Հին էլեկտրագնացքները ցերեկային ժամերին չեն գործելու. երկաթգծի աշխատակիցները մտահոգ են

Հին էլեկտրագնացքները ցերեկային ժամերին չեն գործելու.  երկաթգծի աշխատակիցները մտահոգ են

Ուղևորների հոսքի ավելացման և ուղևորափոխադրումների որակի կատարելագործման նպատակով՝ 2020 թվականի հունվարի 20-ից էապես փոփոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներհանրապետական ուղևորատար  էլեկտրագնացքների չվացուցակները: Այս մասին երեկ տեղեկացրել է ՓԲ ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայտարարության մեջ հատկապես ուշագրավ է տեղեկության այս հատվածը. Հունվարի 20-ից չեն գործելու №686/687 Երևան-Գյումրի-Երևան և №7011/7016 Արաքս-Երևան-Արաքս էլեկտրագնացքները:

Նշենք, որ խոսքը վերաբերում է ցերեկային ժամերին՝ 12:00-ից 14:00 ժամանակահատվածում Գյումրիից Երևան, Երևանից Արաքս և հակառակ ուղղությամբ գործող էլեկտրագնացքներին: Ի դեպ այս ուղղությունները սպասարկում են նախկին, հին գնացքները, որոնց տոմսի արժեքը անհամեմատ էժան է: Եթե Երևան-Գյումրի նոր էլեկտրագնացքի տոմսի արժեքը 2500 դրամ է, և ուղևորներից շատերի համար այն թանկ է,ապա 1000 դրամով հին էլեկտրագնացքներով երթևեկելը և՛ մատչելի, և՛ ապահով է:

Հունվարի 20-ից հետո փաստի առջև կկանգնեն ոչ միայն այս ուղղություններով երթևեկող քաղաքացիներն,այլև հենց երկաթգծի աշխատակիցները: «Բոլոր փոփոխություններն էլ հասկանալի են, բայց հանել հենց ցերեկային ժամերի գնացքը, որի պահանջարկն ամենաշատն է,անտրամաբանական է: Ես հիմա չեմ խոսում հասարակ քաղաքացիների մասին,որոնք գյուղից-քաղաք,քաղաքից-գյուղ գնում-գալիս են գնացքով  հենց էս ժամերին,ինձ հիմա անհանգստացնում է մեր՝ երկաթգծի աշխատակիցների վիճակը: Մենք շատ հաճախ կայարանից կայարան գործուղման ենք մեկնում ցերեկային ժամերին: Մեզ միայն հին էլեկտրագնացքներով է թույլատրվում անվճար երթևեկել, նոր էլեկտրագնացքը նախ կանգառներ չունի, բացի այդ, թեկուզ որպես երկաթուղային,մենք զրկված ենք անվճար օգտվելու իրավունքից: Հիմա եթե ինձ Գյումրիից Երևան կամ մոտակա կայարաններ գործուղեն՝ թերությունները վերացնելու կամ այլ նպատակով, ես  պետք է կամ սեփական փոխադրամիջոցս օգտագործեմ, կամ էլ իմ գրպանից վճարեմ երթևեկելու համար»,-մեզ հետ զրույցում ասաց երկաթգծի աշխատակիցներից մեկը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռուբեն Գրձլյանից փորձեցինք պարզել, թե հատկապես ինչով է պայմանավորված   հին էլեկտրագնացքների՝ ցերեկային ժամերին  չգործելը: Գլխավոր տնօրենի մամուլի խոսնակը սահմանափակվեց մեզ տրամադրելով  նոր չվացուցակը՝ նշելով, որ փոխված չվացուցակները արդեն  հասանելի են  ՀԿԵ պաշտոնական կայքի «Ուղևորատար գնացքների չվացուցակներ» բաժնում։

Նշենք, որ, ըստ նոր չվացուցակի, ընկերությունն ավելացրել է նոր էլեկտրագնացքների երթուղիները: Մասնավորապես ասված է.

«Փոխվում է №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի երթևեկության կարգը. այն Երևանից մեկնելու է ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 10:15-ին՝ 9:15-ի փոխարեն: Գյումրիից վերադարձի ժամը մնում է անփոփոխ՝ 17:55:

Հաճելի նորություններ են սպասում ամենօրյա №681/682 Գյումրի-Երևան-Գյումրի գնացքի ուղևորներին՝ ուղերթը սպասարկելու է ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Գյումրիից մեկնելու է 8:30 (7:45-ի փոխարեն), իսկ Երևանից՝ 18:30 (18:25-ի փոխարեն):

Ամենօրյա №684/685 Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացը հունվարի 20-ից Երևանից մեկնելու է 9:00 (7:55-ի փոխարեն), իսկ Գյումրիից՝ 18:55 (18:15-ի փոխարեն):

Ամենօրյա Երևան-Երասխ-Երևան №7640(7641)/6512(6511) էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 4:40 (19:00-ի փոխարեն), Երասխից՝ 6:30:

Հունվարի 20-ից կգործեն երեք նոր էլեկտրագնացքներ՝ երկուսը՝ Արմավիրի, մեկը՝ Արարատի ուղղություններով: Ամենօրյա №7010/7011 Երևան-Արմավիր-Երևան էլեկտրագնացքը Երևանից կմեկնի 6:20, Արմավիրից՝ 7:25: Իսկ №7012/7013 Երևան-Արմավիր-Երևան երթուղին սպասարկելու է նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Երևանից մեկնելու է ամեն օր՝ 15:00, Արմավիրից՝ 16:30:

№6514(6513)/6516(6515) Երևան-Արարատ-Երևան էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է ամեն օր՝ 19:00, Արարատից՝ 20:40:

 «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով»: