Պատժել Բաքվին և չեղարկել գազի պայմանագրերը․ ԵԽ-ում ԼՂ-ի և ՀՀ-ի հարցով քննարկում է

Պատժել Բաքվին և չեղարկել գազի պայմանագրերը․ ԵԽ-ում ԼՂ-ի և ՀՀ-ի հարցով քննարկում է

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայ բնակչության նկատմամբ՝ էթնիկ զտում է։

Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ և կոչ արել օգնել տեղահանված բնակչությանը:

«Անընդունելի է, որ նման իրավիճակում Եվրամիությունը Ադրբեջանին ռազմավարական գործընկեր է համարում: Մեր հարաբերությունները Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի հետ պետք է վերանայվեն: Մենք պետք է աշխատենք Հայաստանի հետ՝ խաղաղության և անվտանգության համար: Ես կարծում եմ, որ եթե Եվրամիությունը իր դերակատարումն ունենար, մենք կարող էինք խուսափել այդ տառապանքից»,- նշել է Լեքսմանը:

Իր հերթին, Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակել է «ողբերգություն», որի մասին զգուշացվել էր: Նրա խոսքով՝ չնայած Հայաստանը բազմիցս դիմել է Եվրոպային, վերջինս երես թեքեց, երբ Բաքուն ապօրինի փակեց Լաչինի միջանցքը:

«Անգամ Ալիևի և Պուտինի միջև դաշինքը մեզ չստիպեց բացել մեր աչքերը: Մենք զոհեցինք հայ ժողովրդին ռեալ պոլիտիկին: Ուստի ևս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ՝ անմիջապես խստագույն պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ»,- ասել է Կաստալդոն:

Նա նաև կոչ է արել դադարեցնել զինտեխնիկայի արտահանումը Ադրբեջան, ինչպես նաև կասեցնել Բաքվի հետ գազի և նավթի պայմանագրերը, քանի որ դրանք ավելի կարևոր չեն, քան մարդկային արժեքները:

Իր ելույթում, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն դատապարտել է ամիսներ շարունակ Եվրոպայի «բացակայությունը», երբ Լեռնային Ղարաբաղում հայերը շրջափակված էին, սովի մատնված և, ի վերջո, ենթարկվեցին Ադրբեջանի հարձակմանը:

«Իհարկե, այն երկիրը, որ պատասխանատու է էթնիկ զտման համար, Ադրբեջանն է, այն պետք է պատասխանատվության ենթարկվի, և Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն: Եվրոպական միջնորդությունը ևս ձախողվոել է, քանի որ այն չեզոք է մնացել»,- նշել է Լուազոն։

Նրա պնդմամբ, եթե անարդարության ժամանակ չեզոքություն ես պահպանում, նշանակում է՝ ագրեսորի կողմն ես անցել: Լուազոն հիշեցրել է նաև, որ Եվրախորհրդարանը բազմից է նշել Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգների մասին, սակայն ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվել դրանք կանխելու համար:

Բացի այդ, ֆրանսիացի օրենսդիրը գուշացրել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող վտանգների մասին։

«Մենք պետք է պաշտպանենք մեր պատիվը և Հայաստանը»,- եզրափակել է Լուազոն: