Այսօր՝ ում հետ խոսում էի, ասում էր՝ կորոնավիրուսը Հայաստանում նահանջում է

Այսօր՝ ում հետ խոսում էի, ասում էր՝ կորոնավիրուսը Հայաստանում նահանջում է

 

Երեկ, երբ վարչապետն ասաց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է, առավոտյան էլ,  երբ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից լսեցինք, որ նախորդ օրվա թիվը չի ավելացել, մնացել է նույնը, մարդիկ շատ  ուրախացան։ Անընդհատ մտքիս մեջ էր  գծագրական կորը, երբ բոլոր երկրներում 100-ից հետո սկսում է աճել և մտածեցի, որ Հայաստանում միգուցե  հրաշք է կատարվել։ Այսօր կարդացի Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումը ․

«Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում:

Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ:

Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»։

Ստացվում է, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների այսօրվա թիվը 194-ը չէ՞․․․ Մինչդեռ նայում եմ բոլոր կայքերը, որտեղ գրվել է, որ պահպանվել է նախորդ օրվա թիվը, նախորդ օրը հրապարկված թվի ավելացում չէր եղել։ Կարելի էր առողջապահական մարմինների  համապատասխան հրապարակումներում մի տող ավելացնել և ասել, որ տեխնիկական պատճառներով օրվա թիվը դեռ պատրաստ չէ կամ  նմանատիպ մի բան։ Թե չէ այսօր՝ ում տեսնում էի, ասում էր՝ կորոնավիրուսը Հայաստանում նահանջում է, թիվը նույնն է մնացել։  Հիմա դա լա՞վ է, թե վատ, երբ վաղը լսեն երկու օրվա տվյալները միանգամից․․․ Խուճապի մեջ կընկնե՞ն, թե՞ ընբռնումով կմոտենան։