Աբխազիայում անհանգիստ է
Աբխազիայում արդեն մի քանի օր ընթացող հուզումները կարծես չեն դադարում։ Ընդդիմությունը փակել է դեպի Սուխումի տանող ճանապարհներին եղած կամուրջները, ինչը առաջացրել է բազմակիլոմետրանոց խցանումներ։ Պատճառը Աբխազիայի խորհրդարանի կողմից Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացումն է։ Համաձայն այդ համաձայնագրի, այսուհետ ՌԴ քաղաքացիները կարող են Աբխազիայում անշարժ գույք եւ հողամասեր ձեռք բերել, ինչպես նաեւ իրականացնել բնակելի համալիրների շինարարություն։ Աբխազական ընդդիմությունը դեմ է այդ նախագծին։ Դեռ ամիսներ առաջ, Ռուսաստանը, ըստ ամենայնի, ցանկանալով պատժել Սուխումիին համառության համար, դադարեցրել է աբխազ պաշտոնյաներին աշխատավարձ վճարելը, ինչպես նաեւ այլ սուբսիդիաներ հատկացնելը։ Այս ամենի ազդեցությամբ, աբխազական կառավարությունն ի վերջո ստիպված եղավ ստորագրել համաձայնագիրը։ Սակայն աբխազական ընդդիմությունը կարծում է, որ այդ համաձայնագիրը սահմանափակում է Աբխազիայի ինքնիշխանությունը եւ փաստացի այն դարձնում Ռուսաստանի երկրամասերից մեկը։
Համաձայնագրի վավերացման խորհրդարանական պրոցեդուրան աչքի ընկավ բավականին բուռն տեսարաններով։ Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ սկսվեց բախում, որից հետո իրավապահները ձերբակալեցին ընդդիմադիր կուսակցությունների մի քանի ներկայացուցչի։ Արդյունքում բողոքի տրամադրություններն ավելի բորբոքվեցին։ Ընդդիմության կողմնակիցները հավաքվեցին Սուխումիի կենտրոնում եւ փակեցին կենտրոնական փողոցները։ Տեղի ունեցան բախումներ ուժայինների եւ ցուցարարների միջեւ։ Այդ ամենի ֆոնին հրավիրվեց ԱԱԽ արտահերթ նիստ՝ աբխազական նախագահ Ասլան Բժանիայի գլխավորությամբ։ Նախագահը հավաստիացրեց Սուխումիի բնակիչներին, որ իրավիճակը լիովին գտնվում է իշխանությունների հսկողության ներքո։
Նոյեմբերի 12-ի առավոտյան իշխանությունները խոստացան ազատ արձակել ընդդիմադիրներին, որոնք խորհրդարանում մասնակցել էին իշխանականների հետ բախմանն ու ձերբակալվել։ Ցուցարարները մի փոքր հանդարտվեցին եւ համաձայնեցին բացել Կոդորի կամուրջը, որով անցնում է դեպի Վրաստան գնացող ճանապարհը։ Սակայն նաեւ նախազգուշացրեցին, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, կամուրջն էլի կփակվի։ Ըստ ամենայնի ներկայումս բավականին խնդրահարույց իրավիճակ է Աբխազիայում։ Աբխազներն, իհարկե, հասկանում են, որ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի անկախությունը, սակայն հասկանում են նաեւ, որ առանց Ռուսաստանի Աբխազիան որպես անկախ պետություն գոյություն ունենալ չի կարող։ Իր հերթին Ռուսաստանն էլ հասկանում է դա ու պահանջում, որ հանվեն այն բոլոր սահմանափակումները, որոնք վերաբերում են ռուսական կողմի ներդրողներին եւ գործարարներին, որպեսզի նրանք կարողանան Աբխազիայում ձեռք բերել անշարժ գույք, հողամասեր եւ աբխազ գործարարների հետ ստեղծել համատեղ ձեռնարկություններ։ Բացի այդ, դեռ տարիներ առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ռուսաստանի օրենքները սկսելու են գործել Աբխազիայում։ Սակայն դա չեղավ ու հիմա շատ հանցագործներ թաքնվում են ռուսական իրավապահներից հենց Աբխազիայում։ Ռուսների՝ ցայժմ արված շատ ներդրումներ էլ Աբխազիայում պարզապես յուրացվել են տեղի իշխանավորների ու կլանների կողմից, ծառայեցվել սեփական հարստացմանը եւ ռուսները դրանից զայրացած են։
Ռուսները Աբխազիայում հող գնելու իրավունք չունեն, իսկ աբխազները կարող են ՌԴ-ում հողամասեր գնել։ Նույնիսկ մասնավոր ներդրումների մասով, աբխազական կողմը հաճախ պարզապես խաբել է ռուս գործարարներին։ Այս ամենից բացի, Աբխազիայում ներկայումս բազմաթիվ կառույցներ կան հանրային սեկտորում, որոնք ֆինանսավորվում են Արեւմուտքի կողմից եւ հակառուսական տրամադրություններ են բորբոքում։ Բավականին մեծ ազդեցություն ունի Սուխումիի վրա նաեւ Թուրքիան։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ Աբխազիան գոյատեւման մի հնարավորություն ունի՝ կամ Ռուսաստանի հովանու ներքո լինել, կամ էլ Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի հետ համադաշնություն կազմել՝ էլի ռուսական հովանու ներքո։ Թեեւ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Աբխազիային, սակայն կեսմիլիոնանոց այդ երկրում կան կլաններ, որոնք ատելություն ունեն թե վրացիների հանդեպ, թե՝ հակակրանք ռուսների։ Երիտասարդության մի մասն էլ ազգայնականությամբ է տոգորված։ Ամեն դեպքում փորձագետները կարծում են, որ չնայած փակուղային իրավիճակին Ռուսաստանը կգտնի լուծում Աբխազիայում սկսված ճգնաժամի առնչությամբ։
Նարեկ Հարությունյան
Կարծիքներ