Հո մենք չե՞նք ասում՝ Նիկոլ Փաշինյան, դու գնա, մենք դառնանք վարչապետ

Հո մենք չե՞նք ասում՝ Նիկոլ Փաշինյան, դու գնա, մենք դառնանք վարչապետ

Հարցազրույց ՀՀԿ խոսնակ, նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովի հետ


- Անցած օրերին մերձիշխանական շրջանակներից արձագանքեցին օպերատիվ կառավարման շտաբ ստեղծելու արտախորհրդարանականների առաջարկին։ Ինչպե՞ս կգնահատեք այդ արձագանքը եւ, մասնավորապես, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը։ Նա զարմանք էր հայտնել, թե «ինչպես լուրջ եւ զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին։ Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է»։ 

- Մենք այդ հայտարարությունը չենք արել ինչ-որ մեկի արձագանքի համար։ Այդ հայտարարությունն ուղղված է կառավարությանը։ Կարծում եմ՝ առաջին իսկ օրվանից թե՛ վարչապետը, թե՛ բոլորը տեսել են, որ 14 կուսակցությունները հայտարարություն են արել՝ միասնության, համերաշխության, բանակի եւ Արցախի կողքին կանգնելու պատրաստակամության մասին, դրանից առաջ ՀՀԿ-ն է առանձին հայտարարություն տարածել։ Յուրաքանչյուրը փորձում է թե՛ մարդկային, թե՛ ֆիզիկական, թե՛ հումանիտար ռեսուրսով օժանդակել ռազմաճակատին ու բանակին, այն, ինչ որ պետք է անել այս իրավիճակում։ Այս փուլում, հաշվի առնելով վարչապետի եւ արտախորհրդարանականների հանդիպումը, հաշվի առնելով վարչապետի եւ Արցախի նախագահի՝ իրավիճակը ծանր, օրհասական գնահատելու ուղերձները, որ սա Սարդարապատ է, հայրենական պատերազմ է, ինչպես նաեւ հաշվի առնելով մեր ունեցած տեղեկությունները, որ՝ այո, վիճակը ծանր է, օգտվելով ռազմական դրության ռեժիմից՝ կուսակցություններով դիմում-պահանջ ենք ներկայացրել կառավարությանը՝ հատուկ օպերատիվ շտաբ ձեւավորելու համար։ Հիմա թե ով ինչպես է արձագանքել, դա իր խնդիրն է, իրենց հարցնող էլ չկա, ի՞նչը մեկնաբանեմ, դա իրենց կարծիքն է։ Հարյուր անգամ եմ ասել, որ ռազմական դրության պայմաններում ներքաղաքական հաշիվներ մաքրելու կամ ներքաղաքական խժդժություններ անելու ո՛չ ժամանակ ունեմ, ո՛չ ցանկություն, հիմա շատ ավելի կարեւոր հարցեր կան։

- Իշխող ուժի պատգամավորներից մեկն էլ է անդրադարձել՝ ասելով, թե առաջարկում են հակասահմանադրական կառույց ստեղծել։

- Գիտեք, ռազմական դրության օրենքի, եթե չեմ սխալվում, վեցերորդ կետը, հստակ տալիս է նման հնարավորություն։ Իսկ եթե անգամ սահմանադրականության հետ կապված խնդիր կա, կարող է ԱԺ-ն հավաքվել եւ կառավարության առաջարկով փոխվել։ Եթե այսօր բոլորիս նպատակն ուժերի կենտրոնացումն է, որպեսզի հայրենիքի, ժողովրդի համար դրական բան արվի, ուրեմն պետք է անել։ Իսկ մնացածին խորհուրդ կտամ՝ ամեն մեկը թող իր արշինով չչափի՝ պետական հեղաշրջում, հակասահմանադրական, փիառ․․․ Ես անարձագանք եմ թողում նման գնահատականները եւ սպասում եմ կառավարության արձագանքին։ Մինչ այս պահը կառավարությունը չի մերժել մեր առաջարկը։

- Պարոն Շարմազանով, շատերն ասում են՝ այսպես թե այնպես, արտախորհրդարանականներդ հանդիպում եք վարչապետի հետ, եթե ունեք խորհուրդներ, տվեք, առաջարկներ ներկայացրեք, թե ինչ պետք է անել այս իրավիճակում։

- Այդ մարդիկ, հավանաբար, չեն ընկալել մեր դիմում-առաջարկի բովանդակությունը։ Մենք չենք ասում՝ խորհրդատվական  առաջարկներ ենք ուզում տալ, մենք ասում ենք որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող օպերատիվ շտաբ ստեղծելու մասին, որտեղ ներկայացված կլինեն պետական կառավարման փորձ ունեցող նախկին նախագահները, վարչապետերը, պաշտպանության նախարարները, արտաքին գործերի նախարարները, դիվանագետական եւ ռազմական ոլորտում մեծ փորձ ունեցող մարդիկ։ Մարդիկ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն վերցնել, սա պատասխանատվության բեռ վերցնելու կոչ է, ոչ թե բեռն ուսերից գցելու կամ իշխանությունը վերցնելու։ Հիմա ամենաքիչը հետաքրքրում է իշխանությունը վերցնելը։

- Իսկ չե՞ք կարծում, որ շրջանակը բավական լայն է ընտրված, ու դրա համար էլ այնքան լուրջ չընկալվեց շատերի կողմից։ Հիմա բոլոր ստորագրած կուսակցությունների ղեկավարները շտաբում ընդգրկվելո՞ւ են, օրինակ՝ Պարույր Հայրիկյանը, Զարուհի Փոստանջյանը, Արթուր Ղազինյանը եւ այլք։

- Իշխան Սաղաթելյանը, որը լիազորված էր կուսակցությունների անունից հայտարարությամբ հանդես գալ, իր խոսքում ասաց, որ եթե կառավարությունը դրական արձագանքի, աշխատանքային խումբ կձեւավորենք եւ այս բոլոր հարցերի մասին առանձին կքննարկենք։ Դրանք դետալներ են, որոնք պետք է քննարկել, երբ կառավարությունը համաձայնի։

- Իսկ ո՞ւմ գաղափարն է եղել նման կոմիտե ստեղծելը, ո՞ւմ առաջարկն է։

- Դա ընդհանուր քննարկումների արդյունքում ծնված գաղափար է, եղել է երկար քննարկում։ Եթե վարչապետը կանգնում ասում է, որ իրավիճակն օրհասական է, մենք էլ տեսնում ենք, որ վիճակը ծանր է, հիմա պե՞տք է մեկտեղել բոլոր ուժերը, դիվանագետը պետք է դիվանագիտական ճակատո՞ւմ ծառայի, թե՞ առաջնագծում։ Այս պահին, այո, երկուսն էլ ճակատ են, բայց ամեն մեկը պետք է այնտեղ լինի, որտեղ իր կարիքն ամենաշատն են զգում։

- Իսկ գուցե իշխանությունն ունի այդքան ռեսուրս եւ կարող է միայնակ դիմագրավել, ուրիշների խորհրդի կարիքը չի զգում։

- Մենք էլ ասում ենք, որ բավարար չէ իշխանական ռեսուրսը, բոլոր պատերազմների ժամանակ միայն իշխանական ռեսուրսը բավարար չէ, խոսքը միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին չէ։ Այս ծավալի պատերազմական գործողությունների ժամանակ, երբ գործ ունենք թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի հետ՝ ընդդեմ Արցախի, ինչպես նաեւ Հայաստանի, մեծ շռայլություն է չօգտվել այն մարդկանց ծառայություններից, ովքեր ունեն համապատասխան փորձառություն, 90-ականներին էլ են այդ ճանապարհով անցել։ Հո մենք չե՞նք ասում՝ Նիկոլ Փաշինյան, դու գնա, մենք դառնանք վարչապետ, նման բան ասողները... ռազմական դրություն է, չեմ ուզում վիրավորել։ Այս իրավիճակում մարտահրավերը բոլորինս է։ Ես ասել եմ՝ եթե հաղթենք, թող հաղթի Նիկոլ Փաշինյանը, բայց որ պարտվենք, այն լինելու է բոլորինս։ Այս իրավիճակում պատասխանատվություն վերցնելը, բեռի տակ մտնելը լուրջ քայլ է, մեկ ուրիշը լիներ, կասեր՝ Նիկոլ Փաշինյանն է սրա պատասխանատուն, ոնց ուզում է, թող տակից դուրս գա։

- Ենթադրենք՝ այս վիճակը մի քանի օր էլ պահպանվեց՝ իշխանությունը ո՛չ ընդունում է, ո՛չ մերժում առաջարկը, ունե՞ք գործողությունների Բ պլան, ի՞նչ եք անելու։

- Եթե իշխանությունները շարունակեն լռել, մենք կքննարկենք մեր ապագա անելիքները, որոնք միտված են Արցախի եւ Հայաստանի դեմ ուղղված վտանգը մինիմալիզացնելուն։

- Որո՞նք պետք է լինեին կոմիտեի առաջին քայլերը, ի՞նչ է հարկավոր անել, որ չի արվում։

- Երբ որ ստեղծվեր․․․ գիտեք ինչ՝ ես չեմ կարող շատ բան խոսել, ռազմական դրության մեջ ենք։ Գնդակը գտնվում է կառավարության դաշտում։