն, որ մենք ներսում թշնամիներ չունենք, մենք ընտրել ենք մեր հայրենիքում ապրելու եւ պայքարելու արժանապատիվ ճանապարհը, եւ բոլորս պայքարի նույն շարքում ու դիրքում ենք գտնվում: Ուստի, ակնկալում ու պահանջում եմ, որ բոլորս վարվենք կուռ պայքարի տրամաբանությամբ՝ միասնական լինելով մեր նպատակների ու արժեքների շուրջ, ոչ թե՝ անձանց, այդ թվում՝ իմ, քանի որ մեր ներքին պառակտումների գլխավոր պատճառը սովորաբար լինում է անձնավորված մոտեցումների մեջ: Մենք պետք է հասկանանք, որ Արցախում ներքին անկայունությունը, ցնցումներն ու հակադրությունները լրջագույն վտանգ են ներկայացնում, կարող են էականորեն վնասել մեր շահերին»: Այս տեքստն ուղղակի ապտակ է ընդդիմության հասցեին լուտանքներ թափող, քրեական գործեր հարուցող, իր ուսապարկերին նրանց վրա քսի տվող, հանրությանն անվերջ պառակտող Փաշինյանին: