Վանյանն իր հայացքներով մոտ էր Թումանյանի դիրքորոշմանը, սա շատ ցավալի կորուստ է․ Հայրիկյան

Վանյանն իր հայացքներով մոտ էր Թումանյանի դիրքորոշմանը, սա շատ ցավալի կորուստ է․ Հայրիկյան

Ես պրն Վանյանի հետ տարեկան գոնե երկու անգամ շփվում էի։ Եթե ոչ անմիջականորեն, ապա գոնե հեռախոսով։ Հենց սկզբից  ինձ համար գրավիչ է եղել իր ընկալուլմը պարտադրված այս հակամարտության հարցում։ Ինքն իր հայացքներով շատ մոտ էր Թումանյանի դիրքորոշմանը, որ փորձում էր ամեն կերպ խաղաղություն հաստատել 20-րդ դարի սկզբում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հրապարակոս, հասարակական գործիչ Գեորգի Վանյանի հոգեհանգստի արարողության ժամանակ «Հրապարակի» հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Եթե ժամանակակիցները Թումանյանին հարգանքով էին վերաբերվում ու նրա գործունեությունը համարում բնականոն, ապա չգիտես ինչու Վանյանի ու նման մարդկանց գործունեությունը «հայրենասերները», որոնք հայրենիքի հետ իրականում ոչ մի  կապ չունեն, իրենց դատարկությունը թաքցնելու համար աղմուկ էին բարձրացնում։  Իսկ ես վստահաբար իրավունք ունեմ գնահատական տալու՝ մարդիկ հայրենասեր են, թե ոչ։ Վանյանը խաղաղության էր ձգտում, իսկ խաղաղության ձգտելը միշտ էլ առողջ բան է։ Խոսքն իհարկե արժանապատիվ խաղաղության մասին է։ Վանյանը վճռական՝ այդ անցումային տարիներին, եղել է այլ դաշտում, այսինքն մեզ հետ չի եղել, բայց մեծ ունակություն ուներ իրադարձություններին անաչառ նայելու ու ամեն առիթով ինձ ասում էր, թե ուշ հասկացա ասածներիդ կարևորությունը։ Վանյանին և ճանաչողները և չճանաչողները պիտի հասկանան, որ մեծ բան կորցրին, որովհետև իրականում նա ինչ անում էր, իր համար չէր անում։ Ինքը սբաղված էր հանրային կարևոր նշանակություն ունեցող խնդիրների լուծումները գտնելով։ Նա լավ հարգված էր, ես անձամբ եմ տեսել նրա նկատմամբ վերաբերմունքը վրացիների կողմից, նաև ադրբեջանցիների վերաբերմունքը։ Նա շատ մեծ հարգանք էր ուներ իր այդ խաղաղասիրական մոտեցումների համար»,- ասաց Հայրիկյանը։

«Վանյանի նկատմամբ անազնիվ բաներ անում էին անգամ այն ժամանակ, երբ նա տեղափոխվել էր ու ապրում Տավուշում։ Ես այցելում էի նրան, երբ այն կողմ էի գնում։ Անգամ նրա շանն էին վնասել։ Բայց նա, ամեն դեպքում, տանում էր այդ ամենը՝ իհարկե հասկանալով նաև իր առաքելությունը։ Սա իրոք շատ ցավալի մահ էր»,- հավելեց նա։


Հիշեցնենք՝ Վանյանը 58 տարեկան էր։ Հոկտեմբերի 9-ին՝ քովիդ-ախտորոշմամբ, նա հոսպիտալացվել էր Թբիլիսիի հիվանդանոց։ Գրեթե անմիջապես՝ հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Վանյանը վերջին տարիներին ապրում էր Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում, Թբիլիսի էր գնացել մի քանի օրով։ Գեորգի Վանյանը ծվել է 1963 թվականին՝ Ադրբեջանի ԽՍՀ-ի Շահումյանի շրջանի Քարաչինար գյուղում։ 1991-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Մինչև 1994 թվականը՝ թատրոնի և կինոյի դերասան, 1992-1994՝ «ԱՐ» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 1993-1997՝ «Արար» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր։ 1997-ից մինչև 2005՝ Երևանի №61 դպրոցի տնօրեն։ 1989 թվականից մինչև 2004-ը զբաղվել է անապաստան երեխաների, փախստականների և սահմանափակ հնարավորություններով երեխաների խնդիրներով։ 2002 թվականին հիմնել է «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը»։ 2011-ին՝ ադրբեջանցի, հայաստանցի և վրացի ակտիվիստների հետ միասին, նախաձեռնել է «Թեքալիի գործընթացը»՝ խաղաղարար նախաձեռնություն վրացական համանուն գյուղում, որը գտնվում է երեք հարավկովկասյան երկրների սահմանին։ Թեքալիում հասարակական ուղիղ բանակցությունների համար պարբերաբար հավաքվում էին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները, քաղաքական և հանրային գործիչներ։ Ադրբեջանական ֆիլմերի փառատոնին հաջորդած ազգայնական արշավից հետո ստիպված փակել է Կենտրոնը և լքել Երևանը՝ տեղափոխվելով Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից երկու շաբաթ առաջ Վանյանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Զարդուշտ Ալիզադեի հետ, հրապարակել է «Ընկերների հայտարարությունը», որում խոսվում էր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վտանգի և խաղաղարար գործողությունների դեմոնիզացման մասին։ Պատերազմի օրերին և հետպատերազմական շրջանում հրապարակավ հանդես է եկել ուղիղ՝ չմիջնորդավորված բանակցություններ անհապաղ սկսելու, սահմանները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների ազատ տեղաշարժի համար բացելու օգտին։ Գրեթե մշտապես թիրախավորված էր պատերազմի քաղաքականությունը և հաշտության առկախումը խիստ քննադատելու համար։