Մոտ 400 մլն դրամի արտոնություն՝ Հանրային հեռուստաընկերությանը

Մոտ 400 մլն դրամի արտոնություն՝ Հանրային հեռուստաընկերությանը

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի ցանկում ընդգրկված է կառավարության մշակած և Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված, բայց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյաի կողմից ներկայացված մի նախագիծ, որով փաստացի արտոնություններ են սահմանվում Հանրային հեռուստաընկերության համար։  Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել 2020 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած 377, 548.9 հազար դրամ շահութաբաժնի վճարումից և այդ գումարի չափով բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով՝ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։