Մարզպետներից ով ինչ է անում ՏԻՄ ընտրությունների համար
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ՏԻՄ ընտրություններ են։ Գաղտնիք չէ, որ այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար առանձնակի նշանակություն ունեն, քանի որ հատուկ այդ նպատակով իրականացվեց համայնքների խոշորացման ծրագիր, ձեւավորվեցին խոշոր շրջաններ, որպեսզի վերեւից ներքեւ ամրապնդեն իրենց իշխանությունը։ Եվ արդեն քանի ամիս է՝ իշխանական վարչակարգը լծված է ՏԻՄ ընտրությունները «կազմակերպելու» գործին։ Հիմնական դերակատարները, բնականաբար, մարզպետներն են, որոնք մեկ ամսից ավել է՝ մարզային ենթակայության տակ գտնվող հաստատություններում, բառի բուն իմաստով, «տեռոր» են իրականացնում կամ սոցիալական աջակցության անվան տակ փորձում գնել ընտրողների ձայները։
Հիմնական պատճառն այն է, որ հաղթանակի դափնին, որպես կանոն, կրում է թիմը, իսկ պարտությունը կոտրում են մարզպետի գլխին, եւ ՏԻՄ-ում պարտվելուց հետո շատերը հրաժեշտ են տալիս պաշտոնին։ Մյուս պատճառն էլ այն է, որ մարզպետներն իրենց ընկեր-բարեկամ-ազգականներին են «գործի» տեղավորում ու ամրապնդում իրենց դիրքերը մարզում։
Սակայն որոշ մարզերում մարզպետները պասիվ են, մյուսներում` ավելի ակտիվ։ Դիցուք, Գեղարքունիքի նորաթուխ մարզպետ Կարեն Սարգսյանը, որը նշանակվեց սեպտեմբերի 3-ին՝ փոխարինելով ՏԿԵ նախարար նշանակված Գնել Սանոսյանին, տիեզերական հանդարտություն է դրսեւորում:
Դա երեւում է նաեւ մարզպետարանի ֆեյսբուքյան էջից, որն աշխատանքի տեղավորման գործակալություն է հիշեցնում` հայտարարություններ են մարզի դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքների, հիվանդանոցներից մեկում՝ տնօրենի մասին։ Անձամբ մարզպետը թերեւս «գեոքաղաքական» խնդիրներով է զբաղված` 4 օր առաջ ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսին եւ տեղեկացրել այս տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայության մասին Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում: Ասել է, որ դա խանգարում է բնակչության գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, անասնակերի հավաքին, վարուցանքին, ու հույս հայտնել, որ նիդերլանդական կողմն «այսուհետ էլ շարունակելու է նպաստել դիվանագիտական ճանապարհով հարցի կարգավորմանը»։ Գեղարքունիքում կարծում են, որ մարզպետը դեֆակտո շարունակում է մնալ Գնել Սանոսյանը, ով «վիզ է դնում» իր սանիկի` Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանի համար։ Մարզում նախընտրական «տասովկաներով» ավելի շատ զբաղված են գողականներ Արա եւ Ալիկ Բանդուրյանների՝ նորատուսցիների «մարդիկ», իսկ պատգամավոր Հայկ Սարգսյանն իր վրա է վերցրել ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին Գավառի քաղաքապետ դարձնելու «սուրբ գործը»: Նա Գավառում էլ է ակտիվ։
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ում մասին մարզում ասում են՝ «անունը կա, ամանում չկա», նույնպես ակտիվ չէ․ մարզպետարանի պաշտոնական էջում միայն կենացի նման ուղերձներ են` մարզպետը մի օր ուսանողներին է շնորհավորական ուղերձ հղել, մեկ այլ օր` ռազմական բժիշկներին։ Ֆեյսբուքի պաշտոնական էջում նախընտրական մթնոլորտը չի զգացվում։ Վայոց Ձորում էլ «ռուլիտ» են անում մարզի տերուտնօրեն Ջերմուկի Արսենյանները․ Աշոտ Արսենյանի որդին Ջերմուկի ՔՊ-ական ցուցակն է գլխավորում, ցուցակում է նաեւ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Աշոտ Արսենյանը, ըստ լուրերի, փորձում է ընտրությունները կառավարել նաեւ Վայքում եւ ակտիվ աշխատում է իշխանության համար։
Իսկ Արարատի եւ Արագածոտնի մարզպետները, բանուգործը թողած, դռնեդուռ են ընկել եւ անձամբ են քարոզչություն անում իրենց «սրտի թեկնածուների» համար: Նրանք երեկվանից անգամ եռօրյա արձակուրդ են ձեւակերպել։ Շաբաթ օրը Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը Մաստարայի դպրոցում էր քարոզչություն անում Թալինի ՔՊ-ական թեկնածու Տավրոս Սափեյանի համար, որտեղ ամենավերջին բառերով է խոսել նախկինների մասին՝ մոռանալով, որ ինքը նույնպես նախկին է, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք զբաղեցրել է Ապարանի քաղաքապետի պաշտոնը։ Մարզպետն աշխատում է նաեւ Աշտարակում` Թովմաս Շահվերդյանի, Ապարանում` Փարվանյանի համար, բայց ոչ այնքան ակտիվ, որքան իր մտերիմ Սափեյանների համար է ջանք դնում: Թեկնածուն իսկապես մեծ աջակցության կարիք ունի, քանի որ 2 բառ իրար կապել չի կարողանում, եւ Ռազմիկ Պետրոսյանը նաեւ նրա փոխարեն է խոսում։ Նախօրեին համացանցում քարոզչական հոլովակ տարածվեց, որտեղ Սափեյանը թալինցիներին նախընտրական ուղերձ էր հղում` սուֆլյորից կարդալով, բայց դա էլ վարժ չէր ստացվում եւ սոցցանցերում հումորի թեմա էր դարձել։ Թոմ Շահվերդյանի հաղթանակի համար էլ ջանք չի խնայում պաշտոնաթող մարզպետ Դավիթ Գեւորգյանը, ով դիմում գրեց գնաց, բայց այնքան է մտերմացել քաղաքապետի հետ, որն անչափ ուշադիր է եղել մարզպետի հանդեպ, որ աջակցում է նրա ընտրարշավին: Մինչդեռ Թալինում ցանկացել է այլ թեկնածություն առաջադրել, սակայն թիմն ընտրել է Սափեյանին։
Մարզպետներից ամենաակտիվը, իհարկե, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանն է: Մասիսի ՔՊ թեկնածու Սայադը՝ Սայեն Հայրապետյանը, նրա զինակից ընկերն է, ում թեկնածությունն առաջադրելու համար Թեւոնյանն անգամ շանտաժ- հրաժարականի դիմում գրեց, քանի որ թիմում դեմ էին Սայադին, սակայն հասավ իր ուզածին` Հայրապետյանն առաջադրվեց: Եվ հիմա մարզպետն ուզում է ապացուցել, որ ճիշտ թեկնածու է առաջադրել` հաղթող: Շուրջ մեկ ամիս է՝ նա կենաց-մահու պայքար է մղում Մասիսում` նախկինների թիմակից համայնքապետերին է տեռորի ենթարկելով ընդգրկել ՔՊ ավագանու ցուցակում, ոմանց խոստացել է վարչական ղեկավարներ նշանակել եւ այլն: Արտաշատում էլ են ակտիվ` մարզպետարանը սոցիալական աջակցության ֆոնդից նախընտրական գումարներ է բաժանում քաղաքացիներին։ Այստեղ ՔՊ-ի համար, որոշ տեղեկություններով, աշխատում են նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու իր թիմը: Արարատում իշխանական թեկնածուն Թեւոնյանի ընկեր Ասլան Ավետիսյանն է, նրա ընտանիքին է վերագրվում տարիներ առաջ տեղի ունեցած մի սպանություն, որը մինչ օրս չի բացահայտվել: Թեկնածուի որդին՝ Հովհաննեսն էլ մարզպետի խորհրդականներից է, հետեւաբար, Թեւոնյանն Արարատում ավելի քիչ է ջանք դնում. հոր հաղթանակի համար աշխատում է մարզպետարանի աշխատակից որդին։ Փոխարենը Արարատի մարզպետը մատը մատին չի խփում Վեդի համայնքում, որտեղ ՔՊ թեկնածուն նրա ախոյանն է` նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, ում հետ գործող մարզպետի հարաբերությունները լարվել են վերջերս, երբ Սարգսյանն իր նախկին պաշտոնին վերադառնալու հավակնություններ է դրսեւորել։
Կոտայքի մարզպետն ավելի շահեկան վիճակում է հայտնվել` մարզում դիրքային պայքարի դուրս եկած Սասուն Միքայելյանն ու շրջակա միջավայրի նախարար, նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այնքան ակտիվ են, որ իրեն անելու բան գրեթե չի մնում։ Հրազդան քաղաքում ու հարակից համայնքներում Միքայելյանի որդու՝ Սեւակ Միքայելյանի վերընտրությունն է, որը ԵԿՄ նախագահն անձամբ է համակարգում, իսկ մյուս համայնքներում ակտիվ պայքար է տանում Ռոմանոս Պետրոսյանը` Աբովյանի եւ մյուս համայնքների բոլոր թեկնածուներն իր «մարդիկ» են։
Ինչ վերաբերում է ամենանիկոլական մարզին՝ Արմավիրին, այստեղ առանձնապես աշխատանքներ տանելու անհրաժեշտություն էլ չկա, այս մարզն իր «նվիրվածությունը» ՔՊ-ին ապացուցել է նախորդ ընտրությունների ժամանակ, թերեւս այդ պատճառով էլ մարզպետների, վարչական ռեսուրսի կիրառման կարիք առանձնապես չկա: Եվ թերեւս նաեւ դա էր պատճառը, որ խրախուսեցին 29-ամյա Համբարձում Մաթեւոսյանին եւ Արմավիրի մարզպետի պաշտոնից տարան փոխվարչապետի աթոռին։
Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանի վիճակն ամենաբարդն է` նա ոչ թե ուրիշի, այլ իր համար է պայքարում. ՔՊ-ն ուրիշ թեկնածու չգտավ եւ Վանաձորի ընտրություններում առաջադրեց նրան: Ու չնայած դեկտեմբերի 5-ին ընտրություններ են նշանակված նաեւ Սպիտակում, Փամբակում, բայց խնդրահարույցը Վանաձորն է, քանի որ նոյեմբերի 16-ի մեկօրյա պատերազմի հետեւանքով գերեվարված, զոհված զինծառայողների մեջ վանաձորցիներ կան, ինչը բարդացրել է Խաչատրյանի գործերը։
Տավուշի մարզպետն էլ իջեւանյան հաղթանակից հետո սեւեռվել է Նոյեմբերյանի վրա եւ տեղափոխվել այս համայնք: Այստեղ էլ իշխանության վիճակը լավ չէ` նախկինն ՀՀԿ-ական Կարեն Աբազյանը պայքարում է Արսեն Աղաբաբյանի եւ Մհեր Աղամյանի դեմ` «Ապրելու երկիր» եւ «Հանուն հանրապետության» ցուցակների: Նոյեմբերյան են գործուղվել ոստիկանապետը, մարզի կրթության վարչության պետը, որոնցից մեկը՝ ոստիկանների, մյուսը՝ կրթության համակարգի աշխատողների հետ է աշխատանքներ տանում:
Կարծիքներ