«Ժողովուրդը ուզում է», ո՞վ է չափել ժողովրդի ուզելու դոզան

«Ժողովուրդը ուզում է», ո՞վ է չափել ժողովրդի ուզելու դոզան

«Հրապարակի» հարցազրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանի հետ մամուլի կարգավորումներին առնչվող ծայրաստիճան վտանգավոր մի օրինագծի հետ կապված։

-Տիկին Զոհրաբյան, մշակվել է օրինագիծ, որը նախատեսում է ազատազրկում սուտ տեղեկատվության համար։ Ըստ որում, սա ձևակերպվում է որպես «հասարակական պահանջ»։ Կա՞ նման պահանջ։ 

-Կարծում եմ, որ ոչ։Կարծում եմ, որ հասարակության մի փոքր հատվածի մեջ, ով հասկանում է, որ այս ատելության գերդոզան, որ այլևս Online տիրույթից տեղափոխվել է Offline տիրույթ, ականապատ մի իրավիճակ է, որի վրա պայթելու ենք բոլորս, և այդ փոքր հատվածի մեջ կա ձևավորվող հասարակական պահանջ՝ օրենսդրորեն կարգավորել ատելության խոսքը, բայց որ  ոչ ճշգրիտ տեղեկատվության համար մարդը ենթարկվի քրեական պատասխանատվության, նման հանրային պահանջ չկա։ Եվ կարծում, որ այն օրենսդրական նախաձեռնությունը, որ նախապատրաստվում է կառավարությունում՝ Արդարադատության նախարարությունում, միտված է լինելու որոշ լրատվամիջոցների լռեցնելու, որոշ լրատվամիջոցների ու լրագրողների հանդեպ քրեական գործեր հարուցելու համար։ Սա շատ վտանգավոր ճանապարհ է։

-Չեք կարծում, որ Նիկոլ Փաշինայնը, ով լրատվամիջոցում տեղեկություն տպագրելու համար քրեական հետապնդման փորձ ունի, չի գիտակցում, թե օրենքն ինչ վտանգներ կպարունակի։

-Չգիտեմ՝ էս պահին Նիկոլը տեղյա՞կ է օրենքի ողջ ռիսկերից ու մանրամասներից, թե ոչ, բայց ես կարծում եմ, որ անգամ միջազգային կառույցները, տվյալ դեպքում՝ Վենետիկի հանձնաժողովը  կանաչ լույս չի տալու այս նախագծին, բայց քանի որ մենք հասկացանք, որ այլևս այնքան լեգիտիմ ենք, որ կարող ենք թքած ունենալ Վենետիկի հանձնաժողովի ու մնացած բոլոր հանձնաժողովների վրա, չեմ բացառում, որ նման նախագիծ ընդունվի, ինչը ուղղակի, իմ վստահ համոզմամբ, խնդիր է լուծելու՝ լռեցնելու որոշ լրատվամիջոցների։

-Իսկ հասարակությունը,լրագրողական կազմակերպությունները թողնելու՞ են, որ այդ օրենքն ընդունվի։

-Ես հույս ունեմ, որ լրագրողական այն կազմակերպությունները, ովքեր չեն կցվել իշխանությանը, ինչպես նախկինում կցված են եղել նախորդ իշխանություններին, թույլ չեն տա, որ մի քանի լրատվամիջոցի խնդիր լուծելու համար թվացյալ լեգիտիմ ձևակերպմամբ, նման օրենդրական նախաձեռնություն բերվի։ Բայց նորից եմ կրկնում՝ մենք այսօր ունենք մի իրականություն, երբ ցանկացած որոշում կայացնելիս՝ հղում է արվում ժողովրդի կարծիքին։ Ժողովուրդը ուզում է․․․ և որևէ մեկը չի կարող չափել, թե  ժողովրդի ուզելու դոզան որն է։ Եվ միակ հղոււմն այն է, որ մենք ստացել ենք այսքան տոկոս վստահության քվե, և սա ժողովրդի պահանջ է։ Այդ ձևակերպմամբ և հղում անելով ժողովրդին, կարելի է ցանկացած ամենաաբսուրդային նախաձեռնություն լեգիտիմացնել և ընդունել։ Եվ նույնիսկ այստեղ չեմ բացառում, «Օվերտոնի պատուհանի» սկզբունքով անըդհատ ժողովրդին հղում անելով և ժողովրդի անունից խոսելով՝ կարող են ամենաանընդունելի գաղափարներին ևս օրենսդրական փաթեթավորում տալ։ Երեկ եթերներից մեկում էլ ասացի, որ եթե վարչապետը Հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում ասում է, որ, այո, «մենք ավելի շատ ենք օգտագործելու հանրաքավեի ինստիտուտը, որովհետև մեզ համար կարևորէ  լինելու ժողովրդի տեսակետը»,երկու ձեռքով պաշտպանում եմ վարչապետի տեսակետը և միանգամից առաջարկում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանրաքվեի դնել նաև Ամուլսարի խնդիրը և Ստամբուլյան կոնվենցիան, որովհետև այս երկու հարցերը մեր հանրության համար կենսական նշանակության հարցեր են։ Իմ վստահ համոզմամբ՝ շատ ավելի կենսական, քան Հրայր Թովմասյանի պերսոնան։