«Հրապարակ». ՀԿ-ների իրավունքը ոտնահարող դրույթը հանվել է

«Հրապարակ». ՀԿ-ների իրավունքը ոտնահարող դրույթը հանվել է

Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծի մեջ կար դրույթ, որն արգելում էր հասարակական կազմակերպություններին ունենալ տեսալսողական մեդիա. ինչո՞ւ՝ հարցրինք նախագծի համահեղինակ Վահագն Թեւոսյանին։ «Նման դրույթ, այո, կար, սակայն արդեն հանվել է»: Ինչո՞ւ եք հանել։ «Որովհետեւ, ըստ էության, հասարակական կազմակերպությունը եւ տնտեսվարողը` շահույթ հետապնդող կազմակերպությունը, գրեթե նույն իրավազորություններն ունեն, տարբերությամբ, որ ուղղակի ՀԿ-ն շահույթ չի բաշխում, այլ շահույթը տնօրինում է կանոնադրական նապատակների համար, իսկ տնտեսվարողը շահույթը բաշխում է, իսկ եթե երկուսին էլ տնտեսվարման իրավասություն է տրված, ապա մեդիա-ծառայությանը դիտարկելով որպես տնտեսվարման ձեւ, զրկել ՀԿ-ներին դրա իրավունքից, կարծում եմ` իրավունքի խախտում է»:  Տեղեկություններ կային, որ այդ դրույթը, որն արդեն հանվել է, անհանգստություն էր պատճառել սորոսականների, Բաց հասարակության հիմնադրամի հետ համագործակցող ՀԿ-ներին։

Նրանք կարծում էին, որ դա իրենց դեմ է, որ սահմանափակվի իրենց ազդեցության դաշտը: «Ես տեղյակ չեմ դրանից, նման հարցով ինձ որեւէ մեկը չի դիմել, եւ գտնում եմ, որ իրավունքներն ընդհանուր են»: Էդ դեպքում ինչո՞ւ էր կանխավ այդ դրույթը ներառվել։ «Կանխավ կարող էինք դիտարկել, պարզապես այնտեղ նախապես գրված էր այլ բառ, որը հետո խմբագրվեց, գրված էր` «քաղաքական-հասարակական» եզրույթ, եւ քանի որ դիտարկել ենք, որ քաղաքականը կուսակցություններն են, ընդամենը տեխնիկական խնդիր է եղել՝ շտկել ենք, ուրիշ խնդիր չի եղել»: Իսկ մեր տեղեկություններով, «սորոսականները» պատրաստվել են բողոքի «նոտա» հղել, համոզված են եղել, որ առանց Փաշինյանի այդ դրույթը չէր լինի։ «Ձեր իրավունքն է հավատալ-չհավատալը, ես առաջին անգամ եմ նման բան լսում»: