Նոր խստացում դիմակներ կրելու վերաբերյալ

Նոր խստացում դիմակներ կրելու վերաբերյալ

Ներկայացնելով դիմակը կրելու ուսումնասիրության արդյունքները՝ ՀՀ վարչապետը հավաստիացրեց, որ դիմակ կրելու կարգապահությունը հնարավորություն կտա զրոյացնել վարակվելը՝ դիմակի որակը և դիմակ կրելու որակն ապահովելու դեպքում։

Անդրադառնալով պարետտան մայիսի 24-ի որոշումներին, վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, թե դրանցից առաջինը վերաբերում է նրան,  որ, անկախ վայրից, առևտրի բոլոր մասնակիցները՝  և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է դիմակով լինեն, և այդ կանոնը խախտելու դեպքում վարչական պատասխանատվությունը խիստ է լինելու։

Երկրորդ որոշումը վերաբերում է նրան, որ ավտոմեքենաների մեջ մեկից ավելի մարդու առկայության դեպքում բոլորը պետք է լինեն դիմակով։

Նա հորդորեց, որ մարդիկ, դիմակ չունենալու դեպքում, խոսակցություն վարեն մեկ ու կես մետր հեռավորության վրա գտնվելով։

«Մենք կկիրառենք խստագույն վարչական միջոցներ, բայց մեր խնդրանքն ու հավատն է, որ ՀՀ քաղաքացին, որ բազմիցս ապացուցել է իր բարձր գիտակցությունը, այս իրավիճակում ևս կցուցաբերի բարձր գիտակցություն»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ վերը նշված կանոնների պահպանմամբ հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը։