Տեսնենք՝ սեպտեմբերի 2-ին ով ինչպես կպահի իրեն
Արցախի հայաթափումից ի վեր մեզ հերթական փորձությունն է սպասվում: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Արցախի Հանրապետությունը: Առաջին անգամն է, որ այդ տոնը դիմավորում ենք առանց հայկական Արցախի: Տխուր է, անշուշտ, բայց և պետք է գիտակցել, որ չի կարելի անուշադրության մատնել Արցախի անկախության և արցախցիների իրավունքների մասին բարձրաձայնելու այդ հնարավորությունը: Պետք է խոշոր, շատ խոշոր, ընդհուպ՝ համազգային միջոցառում կազմակերպել և ողջ աշխարհին ևս մեկ անգամ ցույց տալ առանձին ազգերի և ժողովուրդների հանդեպ անտարբեր վերաբերմունքի հետևանքներն ու արյունալի լուծումների անթույլատրելիությունը: Արցախի հարցը չի լուծվել և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության մասին որևէ խոսք լինել չի կարող: Սա պետք է ասել աշխարհին ու տարածաշրջանային բոլոր խաղացողներին, որոնք կամա թե ակամա դարձել են Արցախի հայաթափման և Արցախի Հանրապետության ոչնչացման մեղսակից:
Դեպքերի և իրադարձությունների բերումով այնպես է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության «իշխանություններն» ուրացել են Արցախն ու արցախցիներին: Հուսալ, որ դրածոների այդ խմբակը երբևէ կամ որևէ մակարդակում կհամարձակվի Արցախի խնդիր բարձրացնել՝ միամտություն է: Արցախ բառն անգամ արգելված է իշխանական ամենաբարձր մակարդակներում: Ի՞նչ սպասել ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող դրածոյից՝ որ նա հանկարծ կարող է այդ օրը ուղերձ հղել հայությա՞նը… Ծիծաղելի է, մինչդեռ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի ու հայ ժողովրդի մեծագույն նվաճումն է, մեր ազգային-ազատագրական պայքարի փառքն ու պսակը: Նիկոլն այդ օրը ավելի շուտ հեծանիվ կքշի և լոբի կմաքրի, քան մի երկու խոսք կասի հայ ժողովրդին: Չի բացառվում, որ նույնիսկ երկրում չլինի…
ՔՊ-ի մասին ընդհանրապես չարժե խոսել: Քաղաքացիական պոռնոգրաֆիայի այդ դրսևորումը ձկան պես համր կլինի սեպտեմբերի 2-ին: Լավագույն դեպքում պատգամավոր Լուլույի հանգույն կբարբաջեն երևակայական խաղաղության ու վերացական ինքնիշխանության մասին: Ինչ-որ սահմանազատում, սահմանագծում, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենալու՝ կասեն, կհորդորեն ադրբեջանցի սահմանապահներից չվախենալ: Նրանց սուտ ու կեղծ խոսքերը, որ արդեն 6 տարուց ավելի սղոցում են ժողովրդի լսելիքը, ոչ սփոփանք, ոչ էլ սպեղանի են մեր այն մեծ վերքի համար, որ հասցրել են հենց իրենք՝ վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության անկախության օրը՝ Սեպտեմբերի 2-ը պետք է դարձնել ազգային մտածողությամբ առաջնորդվող հայության տոն: Մեծ հավաք պետք է տեղի ունենա և մեծ խոսք պետք է ասվի աշխարհին՝ Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահների և զույգ կաթողիկոսների մասնակցությամբ, հայաստանցիների, սփյուռքահայերի և արցախցիների հոծ բազմությամբ, օտարերկրյա մեր հեռու և մոտ բարեկամների ներկայությամբ: Ողջ հեռուստաեթերը, թերթերը, լրատվական կայքերն ու սոցիալական ցանցերը պետք է լցված լինեն այդ օրվա խորհրդով ու կոնկրետ ասելիքով: Արցախի հարցը լուծված չէ՝ սա է լինելու այդ օրվա բուն ասելիքը:
Այդ օրը պետք է ողջ ճշմարտությունն ասվի՝ ինչպես մեր կործանված հայրենիքի, այնպես էլ այն կործանողների մասին, 44-օրյա պայմանավորված պատերազմում և դրան հաջորդած ժամանակահատվածում ամեն մեկի պահվածքի, արածի ու չարածի մասին ու նաև բոլոր նրանց մասին, ովքեր ամեն ինչ արեցին, որ այս դժնդակ պատմության մասին ճշմարտությունը հասանելի չդառնա մեր ժողովրդին: Չի կարող, հասկանո՞ւմ եք, չի կարող մեկ մարդ, որ եղել է 44-օրյա պատերազմի, թերևս, ամենագլխավոր գործող անձը, ինքնարդարանալ այս ամենի համար ու կամայականորեն մեղավորներ նշանակել: Պետք է ասվի ողջ ճշմարտությունը, այդ թվում նաև այդ մեկ մարդու մասին:
2024թ. սեպտեմբերի 2-ը պետք է դառնա մեր ավգյան ախոռները մաքրելու սրբազան օր:
Կարծիքներ