2015 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, պատմական որոշում ընդունեց՝ ի պաշտպանություն լրագրողների իրավունքների։ Իրավապաշտպաններն իրար մեջ այն անվանում են «գոլդ», քանի որ որոշման համարը միմյանց հաջորդող չորս թվերից է բաղկացած՝ ՍԴՈ N 1234։
Այս որոշմամբ Սահմանադրական դատարանը մեկնաբանել եւ հստակեցրել է ԶԼՄ-ների մասին օրենքի եւ այն ժամանակ գործող Դատական օրենսգրքի հոդվածները, որոնք վերաբերում էին քննչական մարմինների կողմից լրագրողներին ուղղված տեղեկատվության աղբյուրի բացահայտման պահանջին։
Որոշմամբ սահմանվել է երեք դեպք, երբ լրագրողին ուղղված պահանջն օրինական ուժ ունի: «Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ տեղեկատվության աղբյուրի բացահայտման օրինական շահը գերակա կարող է համարվել այն չբացահայտելու հանրային շահի նկատմամբ այն դեպքերում, երբ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, ծանր հանցագործությունը կանխելու կամ ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար»,- ասում է ՍԴ-ն: Բոլոր մնացած դեպքերում լրագրողները պարտավոր չեն աղբյուր բացահայտել։ Այսպիսով, ՍԴ-ն երկաթյա պաշտպանություն ապահովեց ԶԼՄ-ների համար։ Իսկ հետագայում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հպարտանում էր այդ որոշմամբ՝ այն անվանելով տարվա լավագույն որոշումը։
Իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը մեկ տարուց ավելի աշխատեցին, որպեսզի այն իրականություն դառնա, իսկ սկիզբը «Հրապարակ» թերթի եւ ilur.am կայքի հրապարակումներն էին՝ 2014 թ․ մայիսին Շիրակի մարզում տեղի ունեցած մի միջադեպի վերաբերյալ։ Մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը կուրացնող լույսով երթեւեկելու համար կանգնեցրել էր հայտնի գյումրեցի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի ավտոմեքենան եւ նրա ու եղբոր նկատմամբ բռնություն կիրառել: Եղբայրները դրա մասին գերադասեցին լռել, իսկ նրանց մարզիչը, որը նաեւ վերջիններիս հայրն է, հետագայում «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ իր որդին՝ Արթուր Ալեքսանյանը, չի ցանկանում հիշել այդ միջադեպը, ինչը հաստատում էր, որ միջադեպ եղել է։ ԶԼՄ-ների հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվեց, սկսվեց քննություն:
Հատուկ քննչական ծառայությունը դիմեց Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ դատավոր Գագիկ Խանդանյանից կորզեց որոշում, որով ԶԼՄ-ներին պարտադրում էր բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Այդ նիստի վերաբերյալ ԶԼՄ-ների ներկայացուցիչները տեղեկացված չէին եղել, նրանք դատարան հրավիրված չէին եղել, եւ, փաստորեն, դատը կայացավ առանց նրանց։
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն հայտնեց Հայաստանում դատարանի կայացրած այդ որոշման կապակցությամբ, որ «լրատվամիջոցների վրա կարող է թողնել կաշկանդող ազդեցություն, քանի որ այն կարող է խոչընդոտել հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների լուսաբանմանը»։ Մենք դիմեցինք վերաքննիչ դատարան, եւ սկսվեց երկարատեւ գործընթաց, որն ավարտվեց ՍԴ վերոհիշյալ որոշմամբ։
Այդ որոշման ընդունումից հետո մի քանի տարի շարունակ քննչական մարմինները մոռացան աղբյուրի բացահայտման պահանջի մասին: Այսօր կրկին հիշել են: Քննչական մարմինը պատեհ-անպատեհ սկսել է ինֆորմացիայի աղբյուրի բացահայտում պահանջել լրագրողներից: Սեպտեմբերի 26-ին Hayeli.am կայքում, ապա նաեւ՝ Armlur.am-ում հրապարակվեց, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մահից առաջ ասել է, թե իրեն պարտադրել են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունքներ գրել: Պարտադրված ցուցմունքների մասին տեղեկատվությունը որքան էլ կասկածելի թվա, այն չպետք է իրավապահների ուշադրությանն արժանանար: Մինչդեռ կայքերի խմբագիրները հարցաքննվեցին: Նրանցից պահանջեցին աղբյուրի բացահայտում: «Եկան, հարցաքննեցին, մենք ասացինք, որ աղբյուրը չենք բացահայտի, թողեցին-գնացին,- ասում է Armlur.am-ի խմբագիր Քնար Մանուկյանը։- Չեմ կարծում, որ սա ճնշում է մամուլի նկատմամբ, բայց արդեն երկրորդ դեպքն է՝ ինձ հետ կապված: Մի անգամ ՀՔԾ-ն էր հարցաքննել, աղբյուր պահանջել, հիմա էլ Քննչական կոմիտեից կանչեցին, հարցաքննեցին ու կրկին աղբյուր են ուզում»:
Սեպտեմբերի 23-ին «Հրապարակը», արցախյան աղբյուրը վկայակոչելով, գրել էր, որ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որը բանակային ծառայության մեջ է, զորամասում ծեծի է ենթարկվել Զորի Բալայանի թոռան կողմից, որը նույնպես ծառայում է: Զորի Բալայանը հաստատել էր տեղեկությունը, իսկ ՊՆ-ն՝ հերքել: Հրապարակումից հետո թերթը գրություն ստացավ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնից՝ տրամադրել տեղեկատվության աղբյուրը: Մենք պատասխանեցինք, որ եթե մի փոքր ծանոթանայիք մամուլի հետ կապված օրենսդրությանը եւ ՍԴ որոշմանը, մեզ նման պահանջ չպետք է ներկայացնեիք, որովհետեւ օրենքները եւ ՍԴ 1234 որոշումը թույլ են տալիս մեզ աղբյուրը չբացահայտել։ Քննչական կոմիտեն հակադարձեց, թե աղբյուրի բացահայտման հարցում պարտադրանք չի եղել, այլ եղել է ընդամենը առաջարկ:
«Միայն այն հանգամանքը, որ լրագրողը ներգրավվում է քրեական գործով որպես վկա եւ կանչվում հարցաքննության իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար, անձնական կյանքի տեսանկյունից խիստ անցանկալի է յուրաքանչյուրի համար,- ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։- Պատկերացնենք՝ լրագրողը, ով լուսաբանում է քրեական գործեր, հնարավոր է բոլոր այդ գործերով ներգրավվել որպես վկա, քանի որ միշտ էլ լրագրողները կարող են այնպիսի տվյալների տիրապետել, որոնք այս կամ այն պատճառով նախաքննություն իրականացնող մարմինները դեռեւս չեն պարզել։ Հիմա ի՞նչ, այդ բոլոր գործերով պիտի լրագրողը վկա՞ ներգրավվի»։
Ըստ Դոյդոյանի, ամենաբացասական ազդեցությունն ինքնագրաքննությունն է։ «Խմբագիրներն արդեն ձեռնպահ կարող են մնալ որոշ հանրային կարեւորության տեղեկություններ հրապարակելուց միայն այն պատճառով, որ չեն ցանկանում գործ ունենալ եւ ժամանակ վատնել նախաքննական մարմիններում։ Ի վերջո, լրագրողներին հարցաքննելը ծայրահեղ քայլ պետք է լինի, որին դիմել կարելի է միայն բոլոր այլ միջոցները սպառելուց հետո եւ ոչ թե դա համարել քրեական գործով ապացույցներ հավաքելու ամենահեշտ միջոցը։ Լրագրողներն իրենց գործն են անում, իրավապահ մարմինն էլ իրենը թող անի»։
Իրավապաշտպան, փաստաբան Արա Ղազարյանն էլ այսօր մտահոգիչ միտումներ է նկատում: «Ես հիշում եմ, որ Սահմանադրական դատարանի 1234 որոշման ընդունումից հետո այն ժամանակվա գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը լայն քննարկում կազմակերպեց դատախազների, լրագրողների, փաստաբանների մասնակցությամբ, եւ դրանից հետո արդեն երկար ժամանակ դադարել էին տեղեկատվական աղբյուրի բացահայտում պահանջել լրագրողներից: Հիմա նորից սկսել են»,- ասում է Ղազարյանը:
Ըստ նրա՝ սա անիմաստ գործելաոճ է, քննչական ներուժի վատնում, քանի որ լրագրողը նման պահանջի դեպքում քննիչի սեղանին է դնելու Սահմանադրական դատարանի որոշումը, եւ դրանով ամեն ինչ ավարտվելու է: