Անհրաժեշտության դեպքում մեկնելու եմ ռազմաճակատ

Անհրաժեշտության դեպքում մեկնելու եմ ռազմաճակատ

Երեկ խորհրդարանի արտահերթ նիստին ներկայացած իշխող «Իմ քայլի» գրեթե բոլոր պատգամավորները կտրականապես հրաժարվում էին հարցազրույցներ տալուց։ «Դրա ժամանակը չէ»,- միաբերան ասում էին նրանք: Իսկ գուցե ռազմաճակատ մեկնելո՞ւ ժամանակն է՝ հարցրինք պատգամավոր Վահե Ղալումյանին, հատկապես, որ այդ մասին օրերս կոչ արեց նաեւ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը․ «Ժամանակն է, որ շտապեք ռազմաճակատ եւ աշխարհին ցույց տաք, թե ինչի է ընդունակ հայ տղամարդը իր հայրենիքը, տունը, կնոջը, երեխային եւ ծնողներին պաշտպանելիս»: Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, որ սա մեր հերթական Սարդարապատն է:

- Անհրաժեշտության դեպքում մի րոպե անգամ չեմ սպասելու ու մեկնելու եմ ռազմաճակատ:

- Այսինքն՝ հիմա անհրաժեշտ չէ՞, ե՞րբ է անհրաժեշտ լինելու:

- Ես ասում եմ՝ երբեք չեմ վարանելու վարչապետի կոչին հետեւել:

- Մի քանի օր առաջ կոչ արեց ու շարունակում է անել՝ բոլորիս մտքերն ու գործողությունները պետք է ռազմաճակատում լինեն: Իսկ Դուք կարծում եք, որ չկա՞ անհրաժեշտություն:

- Կարծում եմ՝ կա, եւ անում ենք:

- Ի՞նչ եք անում:

- Էս պահին ռազմաճակատ մեկնելու ժամանակը չէ, կա թիկունք, որտեղ ամեն մարդ իր խրամատում իր անելիքն ունի:

- Իսկ ո՞ւմ են ուղղված այդ կոչերը:

- Բոլորիս: Ցտեսություն:

- Պարոն Ղալումյան, արտախորհրդարանական ուժերի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս տեղի ունեցած հանդիպումից հետո «Սասնա ծռերը» հայտարարեցին, թե փորձ է արվում իրագործել հայտնի լավրովյան պլանը՝ տարածքներ՝ խաղաղության դիմաց: Իշխանությունում կա՞ այս մասին քննարկում, եւ ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումն այս հարցում:

- Օրակարգում նման հարց չկա:

- Իսկ ինչո՞ւ են այդ մասին բոլորը խոսում:

- Չգիտեմ:

- Ալիեւը հայտարարում է, որ Արցախի կապիտուլյացիայի նպատակ է հետապնդում, եթե մեր օրակարգում այսօր չկա այդ բանաձեւումը, հնարավո՞ր է վաղը լինի:

- Ես Ալիեւի հայտարարություններին չեմ հետեւում, ռազմական իրադարձություններին եմ հետեւում, եւ մենք նման մտավախություն չունենք: Մենք հաղթելու ենք միանշանակ: Այո, կան նման խոսակցություններ, պետք չէ հետեւել դրանց: Ես ձեզ վստահեցնում եմ, որ հայկական կողմն այսօր չի քննարկում նման հարց:

- Իսկ վաղը կարող է քննարկե՞լ:

- Վաղվա մասին ով ինչ կարա ասի, ես, ամեն դեպքում, համոզված եմ, որ չի լինի: