Որքանո՞վ է հարիր նման դիրքորոշումը բարձրակարգ տեխնիկական գիտելիքի տիրապետողին 

Որքանո՞վ է հարիր նման դիրքորոշումը բարձրակարգ տեխնիկական գիտելիքի տիրապետողին 

Երեւանի պետական համալսարան: 1960-1980-ականները համալսարանի բարգավաճման, բարձր վարկանիշի ժամանակահատված կարելի է համարել: Հարկ չկա թվարկելու Հայաստանի գիտության եւ կրթության երախտավորների անունները, որոնցից յուրաքանչյուրն ակնածանք ու հպարտություն է առաջացնում: Միայն այն, որ համալսարանը պատրաստում էր առաջնակարգ մասնագետներ միջուկային ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության բնագավառներում, արդեն խոսուն է:  

Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան` Ռուսաստանի ժողովուրդների մշակութային ժառանգության հատկապես արժեքավոր օբյեկտ: Համալսարանների QS 2019/2020 միջազգային վարկանիշում զբաղեցրել է 284-րդ տեղն աշխարհի ТОР-1000 համալսարանների շարքում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանը (ծնվ. 1960 թ.) 1982 թվականին ավարտել է ԵՊՀ-ն, իսկ 1987-ին՝ Բաումանի անվան տեխնիկական համալսարանը: Այսինքն, բարձրակարգ, կարելի է ասել՝ world class կրթություն ստացած, տեխնիկական գիտելիքներ ունեցող բացառիկ անձնավորություն է, ով կարող էր լինել, օրինակ, Պոլիտեխնիկի ռեկտոր, ինչը մեծ պատիվ ու հեղինակություն կլիներ այդ համալսարանի համար: Էլ չասենք, թե նրա գիտական ղեկավա-րությամբ ինչ թռիչք կունենար արդյունաբերությունը, այդ թվում՝ պաշտպանական… Բայց «ճակատագրի քամին» նրան տարել է քաղաքականություն: Ափսո՜ս:

Սեպտեմբերի 21-ին վարչապետի ուղերձում տեղ գտած՝ «Հաղթելու համար պարտադիր չէ պատերազմում հաղթել» արտահայտության եւ պատերազմի առաջին օրերին նրա հնչեցրած «եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարի» մտքի միջեւ զուգահեռներ տանելու մասին պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեկնաբանել է. «Դու կարող ես հաղթող դիրք ունենաս, եթե տնտեսության, գիտության մեջ եւ այլ բնագավառներում ունենաս այնպիսի ձեռքբերումներ, որոնք լինեն որոշիչ աշխարհագրական տարածաշրջանային հարաբերությունների ընթացքում: Գերմանիան 39 թվականից համաշխարհային պատերազմի մեջ էր եւ ի՞նչ արդյունք ունեցավ այդ առումով: Այո` ոչ մի, իսկ այսօր ունի հեգեմոն դեր»:

Հռետորական հարցեր պարոն Աղազարյանին. «Իսկ Գերմանիայում ռեկտոր-ներին հալածե՞լ են, իսկ «Ռեստարտի» ու նման բաների մասին ի՞նչ կասեք: Ձեր հոգում ինչ-որ բան կատարվո՞ւմ էր, արդյոք, երբ խուժանը ոտնատակ էր տալիս Ձեր մայր համալսարանը: Դուք համոզվա՞ծ եք, որ գիտության եւ կրթության ողբալի վիճակով հնարավոր կլինի տնտեսություն զարգացնել»: 
Գերմանիան ի՜նչ, պարոն Աղազարյան, Ճապոնիայից բան չէր մնացել ատոմային ու ամբողջ երկրի «գորգային» ռմբակոծությունից հետո: Հարց. «Գերմանիայում եւ Ճապոնիայում երբեւէ մի քանի քայլողով իշխանություն փոխվե՞լ է»: Ավելորդ է նաեւ նշել գերմանացիների եւ ճապոնացիների հոգեկերտվածքի, արժանապատվության, պետության առջեւ պարտքի ու պատասխանատվության բարձր զգացողության եւ այլնի մասին:

Համացանցում հանդիպեց Ուինսթոն Չերչիլից մի մեջբերում. «Մենք ծանր փորձության շեմին ենք՝ ամենադժվարներից մեկի: Առջեւում մեզ սպասվում են պայքարի ու տառապանքի շատ ու շատ երկար ամիսներ: Դուք կհարցնեք, ո՞րն է մեր քաղաքականությունը: Ես կարող եմ պատասխանել՝ պատերազմելը: Ցամաքային, ծովային եւ օդային, բոլոր մեր ուժերով եւ բոլոր այն ուժերով, որը կտա մեզ Աստված՝ պատերազմ հրեշավոր բռնակալության դեմ, որին երբեք ոչինչ չի գերա-զանցել մարդկային հանցագործությունների մութ, ողբալի պատմությունից: Սա է մեր քաղաքականությունը: Դուք կհարցնեք՝ ո՞րն է մեր նպատակը: Ես կարող եմ պատաս-խանել մեկ բառով. դա հաղթանակն է: Հաղթանակ՝ ցանկացած գնով, հաղթանակ, չնայած բոլոր ահաբեկչություններին, հաղթանակ, որքան էլ որ տեւական ու համառ լինի ճանապարհը, քանզի առանց հաղթանակի մենք չենք կարող գոյատեւել»: Մարդկանց պետք էր ոգեւորել, համախմբել Գերմանիայի սպառնալիքի դեմ: Մեծ Բրիտանիան պայքարում էր իր գոյատեւման համար: Չերչիլը պետք է գտներ իր հայրենակիցներին ոգեւորելու եղանակը եւ նրանց կոչ աներ պայքարի: Դրա համար անհրաժեշտ էր ընտրել ճիշտ բառեր, որոնք, միաժամանակ, պետք է լինեին հզոր:

«Պայքար», «բռնակալություն», «ահաբեկչություն» բառերը պետք է վախ առաջացնեին, իսկ «ուժ», «Աստված», «հաղթանակ» բառերը` հույս: Բառերի նման խառնուրդը պատահական ընտրված չի եղել: Տեքստի վրա, հավանաբար, աշխատել են «ուղեղներ»՝ անտարակույս, Չերչիլի անմիջական մասնակցությամբ եւ ուղղորդմամբ: 

Այս նույն մոտեցմամբ է հարկավոր վերլուծել վարչապետի ուղերձները: Այդ վերլուծության արդյունքում, բնականաբար, կբացահայտվի քաղաքականության նպատակը, մեկ բառով, ինչպես Չերչիլի դեպքում: Այն հրապարակել պետք չէ:

Ուղղակի ափսոս է, որ երկրի տեխնոլոգիական զարգացման համար օդ ու ջրի նման անհրաժեշտ տեխնիկական գիտելիքների մեծ պաշար ունեցող Աղազարյանի հնարավորությունները չեն գործադրվում ըստ նշանակության: 

ՀԳ. 2000-ականների սկզբին հրավիրված էի Պոլիտեխնիկի գիտաժողովին: Գիտության մասին խոսելիս մի պաշտոնյա ոգեւորված ասաց, թե 17 միլիոն դրամով ավելացել է բյուջեից գիտության ֆինանսավորումը: Իմ ելույթում հռետորական հարց տվեցի. «Ես լավ չընկալեցի, խոսքը 17 միլիոն դոլարի՞, թե՞ դրամի մասին է»: Շարունակելով՝ ասացի․ դուք, գուցե, չեք էլ պատկերացնում ձեր արժեքը: Պետք էր ոգեւորվել 17 մլն դոլարի չափով ֆինանսավորման ավելացման համար, այն էլ ոչ թե պետական բյուջեից, այլ մասնավոր հատվածից՝ ներքին, թե արտաքին: Հնչեցին ծափահարություններ, ու ոչ մի առարկություն:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր