Գաղտնի Պապիկյանը

Գաղտնի Պապիկյանը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի «գաղտնի հրամանը» բազմաթիվ հարցեր է առաջացնում եւ այնքան արտառոց է ու անհեթեթ, որ ինձ թվում է, թե Սուրեն Պապիկյանը նման հրաման տալ պարզապես չէր կարող: «Հրապարակը» գրել էր, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գաղտնի հրահանգով արգելել է ՊՆ ստորաբաժանումների հրամկազմին «Արցախի Հանրապետություն» բառակապակցության գործածումը։ Ստորաբաժանումներին ուղարկված նախարարի գրավոր հրամանագրում ասվում է, թե՝ «Անհրաժեշտ է լեքսիկոնից հանել «Արցախի Հանրապետություն» բառը եւ օգտագործել միայն «Լեռնային Ղարաբաղ» բառերը»։ Թերթը նաեւ գրում է, որ նորաթուխ զինվորականի հրամանը մեծ դժգոհություն է առաջացրել ճանապարհ անցած սպայակազմի շրջանում, սակայն Հայաստանում, ինչպես շատերը, նրանք էլ գերադասում են լռել՝ նախընտրելով իրենց պաշտոնները։
Իսկ թե ինչու չեմ կարողանում հավատալ այս անհեթեթ հրամանին, կփորձեմ բացատրել ստորեւ:

Նախեւառաջ, ես պատմաբանների մասին շատ բարձր կարծիք ունեմ եւ սա չեմ թաքցրել ՀՀ քաղաքական ասպարեզում Պապիկյանի հայտնվելուց ի վեր: Բայց Փաշինյանի խայտառակ ասուլիսից հետո միանգամից շատ բան փոխվեց դեպի վատը, եւ ես հասկացա, որ այլեւս պատմաբան-մատմաբան խաղացնելու ժամանակ չկա: Պետք է պրագմատիկ դառնալ՝ մոռանալով բոլոր տեսակի ռոմանտիզմները: Այնպես որ, Պապիկյանի գաղտնի հրամանագրին կանդրադառնամ առավել գործնական տեսանկյուններից եւ համեմատաբար չոր: Հարց կտամ, թող ինքը պատասխանի, եթե բարեհաճի:

Եվ այսպես՝ պարոն Պապիկյան, այսուհետ ինչպե՞ս կհրամայեք դիմել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Ենթադրենք, չէ, միայն ենթադրենք, հենց Դուք նամակ եք գրում Արայիկ Հարությունյանին եւ նրանից հետաքրքրվում, թե ինչ կարող են անել ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Հայոց բանակը՝ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ: Պիտի գրեք՝ «Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի՞ն»: Բա որ եփած հավը Ձեզ վրա խնդա, պարոն Պնախարար: Ձեր Նիկոլ Փաշինյանը, ախր, Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահ է կարգել եւ ոչ թե չգիտեմ ինչի պահակ: Ինչո՞ւ չեք հետեւում Ձեր առաջնորդի քաղաքական գծին: Կոռեկտ չէ:

Պարոն Պապիկյան, Ձեզնից՝ պատմաբանից, ի՞նչ է սովորելու, օրինակ, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, որի մասնագիտությունը, շատ ներողություն, անձամբ ինձ անհայտ է: Էն խեղճ Դանիել Իոաննիսյանը մեռավ պայքարելով, որ Վահե Ղազարյանը ՆԳ նախարար չդառնա, բայց ոչ մի օգուտ: Ու հիմա եթե Վահե Ղազարյանը Ձեր օրինակով «գաղտնի» հրաման տա իր ներքին եղած-չեղածին (ներառյալ պարեկային զորքերին)՝ օգտագործել բացառապես «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի ՀՀ ավտոճանապարհներին: Պատկերացրեք՝ պարեկն ավտոմեքենա է կանգնեցնում, իսկ վարորդի փաստաթղթերում հասցեն նշված է՝ «Արցախի Հանրապետություն»: Պարեկը, բնականաբար, շփոթվում է, փորձում է ուղղել վարորդի սխալն ու ընկնում է հերթական վատ պատմության մեջ՝ վարորդը նրան վիրավորում է, սկսում է բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ, իսկ երբ գազ է տալիս, որ հեռանա, պարեկը հանում է ու կրակում «պակրիշկին», թե բա՝ ՆԳ նախարարի հրամանն է՝ չօգտագործել «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը:

Պարոն Պնախարար Պապիկյան, երբ տալիս էիք այդ անհեթեթ հրամանը, չէի՞ք մտածում, թե ինչ կարող է կատարվել Հայոց բանակի ռազմահայրենասիրական ծրագրերի ու այդ ծրագրերն իրականացնող սպայական կազմի շրջանում: Ձեր հրամանն ինչպե՞ս կարելի է բանակի բարեփոխում համարել, երբ հայ զինվորը մի գեղեցիկ օր ՀՀ Պնախարարի գաղտնի հրամանից իմանում է, որ այլեւս «Արցախի Հանրապետություն» չի կարելի ասել եւ պետք է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը: Կարող է, չէ՞ այդ զինվորն իր սպայից հետաքրքրվել՝ ինչո՞ւ… Այդ ումի՞ց ենք մենք վախենում, ումի՞ց են վախենում մեր հրամանատարները, մեր նախարարը, մեր շտաբի պետը, մեր բանակը: Իսկ եթե մի քիչ էլ քթի ծակ ունենա զինվորը, կարող է նաեւ բունտ անել՝ մենք ի՞նչ կապ ունենք այն անհեթեթ արտահայտությունների հետ, որ օգտագործում են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը, մենք ի՞նչ կապ ունենք քաղաքականության հետ, մենք ունենք Արցախի Հանրապետություն, այդ հանրապետությունն ունի դրոշ, օրհներգ, նախագահ, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններ, փոստ, հեռագիր, վերջապես՝ Պաշտպանության բանակ, որի կազմում ծառայել են նաեւ իմ բազմաթիվ ընկերները:

Պարոն Պապիկյան, փոստ ու հեռագիր ասացի՝ այսպիսի մի պատմություն հիշեցի: Ուրեմն, Ստեփանակերտում էինք Թուրքիայի քաղաքացի մի ընդդիմադիր գրահրատարակչի հետ (եթե կարելի է՝ անունը չտամ): Երեւանում նա անսպասելի ցանկություն հայտնեց՝ գնալ Արցախ: Դասավորեցինք, ԱՀ արտգործնախարարության հետ համաձայնեցրինք հարցն ու այդ մարդուն տարանք Արցախ: Մի լավ պտտեցինք, վանքերը ցույց տվեցինք, թանգարանները, պատմական ամրոցները: Վերջին գիշերն էր Ստեփանակերտում: Հյուրանոցում նա ինձ խնդրեց՝ առավոտյան մտնել փոստ եւ հետո շարժվել դեպի Երեւան: Մտանք կենտրոնական փոստատուն, նա մի ծրար վերցրեց, նամակ դրեց մեջը եւ հանձնեց աշխատողին: Աշխատողն էլ, սովորականի նման, դրոշմանիշ փակցրեց ծրարի վրա եւ ասաց՝ ՕՔ: Թուրք գրահրատարակիչը զննեց դրոշմանիշն ու ինքն էլ ասաց՝ ՕՔ:
- Եթե գաղտնիք չէ, ո՞ւմ էր հասցեագրված նամակը,- հետաքրքրվեցի ճանապարհին:
- Որդուս, նա այնտեղ բանտում է,- պատասխանեց հանգիստ տոնով:
- Բանտո՞ւմ… Իսկ այնտեղ չե՞ն հետաքրքրվի, թե այս ինչ նամակ է Արցախից, արցախյան դրոշմանիշով:
- Ինձ էլ հենց այդ հարցն է հետաքրքրում: Եթե նամակը տեղ հասնի, ու փոխանցեն որդուս, նշանակում է՝ Թուրքիայում ակամա ընդունում են Արցախի Հանրապետության գոյությունը:
Շուշին արդեն անցել էինք…
Այսպիսի բաներ, պարոն Պապիկյան: