Այս օրը, առաջին անգամ, համարձակվեցին որոշում ընդունել, որի հետ Մոսկվան համաձայն չէր

Այս օրը, առաջին անգամ, համարձակվեցին որոշում ընդունել, որի հետ Մոսկվան համաձայն չէր

Հայաստանի այսօրվա իշխանությունները կարծես թե պատմություն ունեցող ժողովրդի ներկայացուցիչ չեն։ Այսօր ոչ թե պետք է այստեղ միջոցառում կազմակերպվեր, այլ ՀՀ առաջին դեմքերը պիտի հրավիրեին օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներին ու  ասեին՝ դուք մեր քաղաքակրթության բարձրագույն արժեքը ժողովրդավարությունն եք համարում։ Տեսեք՝ Սովետական միության տարիներին ինչ գեղեցիկ ժողովրդավարական քայլ է արվել։ Եվ ի հակադրություն այդ ժողովրդավարական քայլի կատարված որեւէ գործողություն ցեղասպանություն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ազգային ժողովի դիմաց «Միասին» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնած իրազեկման ակցիայի ընթացքում իր ելույթում ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, հիշեցնենք, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը վերամիավորման մասին համատեղ որոշում ընդունեցին։

«Դեկտեմբերի 1-ը սովետական բռնապետության ու դիկտատուրայի տարիներին շատ լուրջ ժողովրդավարական քայլ էր։ Այսինքն՝ Սովետական միության տարածքում առաջին անգամ որեւէ հանրապետություն եւ որեւէ վարչական միավոր համարձակվեց ինքնուրույն որոշում ընդունել, որի հետ Մոսկվան համաձայն չէր։ Այն ժամանակ դա ինքնորոշման գործողություն էր, ներկայացուցչական մարմնի միջոցով Արցախն ու Հայաստանը միասին ինքնորոշվեցին, որ դառնում են մեկ պետություն։ Դրա հակադրվող բոլորը՝ Արեւմուտքից կլինեն, թե Արեւելքից, նրանք բոլորը ցեղասպանություն իրականացնողներ են։ Եթե ոչ անմիջական, ապա հետագայում ցեղասպանություն նախատեսող»,- նշել է նա։