Բրիտանական The Independent-ը հոդված է հրապարակել Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահի օգնականի մեկնաբանություններով

Բրիտանական The Independent-ը հոդված է հրապարակել Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահի օգնականի մեկնաբանություններով

Բրիտանական The Independent պարբերականը մի քանի ժամ առաջ հարցազրույց է հրապարակել ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ «Սերժ Սարգսյան․ Հայաստանի նախկին նախագահը վրոդովված է Լեռնային Ղարաբաղի պատերազմի «խելագարության» վրա» վերտառությամբ www.independent.co.uk/news/world/europe/armenia-azerbaijan-nagorno-karabakh-us-war-fighting-pompeo-sargsyan-b1183692.html ։

Որպես հրապարակված հոդվածի հեղինակ նշված է միջազգային թղթակից, իրանցի-ամերիկացի Բորզու Դարագահին։ Որպես հոդվածի գլխավոր նկարներ դրված են․ նկար՝ 2018 թվականին ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանի և այն ժամանակ ԱԺ «Ելք» խբակցության ղեկավար, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միեջև հանդիպումից  և նկար՝ Լեռնային Ղարաբաղի սահմաններին ռազմական գործողություններից, որում պատկերված է ադրբեջանցի զինվորների կողմից հրետանու օգտագործումը։

Հրապարակված հոդվածի առաջին տողում գրված է «Հարցազրույց․ Հակասական քաղաքական գործիչն ասում է, որ Ադրբեջանի նախագահի հետ ուղիղ բանակցությունները «մեծ սխալ» կլինեն»։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանի երկարամյա նախկին նախագահը նախազգուշացրել է Կովկասում հակամարտության սրման մասին, երբ իր երկրին հավատարիմ զինված ուժերը հազվագյուտ ժամանակակից պատերազմում մարտնչում են ադրբեջանցի զինվորների դեմ՝ երկու ժողովուրդ միմյանց դեմ:

 Հոդվածագիրը գրել է, որ  Սերժ Սարգսյանը զրուցել է «The Independent»-ի հետ, քանի որ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրեբեջանի արտգործնախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովն ուրբաթ օրը պատրաստվում են հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Վաշինգտոնում` Լեռնային Ղարաբաղում կռիվը դադարեցնելու հուսահատ ջանքերի պայմաններում, որն ամենամահացուն էր 1990-ականներից ի վեր: «Ինդիփենդենթ»-ի կողմից «խորը հակասական գործիչ» որակված Սերժ Սարգսյանը, պարբերականի փոխանցմամբ, շարունակվող պատերազմն անվանել է «խելագարություն»՝ մեղադրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հակամարտության ետևում շարժիչ ուժ լինելու համար։ 

«Ռազմավարական առումով այս պատերազմը խելագարություն է, և քաղաքացիական անձինք վճարում են Ալիևի խենթ երազանքի համար», - մեջբերում է «Independent»-ը Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնք էլեկտրոնային փոստով փոխանցվել են պարբերականին:

Բորզու Դարագահին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին և նրա հարակից շրջաններին, մեկնաբանում է․ «Հայաստանը մեծամասամբ էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղ անկլավը հայտարարում է որպես իր հայրենիքի մաս, նույնիսկ այն դեպքում, երբ այն միջազգայնորեն ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք: 1990-ականների սկզբի պատերազմից ի վեր տարածքը և հարակից շրջանները, որոնք նույնպես համարվում էին Ադրբեջանի մաս, հայկական ուժերի և Երևանին հավատարիմ խամաճիկային կառավարության վերահսկողության տակ են»:   

Հոդվածագրի խոսքերով՝ Ադրբեջանը, որը հարուստ է գազի փողերով և աջակություն է ստանում տարածաշրջանային տերություն Թուրքիայի կողմից, ռազմական տեխնիկայի առավելություն ունի Հայաստանի նկատմամբ և փոքր նվաճումներ է ունեցել սեպտեմբերի 27-ին սկսված մարտերից ի վեր: «Ադրբեջանի ձեռքբերումները հսկայական ծախսեր են արժեցել»,- մեջբերում է ՀՀ երրորդ նախագահի խոսքերը բրիտանական պարբերականը։   

«Ադրբեջանի նախագահը բազմիցս խոստացել է իր ժողովրդին, որ իր բանակը կարող է շատ արագ նվաճել Լեռնային Ղարաբաղը։ [...]: Հիմա նրանք օգտագործում են իրենց տրամադրության տակ եղած բոլոր զենքերը, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերը և Թուրքիայի կողմից ուղարկված վարձկաններին: Սակայն մարտերի երեք շաբաթվա ընթացքում նրանք կարողացան առաջ գնալ միայն մեկ շրջանում, և դա չի նշանակում պատերազմի ավարտ»,- ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է «The Independent»-ը։ 

Պարբերականը նաև մեկնաբանություն է վերցրել Ադրբեջանի նախագահի արտաքին գործերով օգնական Հիքմեթ Հաջիևից, որն, ի պատասխան, Սերժ Սարգսյանին անվանել էր «ռազմական հանցագործ»՝ մեղադրելով նրան 1992-ին Խոջալու քաղաքում առնվազն 161 խաղաղ բնակչի զանգվածային սպանությանը մասնակից լինելու մեջ: «Նա ուղղակիորեն զբաղվում էր ադրբեջանցի խաղաղ բնակիչների սպանությամբ», - The Independent-ի հաղորդմամբ՝ ասել է Հաջիևը՝ հավելելով, որ այժմ Սերժ Սարգսյանը փորձում է ներկայանալ որպես հրեշտակ և խաղաղասեր։ «Ադրբեջանի համար նա ռազմական հանցագործ է և երեխաներ սպանող»,- ասել է Ալիևի օգնականը։ 

Նշենք, սակայն, որ Խոջալուի դեպքերից մեկ ամիս անց Ադրբեջանի առաջին նախագահ (1990-1992) Այազ Մութալիբովը, «Նեզավիսիմայա գազետա» (Независимая газета)  թերթի 1992 թ. ապրիլի 2-ի համարում տպագրված https://www.ng.ru/cis/2017-03-06/100_azerbajdzhan060317.html հարցազրույցում, որը տվել էր չեխ լրագրողուհի Դանա Մազալովային, ասել էր․ «Ինչպես նշում են խոջալուցիները, որոնք փրկվել էին, այդ ամենը կազմակերպվել էր նրա համար, որպեսզի իմ հրաժարականի համար առիթ լիներ։ Ինչ-որ ուժ գործում էր Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար․․․․ Սակայն եզրահանգումների ընդհանուր պատկերը հետևյալն էր՝ որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնվել էր։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է նրանք կրակեին։ Հատկապես Աղդամին մոտակա տարածքում, Աղդամին մոտակա, որտեղ այդ ժամանակ բավականաչափ ուժեր կային՝ մարդկանց օգնության դուրս գալու համար»։

Հոդվածագիրը նաև անդրադարձ է կատարել Սերժ Սարգսյանի գործունեությանը՝ նշելով, որ «1990-ականների սկզբին՝ Խորհրդային Միությունից անկախացումից ի վեր, Սարգսյանը Հայաստանում խոշոր դեմք էր՝ եղել է վարչապետ, պաշտպանության նախարար և ազգային անվտանգության նախարար, իսկ 2008-ից 2018 թվականներին՝ նախագահ, այնուհետև մեկ շաբաթով վարչապետ՝ փորձելով մեծացնել իր իշխանությունը սահմանադրական փոփոխություններից հետո»:

«Իր նախագահության տարիներին նա ձգտեց ձեռք մեկնել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային՝ ջանքեր գործադրելով կարգավորել հարաբերությունները: Դիվանագիտության մեծ ժեստով նա այն ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրեց Հայաստան՝ երկու երկրների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու, միևնույն ժամանակ պարոն Սարգսյանը մեկնեց Թուրքիա հաջորդ խաղի համար»,- գրված է հոդվածում։ Նշենք, որ այս գործընթացը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։

Դարագահին գրում է, որ «շատ հայեր Սարգսյանին համարում են կոռումպացված, ավտոկրատ և Կրեմլի զինվորիկ, նրան վտարեցին իշխանությունից փողոցային համատարած բողոքի ցույցերով, որոնք 2018-ին Հայաստանում սկսեցին քաղաքականության նոր դարաշրջան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք»։

Իսկ Փաշինյանին հոդվածագիրն անվանում է «պոպուլիստ լրագրող», որին, կարճատև հույսից և նորացված երկխոսության շրջանից հետո, ոմանք որակեցին ավելի շովինիստ և ավելի քիչ հաշտվողական իր մոտեցումներում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:

The Independent-ը գրում է, որ Հիքմեթ Հաջիևը Սերժ Սարգսյանին բնութագրել է որպես «ամենաատելի անձ» Հայաստանում․  «Այժմ նրա դեմ առաջադրված են յուրացումների մեղադրանքներ՝ կապված վառելիքի պետական սուբսիդիայի ծրագրից մոտ 800,000 ֆունտ ստերլինգ գողանալու հետ»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի փաստաբաններն այս գործը որակել էին «քաղաքական» և որ ՀՀ գործող իշխանությունները «քաղաքական հետապնդում են իրականցնում» երրորդ նախագահի նկատմամբ ընդդիմադիր գործունեության պատճառով։ Ինչպես նաև նախկինում Փաշինյանի կողմնակիցները վերջինիս դեմ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործը որակել էին «քաղաքական հետապնդում»․ այս գործով Փաշինյանը 2010 թվականին դատապարտվել էր «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքով 7 տարի ազատազրկման, որի մասով ՀՀ վարչապետի կողմնակիցները Փաշինյանին հայտարարել էին «քաղաքական բանտարկյալ»։ 2011 թվականանին նա համաներմամբ ազատ էր արձակվել:

Հատկանշական է նաև, որ հոդվածագիրը փորձել է երկու կողմերի հնչեցրած մեղադրանքները մեկտեղել մի հոդվածում, սակայն բնութագրական հատվածներում չի նշել Ալիևների ընտանիքի հետ կապվող օֆշորային սկանդալները, եվրոպացի պաշտոնյանին կաշառումը նավթադոլարներով, Ադրբեջանի ներսում ընդդիմադիրների նկատմամբ հետապդումները, ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները։

Պարբերականի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ «Սարգսյանն անզիջում կերպով բազմիցս խափանել է խաղաղության ցանկացած ջանք, որի նպատակն էր երկարացնել ադրբեջանական հողի օկուպացիան»: «Մեզ համար նա խաղամոլ էր», - ասել է ադրբեջանցի բարձաստիճան պաշտոնյան՝ հալելելով, որ Սերժ Սարգսյանը նաև այն անձնավորությունն էր, որի հանդեպ չես կարող վստահություն ունենալ կամ վստահել:

Հարցազրույցում, «Ինդեփենդենթի» փոխանցմամբ, Սարգսյանն Ադրբեջանին մեղադրել է խաղաղության ցանկացած հույս վիժեցնելու մեջ: «Այս հակամարտությունը, իրականում, երբեք չի եղել սառեցված հակամարտություն, չնայած մենք կարողացանք երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը», - ասել է ՀՀԿ նախագահը՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանը շարունակում էր հարձակվել ավելի փոքր մասշտաբով:

Հղում անելով «փորձագետների»՝ հոդվածագիրը նշում է, որ երկու երկրները կարգավորմանը հասնելուն ամենամոտը եղել են 2011 թվականին․ «Երբ Սարգսանը և Ալիևը դադարեցրին Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի կողմից կազմակերպված բանակցությունները Ռուսաստանի Կազան քաղաքում»:

ՀՀ երրորդ նախագահը նաև ասել է․ «Իմ խորին համոզմամբ, Ալիևի հետ ուղիղ բանակցությունները մեծ սխալ են այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը»: Նա նաև հավելել է, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ որևէ լուծմամբ, որը հայերին կստիպի հեռանալ Լեռնային Ղարաբաղում իրենց տներից, անհրաժեշտ է, որ խաղաղությունը գա բանակցությունների միջոցով:

Independent-ը նաև գրել է, որ Կրեմլը որպես միջնորդ փորձում է կազմակերպել Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը:

Նշենք, որ այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բացի այդ, նախատեսվում է, որ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կհյուրընկալի ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներին, որոնց հետ կունենա առանձին հանդիպումներ, չի բացառվում, որ նաև լինի եռակաղմ հանդիպում։