Այդ չափորոշիչներով դասագիրք գրելու խնդիրը մեզ համար ընդունելի չէ

Այդ չափորոշիչներով դասագիրք գրելու խնդիրը մեզ համար ընդունելի չէ

Ինչպես հայտնի է, սեպտեմբերից դպրոցներում կներդրվեն նոր չափորոշիչները, ըստ այդմ՝ դասագրքերն էլ էականորեն կփոխվեն, եւ նոր ուսումնական տարուց կունենանք ամբողջովին նոր դասագրքեր։ Սրանով պայմանավորված՝ ամիսներ առաջ ԿԳՄՍՆ-ն հայտարարեց դասագրքերի ստեղծման մրցույթ, որը նոր ընթացակարգով իրականացվում է առաջին անգամ։ Մրցույթին մասնակցության հայտերը ներկայացնելու ժամկետն արդեն ավարտվել է, արդյունքները հայտնի կդառնան հունիսին, իսկ դասագրքերը մինչեւ սեպտեմբեր պետք է պատրաստ լինեն։ 

Պատմության ինստիտուտը տեղյակ չէ՝ ինչպես են վերանայվել պատմության դասագրքերը՝ համաձայն նոր չափորոշիչների։ Ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը չգիտի, թե Հայոց պատմության մասով ինչ հեղինակային խմբեր ու հրատարակչություններ են դիմել՝ դասագրքերի մրցույթին մասնակցելու համար. «Ես միայն կարող եմ ասել, որ մեր նախկին խումբը հրաժարվել է մասնակցելուց, կարող է մենք մեզ համար դասագիրք կամ ձեռնարկ գրենք, ինչպես մինչեւ հիմա գրել ենք, իսկ դա կընդունի նախարարությունը, թե ոչ՝ դա ուրիշ հարց է, բայց միանշանակ է, որ այդ չափորոշիչներով դասագիրք գրելու խնդիրը մեզ համար ընդունելի չէ»։

Ա․ Մելքոնյանն ասում է՝ իրենք ոչ թե բոյկոտել են, այլ հենց ի սկզբանե ցանկություն էլ չեն դրսեւորել՝ մասնակցելու նոր չափորոշիչների հիմքի վրա ստեղծվող դասագրքերի մրցույթին։ Իսկ նոր չափորոշիչների մասով իրենց անհամաձայնությունը դեռ 3 տարի առաջ են հայտնել․ «Մենք մեր անելիքն արել ենք, հիմա նոր սերունդ է եկել, թող իրենք նորն անեն։ Ես անձնապես 3 դասագիրք եմ գրել՝ 1998-ին, 2008-ին, 2018-ին, ովքեր ընդունում են, թող նայեն։ Դպրոցական դասագրքերի վերջին խմբագիրներից մեկն էլ ես եմ եղել՝ Արամ Սիմոնյանի հետ։ Հիմա, եթե համարում են, որ այդ դպրոցական դասագրքերը հնացել են, նոր կոնցեպցիաներին չեն համապատասխանում՝ արդեն իրենց խնդիրն է։ Իրենք առաջարկեցին չափորոշիչներ, որոնք մեզ համար ընդունելի չէին, եւ, ըստ այդմ, գրել են այն մարդիկ, որոնց համար ընդունելի է։ Վերջացավ»։

Ինստիտուտի տնօրենը նկատում է՝ երբ իրենք էին դասագրքերը գրում, տարբեր մեղադրանքներ էին իրենց հասցեին հնչում՝ հատկապես Մարտի 1-ի հետ կապված․ «Կարծես թե դպրոցական դասագիրքը մենակ Մարտի 1-ի մասին է, այնպիսի տպավորություն ստեղծեցին, որ կեղծիքներ են թույլ տրվել․․․, մինչդեռ մենք խորհրդային շրջանի կեղծված դասագրքերից հետո ահռելի աշխատանք կատարեցինք՝ անաչառ պատմություն ներկայացնելու իմաստով, բայց ոչ մեկը մեզ չասաց՝ կեցցեք, այլ միայն փնովում էին՝ մեր վերջին 30 տարվա պատմության վերաբերյալ մեր շարադրանքը դարձնելով թիրախ․․․․ Հիմնական մեղադրանքն այն էր, որ ասում էին՝ Մարտի 1-ի դեպքերի մասով ինչո՞ւ քաղաքական գնահատական չի տրվում, բայց մենք դպրոցական դասագրքում քաղաքական գնահատական ինչպե՞ս պետք է տայինք։ Կամ՝ հենց ձեր թերթում պարոն Դեմոյանը մեզ մեղադրում է, որ «ցեղասպանություն» բառը 1-2 անգամ ենք գործածում, «գենոցիդ» բառն ընդհանրապես չենք գործածում, իսկ «եղեռն» բառն էլ շատ ենք գործածել, ուրեմն գրեթե ուրանում ենք ցեղասպանությունը․․․, բա դա ասելո՞ւ բան է։ Ես մի ամբողջ մենագրություն ունեմ՝ «Հայոց ցեղասպանություն եւ հայրենազրկում» վերնագրով, այսինքն՝ ես ավելացրել եմ նաեւ «հայրենազրկում» բառը, որովհետեւ մենք միայն ցեղասպանության չենք ենթարկվել, այլեւ հայրենազրկվել ենք, այսինքն՝ մեզ ֆիզիկապես բնաջնջել են՝ հայրենիքից զրկելու նպատակով, ըստ այդմ՝ մենք կրկնակի ողբերգություն ապրած ժողովուրդ ենք»։

Նախարարությունը թե՛ հիմա, թե՛ նախկինում, փորձագիտական նկատառումներից ելնելով, դիմե՞լ է Պատմության ինստիտուտին՝ այս կամ այն դասագրքի վերաբերյալ մասնագիտական կարծիք, խորհրդատվություն ստանալու համար։ «Դասագրքերի մասով՝ ոչ, բայց եղել է չափորոշիչների վերաբերյալ, նախորդ նախարարը՝ Դումանյանը դիմեց, մենք կարծիք գրեցինք, որտեղ մեր ինստիտուտը, նաեւ՝ Արեւելագիտության ինստիտուտը, ԵՊՀ-ն, Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետն արեցին իրենց դիտարկումները, բայց այդպես էլ չիմացանք՝ այդ դիտողությունները տեղ հասա՞ն, հաշվի առա՞ն, թե՞ ոչ»։