Արցախում իրավիճակը պարզվում է

Արցախում իրավիճակը պարզվում է

Մարտունու շրջանում հանդիպումների ընթացքում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը վերջնականապես հայտարարել է, որ իր քաղաքական պլատֆորմը «Միասնական հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագիրն է: Դա նշանակում է, որ նրա եւ Սամվել Բաբայանի թիմը նույնն է: Ավելի ճիշտ, Սամվել Բաբայանն իր թիմը ներգրավել է Մայիլյան նախագահական քարոզարշավին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Մայիլյանի եւ Բաբայանի միջեւ սկզբունքային համաձայնությունը կայացել է, եւ հաջողության դեպքում գործադիր իշխանությունը փաստացի կանցնի ՊԲ նախկին հրամանատարին:

Այսպիսով, գործ ունենք քաղաքական երեք բեւեռի հետ՝ Արայիկ Հարությունյան, ում աջակցում են Քաղաքացիական միացյալ դաշինք, Շարժում 88, Արցախի արմենական, Արցախի հանրապետական եւ Արցախի ազատություն կուսակցությունները, տասից ավելի հասարակական կազմակերպություններ, Մայիլյան-Բաբայան դաշինք եւ Վիտալի Բալասանյան:

Տեղական դիտորդները հավանական են համարում, որ մրցապայքարի մի փուլում Ազգային վերածնունդ կուսակցության առաջնորդ Հայկ Խանումյանը կհայտարարի Մայիլյան-Բաբայան դաշինքին միանալու մասին: Ուշագրավ է, որ մինչ Մայիլյան-Բաբայան դաշինքը քարոզչությունը կառուցել է «ոչ Արայիկ Հարությունյանին» սկզբունքով, նախկին վարչապետն առաժյմ մրցակիցներից ոչ մեկին քաղաքական վերագրումներ չի անում:

Բավական հավասարակշռված եւ կոռեկտ քարոզչություն է տանում նաեւ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի, նրա բառապաշարում առայժմ տեղ չունի Հայաստանի իշխանությունների հասցեին այն կոշտ քննադատությունը, որը պաշտոնանկության պատճառ էր հանդիսացել: Գրեթե բոլորն այն համոզման են, որ հիմնական մրցակցությունը ծավալվելու է Արայիկ Հարությունյանի եւ Մայիլյան-Բաբայան դաշինքի միջեւ, որին սատարում է նաեւ պաշտոնթող գնդապետ Գրիգորի Սահակյանը: Մայիլյանի աջակիցները ֆեյսբուքում լուսանկար են հրապարակել, որտեղ նախագահի թեկնածուի մի կողմում Գրիգորի Սահակյանն է, մյուսում՝ Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:

Արցախում 1999-2000 թվականների ներքաղաքական ճգնաժամի շրջանում Արկադի Կարապետյանը հարում էր ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանին եւ փորձում էր քաղաքական ղեկավարության դեմ համախմբել ազատամարտիկներին: Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի թիմում նրա ներգրավվածությունն, ըստ երեւույթին, պայմանավորված է Սամվել Բաբայանի հետ երկարամյա մտերմությամբ: Մարտակերտի շրջանում ընտրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ասել է, որ գործարարությամբ զբաղվելով՝ ինքը վերջնական փլուզումից փրկել է Արցախի գյուղատնտեսությունը՝ նկատել տալով այդ շրջանում գինու գործարանների ապամոնտաժումն ու հզորություները մետաղի ջարդոնի տեսքով վաճառքի հանելու փաստերը: Դա ակնարկ է, որ Արայիկ Հարությունյանը չափազանց նուրբ ինֆորմացիայի է տիրապետում՝ 1994-2000թվականներին Արցախի տնտեսությանը հասցված ծանրագույն վնասների թեմայով եւ կարող է հրապարակային շրջանառության դնել փաստեր, որ մրցակիցներից Մայիլյան-Բաբայան դաշինքին առնվազն մեծ անհարմարություն կպատճառեն: Կխորանա՞ քարոզչական դիմակայությունն այդ աստիճանի՝ կախված է նրանից, թե արդյոք Մայիլյան-Բաբայան դաշինքը կփոխի՞ մարտավարությունը, մերկապարանոց վերագրումների փոխարեն ընտրողներին հիմնավորված լուծումներ կառաջարակի՞: Համայնքներից եւ մայրաքաղաք Ստեփանակերտից ստացվող ազդակները թույլ են տալիս եզրակացնել, որ «թալանածը վերադարձնելու» կարգախոսը հանրային մեծ աջակցություն չի ստանում: Հիմնավոր փաստեր ոչ ոք այդպես էլ չի ներկայացնում, իսկ օդում խոսակցություններից մարդիկ վաղուց են կուշտ: