Հայաստանը 7 տարի օգտագործվում է որպես մանրադրամ` փոխարենը ոչինչ չստանալով

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկնել է այն, ինչ ասել էր արդեն մի քանի անգամ. Արեւմուտքից իրենց պարտադրում էին երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ազատագրման համար: «Ուկրաինան հաղթում է պատերազմում, եւ դուք չպետք է կորցնեք ձեր հնարավորությունը»,- ըստ Կոբախիձեի՝ փորձել էին իրենց մոտիվացնել այն ուժերը, որոնք ուզում էին, որ Վրաստանը պատերազմի Ռուսաստանի դեմ:
Կոբախիձեն ասել է` ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք վարվել՝ մերժելով այդ առաջարկը, քանի որ, ի տարբերություն «Ուկրաինայի, որը մանրադրամ է դարձել Արեւմուտքի ձեռքին` Ռուսաստանի դեմ մղվող պայքարում, կորցնելով իր տարածքի 20 տոկոսը եւ էներգետիկայի 50 տոկոսը, երկիրը վերածվել է ավերակների, եւ 2014 թվականի իրավիճակին վերադառնալու համար կպահանջվի 100 տարի», Վրաստանին հաջողվեց խուսափել նման հեռանկարից: Բայց այս անգամ նա մի հետաքրքիր փաստ էլ է նշել. ասել է, որ այդ առաջարկը հնչել է 2022 թ. աշնանը: Սա ձեզ ինչ-որ բան չի՞ հիշեցնում, զուգահեռներ չե՞ք տեսնում:
2022 թ. աշնանը տեղի ունեցավ հայ-ադրբեջանական հերթական պատերազմը` սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ` Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերում, գրավելով ՀՀ ինքնիշխան տարածքի հսկայական հատվածներ, ռազմավարական նշանակության դիրքեր: Թվում է, թե զուգահեռը տեղին չէ, մի դեպքում Վրաստանին առաջարկում էին երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, իսկ մեր դեպքում` Ադրբեջանը հարձակում սկսեց Հայաստանի դեմ: Բայց Արեւմուտքի կուրատորների համար հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմը եւս կարող էր դառնալ Ռուսաստանի դեմ երկրորդ ռազմաճակատ բացելու հնարավորություն: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, նրա անվտանգության երաշխավորը: Հայաստանի վրա հարձակման դեպքում Ռուսաստանը պարտավորություն ուներ միջամտելու եւ պաշտպանելու Հայաստանին: Եթե Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման ժամանակ Ռուսաստանն իսկապես իր զորքերն ուղարկեր հայ-ադրբեջանական սահման, եւ այնտեղ այդ զորքերը կռվեին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների հետ, երկրորդ ճակատը Ռուսաստանի դեմ կարելի էր համարել բացված: Ռուսաստանը` ուզած-չուզած, զորք պետք է տեղաբաշխեր ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլեւ՝ ռուս-ադրբեջանականին, պատերազմին կարող էր միջամտել նաեւ Ադրբեջանի ռազմական դաշնակից Թուրքիան, որի հետ Ադրբեջանն ունի ռազմական համագործակցության մասին Շուշիի համաձայնագիրը: Այդ դեպքում Արեւմուտքի ծրագիրը կիրականանար` Ռուսաստանը պատերազմի մեջ կմտներ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հետ:
Ինչո՞ւ Արեւմուտքից կարող էին Վրաստանի իշխանություններին առաջարկել՝ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, իսկ նույնը չէին կարող անել Ադրբեջանին: Վրաստանը չի համաձայնել այդ առաջարկին, քանի որ թիկունքին չուներ Թուրքիայի նման հզոր դաշնակից եւ միայնակ կարող էր չդիմանալ ռուսական բանակի ճնշմանը: Մինչդեռ Ադրբեջանը հաշվեց, որ Ռուսաստանը գտնվում է առանց այն էլ ծանր վիճակում, հիշեցնենք, որ այդ ժամանակ ռուսական բանակը պարտություն էր կրում եւ նահանջում էր Խարկովի մարզում եւ հանուն Հայաստանի չէր միջամտի: Հաշվարկը ճիշտ էր, որի դիմաց ստացավ հսկայական առավելություն Հայաստանի նկատմամբ` նախ գրավեց ռազմավարական նշանակության տարածքներ, կրակային վերահսկողություն հաստատեց Երեւան-Մեղրի ավտոճանապարհի տարբեր հատվածների նկատմամբ, բացի դա` ցույց տվեց, որ ցանկացած պահի կարող է անպատիժ հարձակվել Հայաստանի վրա, ստանալով իր ուզածը:
Ըստ էության, նույնը Ադրբեջանն արեց նաեւ 2023 թ. սեպտեմբերին, երբ փաստացի գրավեց եւ հայաթափեց Արցախը, ինչպես նաեւ Արցախն ազատեց ռուսական ռազմական ներկայությունից: Ռուսաստանը դարձյալ չմիջամտեց, չնայած ունեցավ հեղինակության լուրջ կորուստ, չիրականացրեց խաղաղապահի իր առաքելությունը, որը ՀՀ իշխանությունները ներկայացրին որպես ցանկության բացակայություն: Բայց Ռուսաստանի իշխանություններին չի հուզում իրենց հեղինակությունը, նրանք այլ ռազմավարություն են որդեգրել` ոչ մի կերպ չշեղվել հիմնական խնդրից` Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթանակից: Նույնիսկ երբ Սիրիայում թուրքամետ ուժերը հարձակվեցին ռուսների հովանավորյալ Ասադի ուժերի դեմ, Ռուսաստանը չմիջամտեց, թեեւ հարվածի տակ էր դրվում Միջերկրական ծովի ափին ունեցած իր ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի ներկայությունը: Ի վերջո, Արեւմուտքի ցանկությունը եւս դա է. Ռուսաստանին շեղել դեպի այլ կոնֆլիկտներ, հնարավորություն չտալ, որ ուժերը կենտրոնացնի մեկ ռազմաճակատում:
Երբ Կոբախիձեն ասում է, որ, ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանը չդարձավ մանրադրամ Արեւմուտքի ձեռքում, նա դիվանագիտորեն չի խոսում Հայաստանի` մանրադրամ դառնալու մասին: Նախ, Վրաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններն արդեն իսկ թշնամական են, Ուկրաինայի իշխանությունները դժգոհ են, որ հանուն իրենց վրացիները չգնացին ինքնասպանության, բացի դա, Ուկրաինան եւ Վրաստանը հարեւաններ չեն: Բայց փաստն այն է, որ Հայաստանը եւս մանրադրամ է Արեւմուտքի ձեռքին եւ 2018-ից սկսած՝ օգտագործվում է հակառուսական քարոզչության եւ տարբեր հակառուսական գործողություններում: Դրանից Հայաստանը ոչ մի օգուտ չի ստանում` թող որեւէ մեկն ասի, թե ինչ տնտեսական, ենթակառուցվածքային, անվտանգային օգուտ է ստացել Հայաստանն Արեւմուտքի կողմից օգտագործվելու դիմաց։ Դրա փոխարեն Արեւմուտքն օգնել է Փաշինյանին՝ պահել իր աթոռն ու իշխանությունը: Իվանիշվիլին ցույց տվեց, որ իշխանությունը կարելի է պահել նաեւ Արեւմուտքի մանրադրամը չդառնալով, ազգային շահերը եւ անձնական արժանապատվությունը պահելով: Մի բան, որ խորթ է Փաշինյանին:
Կարծիքներ