10 միլիոնանոց ազգ-բանակով 3 օրվա մեջ պարտադրենք այնպիսի իրավիճակի փոփոխություն, որ օրակարգ թելադրող մենք լինենք․ Թևան Պողոսյան

10 միլիոնանոց ազգ-բանակով 3 օրվա մեջ պարտադրենք այնպիսի իրավիճակի փոփոխություն, որ օրակարգ թելադրող մենք լինենք․ Թևան Պողոսյան

Այսօր առավոտյան ժամը 08։00-ից պետք է ուժի մեջ լիներ երեկ համաձայնեցված թվով երրորդ հրադադարը, սակայն Ադրբեջանի Հանրապետությունը խախտեց այն։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են հոկտեմբերի 29-ին հանդիպել Ժնևում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի ուղղությամբ քայլերը քննարկելու համար:

«Հրապարակը» ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ օրակարգով, ի՞նչ ծրագրով է պետք գնալ Ժնև։

«Երեկ արդեն հայտարարության մեջ նշված էր օրակարգը, ընդհանուր իմաստով պետք է բանակցեին ինչ-որ այդ օրակարգի շուրջ, դիցուք՝ եթե հումանիտար հրադադարը պահպանվեր, հրադադարի մասին, արդյունքների, հետագա քայլերի մասին և այլն, և այլն։ Բայց քանի որ այլևս հումանիտար հրադադարը պահպանված չէ, ապա 29-ի հանդիպումը, ինձ թվում է, միտված է լինելու միայն և միայն փորձել բանակցել հումանիտար հրադադարի պահպանման, հարգման հարցերի շուրջ և այլն։ Կամ, այսօր ամսի 26-ն է, ճի՞շտ է, մինչև ամսի 29-ը երեք օր ունե՞նք, իսկ ո՞վ է ասել, որ երեք օրվա ընթացքում, կարող է, իրական հողի վրա իրավիճակ չփոխվի։ Այնպես որ, եթե հարցնում եք՝ «ի՞նչ օրակարգով պետք է գնանք», օրակարգը թելադրելու է նույնիսկ հանդիպումից 1 րոպե առաջ հողի վրա տեղի ունեցածը։ Եթե մենք միասնական, մեր 10 միլիոն ազգով, ամեն մեկն իր ռազմական ուղղությամբ, իր պատերազմական առաջնագծում, տնտեսական, քաղաքական, լրատվական, դիվանագիտական և ամենակարևորը  մարտի դաշտում, հողի վրա Արցախի Հանրապետությունը կարողանա իր գործն այլ ձևով կատարել, ուրեմն դրանից մեկ րոպե առաջ կարող է օրակարգ փոխվել»,- նշեց Պողոսյանը։

Քաղաքագետը հավելեց, թե ասել՝ ի՞նչ օրակարգ է լինելու հոկտեմբերի 29-ին, կարելի է ենթադրել միայն հետևյալից՝ երեկ ասվել էր, թե ինչով էին ծրագրավորում, բայց արդեն այսօր կա փոփոխություն, և ամեն ինչ կախված է լինելու, թե ինչ վիճակ է լինելու հանդիպումից (եթե այդ հանդիպումը տեղի ունենա) 1 րոպե առաջ մարտի դաշտում ստեղծված իրավիճակում։ «Եվ այդ օրակարգի ձևավորումը կախված է մեզանից։ 10 միլիոնով մենք բռունցք կդառնանք, ազգ-բանակի նման համայն հայությամբ կկարողանանք այս 3 օրվա մեջ իրավիճակ փոխել, կգնանք մեր օրակարգով։ Եթե չգնանք, մեզ ինչ-որ օրակարգեր են պարտադրելու»,- ընդգծեց ՀՀ նախագահի խորհրդականը։

Հարցին՝ դիցուք, բանակցութուններ են, տեսականորեն դրվում է տարածքներ հանձման հարց, կարո՞ղ է դրվել Շահումյանի, Գետաշենի, Արծվաշենի վերադարձի հարցը, Պողոսյանը պատասխանեց, որ հարցը հասկանում է, սակայն պետք է այս պահին «տեսականորենները» մի կողմ դնել և մեզ համար ձևավորել պրակտիկ, իրական, մեր շահերից բխող օրակարգ։ 

«Պարզապես չեմ համարում, որ լրատվական դաշտի պատերազմը պետք է տեսականորեն ինչ-որ խնդիրներ անի։ Հազարավոր հարցեր կարելի է բերել, դրա մասին չէ խոսքը։ Ինձ հետաքրքրում է իրական, պրակտիկ աշխատանքը։ Դրա համար ձեր աշխատանքը պետք է միտված լինի՝ դնենք ոչ թե սրա-նրա այս հարցերը մի կողմ, այլ այսօրվա դրությամբ իրավիճակ փոխենք հողի վրա, մարտադաշտում և հենց այդ օրակարգի պարտադրանքով մտնենք այդ սենյակ, ամսի 29-ին, եթե այդ հանդիպումը տեղի է ունենալու, նորից եմ ասում։ Որ ասում եք՝ «կարո՞ղ է», կարող է, ամեն ինչն էլ հնարավոր է»,- շարունակեց նա։

Ըստ Պողոսյանի՝ այսօր շատ կարևոր է Արցախի ճանաչումը․ «Իսկ ո՞վ ասեց, որ 3 օրվա մեջ պետք է չաշխատենք, որ ճանաչման որևէ մի երկրի փաստաթղթով մտնենք այդ սենյակ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այնպիսի իրավիճակ փոխենք մինչև հոկտեմբերի 29-ը, եթե հանդիպումը կայանա, մենք այդ սենյակ մտնելիս կարողանանք մեր օրակարգը դնել սեղանին ու պարտադրել։ Նայեք, Դուք հարց եք տալիս, Ալիևը նույն այսօրվա դրությամբ աշխարհի առջև ճնշում է իր օրակարգը, տարբերությունը զգո՞ւմ ենք։ Ա՛յ, մենք էլ պետք է այդ վարքագծով շարժվենք, մենք պետք է պարտադրենք»։


Քաղաքագետի խոսքերով՝ ամեն ոլորտ իր մարտադաշտն ունի, և այդ մարտադաշտում պետք է պայքարը տանի։ «Լրատվական դաշտն իր մարտադաշտն ունի, մենք էլ ամեն մեկն իր տեղում՝ քաղաքագետներն իրենց տեղում, տնտեսագետներն իրենց տեղում, բոլոր մեր կամավորագրված, զինվորագրված տղաները իրենց տեղում։ Ինչի՞ եմ ասում՝ «10 միլիոնով պետք է դառնանք ազգ-բանակ», իսկ ո՞վ է ասել, որ երեկ, այսօրվա մեջ մեր սփյուռքի կառույցները չպետք է տարբեր երկրներում այնպիսի իրավիճակ փոխեն, որ այդ իրավիճակով մտնենք ամսի 29-ին։ Սա է կարևորը, մենք այս օրակարգով պետք է ապրենք ամեն վայրկյան, միասնական 10 միլիոնանոց ազգ-բանակով 3 օրվա մեջ  պարտադրենք այնպիսի իրավիճակի փոփոխություն, որ օրակարգ թելադրող մենք լինենք և մենք մտնենք այդ սենյակ մեր օրակարգով, ոչ թե ուրիշների օրակարգերը փորձենք քննարկել»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։