Ժողովրդավարությունը Նոբելյանի եւ «Օսկարի» մրցանակակրի հայացքով

Ժողովրդավարությունը Նոբելյանի եւ «Օսկարի» մրցանակակրի հայացքով

Մարդ չի հասկանում՝ սրանք հա՞յ են, թե՞ հայախոս թուրք: Սրանք Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Ադրբեջանի պաշտոնյաններ են: Չգիտեմ, թե ինչ են, բայց վստահ եմ, որ չեն գիտակցում մի պարզ բան. ՀՀ ղեկավարություն հորջորջվելով՝ իրենք ծառայություն են մատուցում Ադրբեջանի ղեկավարին: Իսկ այդպես լինել չի կարող՝ դա բնության օրենքներին է դեմ: Ասենք, որ նույնիսկ կենցաղային մակարդակում ամեն անձնավորություն տեր է կանգնում իր ունեցվածքին, յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքին: Ավելին՝ նույնիսկ կենդանական աշխարհում է «ընդունված» տարածքը նշելու և այն պահպանելու սկզբունքը: Բայց սրանք տարածք են հանձնում, որպեսզի խաղաղություն մուրան: Սրանք ընդամենը մեկ ադեկվատ աշխատող պետական կառույց ունեն ու չեն գիտակցում, որ եթե չեն օգնում՝ գոնե չպետք է վնասեն: Ո՞նց արդեն որերորդ անգամ չհիշես «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» տխրահռչակ թեզը:  

Ուզում եմ հասկանալ, թե այն, ինչ տեղի է ունենում մեզանում, ինչի հետևանք է՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՞, նրա իբրև թե հաստատած ժողովրդավարությա՞ն, հայի կերպարանքով ծպտյալ  թուրքերի գոյությա՞ն, ազգի դեգրադացիայի՞, թե այլ հանգամանքների: Գուցե հանգամանքների ողջ հավաքածուո՞վ… Հետաքրքիր է՝ ինչու նման բան չկար այսպես կոչված քրեաօլիգարխիկ իշխանության տարիներին: Ի վերջո, ամեն ինչ նույնն է՝ թե՛ երկրի ղեկավարը մի բան չէր, թե՛ ժողովուրդն ինքը մի բան չէր, թե՛ մնացած հանգամանքներն էին առկա՝ բացառությամբ «ժողովրդի իշխանության»: Ուրեմն մեղքը հենց դրա՞ մեջ է, այն երևույթի, ինչին ձգտել ենք վերջին մեկ-երկու տասնամյակում: Համենայն դեպս, ձգտել է երկրի գրագետ հատվածի երևի մեծ մասը: Կարող ենք, իհարկե, ընդունել, որ նիկոլական «ժողովրդավարությունը» կիլոմետրերով հեռու է իրական ժողովրդավարությունից: Եվ որ իրականի դեպքում այն մեր ողբերգությունների պատճառ չէր հանդիսանա: 

Ու որպեսզի ինքս ինձ համար ճշտեմ, թե ինչ է իրական ժողովրդավարությունը, որոշեցի փնտրել դրա վերաբերյալ ասույթներ համացանցում: Հենց ասույթներ, որովհետև գիտական ձևակերպումները վաղուց գիտեմ, ու գիտեմ նաև, որ դրանք ուղղակի չեն գործում: Երկար չփնտրեցի՝ անմիջապես դեմս եկավ Ուինսթոն Չերչիլի հանրահայտ՝ «Ժողովրդավարությունը կառավարման լավագույն ձևը չի, պարզապես մարդիկ դրանից լավը դեռ չեն հորինել» դատողությունը: Ինքնին լավ գաղափար է, բայց ինձ այս պահին ոչինչ չասող. ինչպիսի՞ն է այդ ոչ լավագույնը ներսից: Հետագա որոնումները տվեցին իրենց արդյունքը. հայտնաբերեցի իռլանդական ծագումով անգլիացի հռչակավոր դրամատուրգ, գրականության համար Նոբելյանի (1925) և «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար «Օսկարի» (1939) մրցանակակիր Ջորջ Բեռնարդ Շոուի (1856-1950) ասույթները և որոշեցի կիսվել ընթերցողի հետ: Եվ քանի որ վերջիններս ավելի քան համապատասխանում են հայաստանյան իրականությանը, որոշեցի սահմանափակվել դրանցով: Ի դեպ, չմոռանանք, որ Անգլիան ժամանակակից պառլամենտարիզմի ծննդավայրն է, իսկ Ջորջ Բեռնարդ Շոուն՝ իր ժամանակի առաջադեմ գործիչներից մեկը: Եվ այսպես.
• Հեղափոխությունները երբեք չեն թեթևացրել բռնակալության բեռը, այլ միայն այն տեղափոխել են այլ ուսերի վրա:
• Ժողովրդավարությունը փուչիկ է, որը կախված է ձեր գլխավերևում, և ստիպում է ձեզ նայել վեր, մինչդեռ ուրիշներն այդ ժամանակ քրքրում են ձեր գրպանները:
• Ժողովրդավարությունն այն է, երբ իշխանություններն այլևս չեն նշանակվում մի բուռ այլասերված մարդկանց կողմից, այլ ընտրվում են տգետ մեծամասնության կողմից:
• Ժողովրդավարությունը չի կարող բարձր լինել մարդկային այն նյութից, որից կազմված են նրա ընտրողները:
• Ժողովրդավարությունը գյուտ է, որը մեզ տալիս է այնպիսի կառավարություն, որին մենք արժանի ենք:
• Ժողովրդավարությունը մեխանիզմ է`ապահովելու համար, որ մեզ ավելի լավ չկառավարեն, քան արժանի ենք:
• Բյուրոկրատիան բաղկացած է վարձու ծառայողներից, ազնվականությունը՝ կուռքերից, իսկ ժողովրդավարությունը՝ կռապաշտներից:

Հը, չե՞ք կարծում, որ նախորդ դարի կեսին մահացած հանրահայտ դրամատուրգը մի քանի նախադասությամբ նկարագրել է այն իրավիճակը, որում այսօր ապրում է հայաստանցին: