Ձեռքերդ հեռու արցախցիներից

 Ձեռքերդ հեռու արցախցիներից

Հերթական ստոր գրառումն եմ կարդում՝ ղարաբաղցիների դեմ ուղղված, եւ զայրույթս դժվարությամբ եմ զսպում։ Անգամ եթե Ղարաբաղից Հայաստան եկած եւ բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց հանդեպ ունեք հակակրանք, մի ամբողջ պետություն, մեր հայրենիքի մի մասը կազմող մի ողջ նվիրական տարածք ջնջելը, նրա բնակիչներին վատաբանելը, նրանց դեմ ատելություն ու ագրեսիա տարածելը, հատկապես վերջին սահմռկեցուցիչ պատերազմից հետո, անբարոյական է, ամոթալի, մեր ազգի համար անպատվաբեր։

Տարիներ շարունակ, անգամ փոքրիկ ակնարկը ղարաբաղցիների հասցեին, մեզանում սվիններով էր ընդունվում, իսկ նման ակնարկներ անողներին ուղղակի խարազանում էին։ Հասարակությունը շատ խիստ էր այդ հարցում․ սեպ մի խրեք մեր ազգի երկու հատվածների միջեւ՝ ասում էին նմաններին։ Անգամ լրագրողներին ու լրագրողական հրապարակումները չէին ներվում, եթե դրանցում փոքրիկ բացասական վերաբերմունք կար արցախցի մեր եղբայրների հանդեպ։

Թվում էր, թե պատերազմը, այս կորուստները, երբ Արցախի հողը վիրավոր է ու այդքան անպաշտպան, մենք՝ հայաստանցիներս, պետք է ձեռք մեկնեինք մեր եղբայրներին, ամեն ինչով սատարեինք, բուժեինք վերքերը, մխիթարեինք ու հույս ներշնչեինք։ Պարզվում է՝ հակառակը, ինչ-որ ցածրակարգ մարդիկ, օգտվելով արցախցիների վիրավոր վիճակից, որոշել են ավելի խոցել նրանց՝ իրենց մտքի ու խոսքի ողջ աղտեղությունը թափել ղարաբաղցիների վրա։ Կարծես տասնամյակներով անհամբեր սպասել են այս օրվան՝ երբ կկարողանան բացել իրենց գարշահոտ բերանների կապանքները եւ ցավեցնել նրանց՝ ղարաբաղցի գեներալներին, ղարաբաղյան ծագումով նախագահներին, Ղարաբաղի հասարակ ժողովրդին, որի մի մասը Հայաստանում է ապաստանել եւ այստեղ է փնտրում մխիթարություն, հույս, հավատ, խաղաղ հանգրվան։