«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ճնշում է գործադրում դատարանի նկատմամբ

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ճնշում է գործադրում դատարանի նկատմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու համար մեղադրվող՝ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գայանե Հակոբյանի կալանքը վերաքննիչ դատարանը փոխել էր` նշանակելով տնային կալանք։ Երեկ պարզվեց, որ գործը կայծակնային արագությամբ քննել են եւ ուղարկել դատարան: Հենց առաջին դատական նիստում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշեց տնային կալանքը փոխել եւ 1 ամիս 15 օր կալանք տվեց: Ահա եւ իշխանությունների հետ համագործակցելու արդյունքը: Մենք զրուցել ենք իրավաբան Գոհար Մելոյանի հետ:

- Գայանե Հակոբյանը կրկին կալանավորվեց: Հանրային պահանջն այն էր, որ զոհվածի մորն ազատ արձակեն, այս որոշումն ինչի՞ մասին է խոսում:

- Այս գործն ունի էմոցիոնալ նրբերանգներ, որը տարբերվում է նմանատիպ բոլոր գործերից: Խոսքը զոհված հերոսի մոր մասին է: Հուզական կողմն այս գործում շատ է, այնուամենայնիվ, այնպես չէ, որ առիթից օգտվելով՝ տիկին Գայանեն ծեծել կամ վնասել է Աշոտ Փաշինյանին: Հանրությանը տեսանելի փաստեր, տեսանյութեր կան: Մեր հասարակությունը մշտապես բարոյական նորմեր է ունեցել, եղել են կարմիր` անանցանելի գծեր, որոնք չեն հատվել երբեք: Մեզ նման հասարակությունների համար սա խիստ անընդունելի է: Չեմ զարմանում, որ Գայանե Հակոբյանը նորից կալանավորվեց... ես սրան սպասում էի: Ուժին ենթարկվող հպատակ իրավապահ մարմիններ, այդքան բան…. Հայ հասարակությունը նահատակված տղաների ծնողների նկատմամբ մշտապես առանձնահատուկ հարգալից վերաբերմունք է ունեցել:

- Ի՞նչ վտանգ կարող է իրենից ներկայացնել Գայանե Հակոբյանը:

- Սա հերթական օվերտոնի պատուհանն էր, որ բացվեց: Հերթական կարմիր գիծը հատվեց, վերջին 5 տարվա ընթացքում հերթական անգամ արժեհամակարգը կազմալուծելու փորձ է արվում: Փորձում են մեզ դարձնել ցածրորակ ու հեշտ կառավարելի: Զոհվածի ծնողին դատելն ու փնովելը դարձնում են նորմալ: Նույնիսկ զոհվածների ծնողներին են բեւեռացրել, ինչպես մեզ բաժանեցին սեւերի ու սպիտակների:

- Իշխանությունն ասում է` հանցագործը հանցագործ է, անկախ նրանից, թե ով է հանցանք կատարած անձը, սակայն հարց է առաջանում՝ ո՞րն է Գայանե Հակոբյանի հանցանքը:

- Կա վիճակագրություն, անգամ անհամեմատ ծանր հանցագործությունների պարագայում, օրինակ` երբ զենք է կիրառվել, դանակահարություն է տեղի ունեցել եւ այլն, հանցանք կատարած անձի նկատմամբ ի սկզբանե կալանք չի կիրառվում՝ որպես խափանման միջոց: Կիրառվում է գրավ կամ տնային կալանք: Տիկին Գայանեն չի խուսափում պատասխանատվությունից... մարդու իրավունքների տեսանկյունից, իրավական պետությունների պարագայում չի կարող խափանման այս միջոցն օգտագործվել որպես պատժիչ գործիքակազմ, սակայն հատկապես 2018-ից հետո, քաղաքական հայացքների համար` խափանման միջոցը, որպես կալանք, դարձել է մահակ: Այսինքն` մարդկանց պատժում են իրենց քաղաքական հայացքների համար: Փորձ է արվում վախեցնել հասարակությանը, հատկապես զոհվածների ծնողներին:  Կոնկրետ այս գործը քաղաքական նրբերանգ ստացավ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ կատարվածը հանցագործություն է: Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն ճնշում է գործադրում դատական իշխանության նկատմամբ՝ տալով կոնկրետ գործի ընթացքի կոնկրետ ուղղությունը: