Մեղավոր են Տեր-Պետրոսյանը, Վազգենները, Քոչարյանը… Նիկոլը մեղավոր չէ

Մեղավոր են Տեր-Պետրոսյանը, Վազգենները, Քոչարյանը… Նիկոլը մեղավոր չէ


Արցախը «հորով-մորով» անելուց հետո Նիկոլ Փաշինյանն անցել է Սյունիքի եւ Հայաստանի սահմանների հարցերը լուծելուն: Պարզվում է, ուզում է վերականգնել «պատմական արդարությունը», որը խախտվել էր 26 տարի առաջ: Սյունիքի սահմանները, որոնք հիմնականում անմիջական հարակից են ադրբեջանական կողմին, մնացել են անպաշտպան. չկա բանակ, որ պաշտպանի մարզի սահմանները եւ ապահովի գյուղացիների, խաղաղ բնակչության անվտանգությունը: Անվտանգության խնդիրներն իրենց ուժերի չափով լուծում են բնակիչները, որոնց ձեռքից զենքերը հավաքել են: Համայնքապետերն են լծված ինքնապաշտպանության  կազմակերպչական աշխատանքներին: Սյունեցին մնացել է դեմ-դիմաց, մեն-մենակ թշնամու զինված հրոսակախմբերի առաջ: Ո՛չ պետություն ունենք, ո՛չ` ղեկավարություն: Իսկ ադրբեջանական կողմից ամեն օր տեսանյութեր են հրապարակվում, թե ինչպես են օրական մի քանի տասնյակ հայ մարդու գերի վերցնում: Օրերս անգամ տարեց մարդկանց էին գերեվարել: Թե որտեղից են գերի ընկել մեր հայրենակիցները, հայտնի չէ: Բայց որ արդեն Սյունիքն ու սյունեցիներին են թշնամու առաջ բացել, անթաքույց սկսել են քարոզել փաշինյանամերձ մարդիկ: 

Իշխանականները մեկը մյուսին հակասող հայտարարություններ են անում. պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից ոչ մի զիջում չի լինելու: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ կառավարության նիստում հայտնում է, որ ՊՆ սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ: Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին ասում է. «Նոր միջավայրը մեզ համար բավականին խնդիրներ է ստեղծել, բայց պետք է հասկանանք, որ սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա, եւ դրանից ելնելով է կատարվում սահմանագծումը»: Իսկ Հանրայինի եթերում ասել էր. «Այս պահին Սյունիքում դեմարկացիա է կատարվում, որի շրջանակներում ճշգրտվում է սահմանը։ Ոչ միայն Սյունիքում, կարելի է ասել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիա է կատարվում»: Հիշեցնենք, որ դեմարկացիա նշանակում է. «Միջազգային իրավունքում փոխադարձ համաձայնությամբ հարեւան պետությունների սահմանագծի որոշումը համապատասխան քարտեզի վրա (դելիմիտացիա) եւ սահմանագծի անցկացումը երկրի մակերեւույթի վրա (դեմարկացիա)։ Կատարվում է, երբ անհրաժեշտություն է առաջանում որոշելու սահմանների ճիշտ տեղը կամ լուծելու դրա հետ կապված խնդիրներ»։  

Փաստորեն, արցախյան պատերազմում Փաշինյանի ստորագրած հայտարարությունը վերաբերում էր ոչ միայն Արցախին, այլեւ` ՀՀ-ին: Պարզվում է, որ մինչ այդ մեր սահմանները «սխալ էին», եւ Փաշինյանը շտկում է «սխալները»: Իսկ այդ մասին ավելի համարձակ գրառում կատարեց Փաշինյանի մտերիմ, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել. «Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է՝ գնացեք: Ասում են՝ հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: Է՞ս է ձեր մակարդակը: Ես որ գամ ձեր տանը իմ գրասեղանը դնեմ, ու եթե ասեք՝ գնա, պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լա՞վ կլինի»: 

Փաստորեն ստացվում է, որ ժամանակին մեծ մեղք են գործել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, հետո` Ռոբերտ Քոչարյանը, ովքեր մտել են «այլ պետության տարածք», այնտեղ տներ կառուցել ու հանքեր շահագործել: Էլի նախկիններն են մեղավոր, իսկ Փաշինյանը շտկում է նախորդների պատմական սխալներն ու «ճշտում» Հայաստանի սահմանները: Եթե Փաշինյանը մտել է այս տիրույթ, եւ վերականգնվում են պատմական սահմանները, ապա պարտավոր է հայացքն ուղղել  հակառակ ուղղությամբ եւս եւ դեմարկացիա անցկացնել նաեւ Արեւմտյան Հայաստանի, Արցախում` Գետաշենի, Շահումյանի սահմաններում: 

ՀԳ․ Հիշեցնենք, որ «Անտարեսը» Փաշինյանի` «Երկրի հակառակ կողմը» գրքի հրատարակիչն է։ Բացի այդ, վերջին 2 տարիներին պետությունից, առանց մրցույթի մասնակցելու, պատվերներ է ստացել՝ միլիոնավոր դրամների։ Դրա համար էլ թերեւս միացել է Փաշինյանին ու ադրբեջանամետ քարոզչություն է իրականացնում: