Վատին՝ ավելի վատով

Վատին՝ ավելի վատով

Նախօրեից տագնապի զգացումը պատել է բոլորին՝ մարդիկ հետեւում են Երասխում ծավալվող իրադարձություններին, եւ պատերազմի շունչը կրկին թեւածում է երկրում։ 2020-ի պատերազմից դեռ ուշքի չեկած հանրությունը, իհարկե, ծանր է տանում նոր պատերազմի հեռանկարը, եւ նաեւ դա է պատճառը, որ ոմանք կարծում են՝ այս էսկալացիան արհեստական է, ինչ-որ նոր՝ մեզ համար անընդունելի զիջումներ նախապատրաստելու նպատակով։ Արցախից՝ որպես ավելորդ գլխացավանք, ազատվելու կողմնակիցները կարծում էին, թե այս ուղտն իրենց դռանը չի չոքելու, եւ Հայաստանին պատերազմ չի սպառնում՝ կարելի է ամոթալի կապիտուլյացիա ստորագրել, բանակը ոչնչացնել, զինվորականներին զորացրել, սահմանների պաշտպանությունն ամբողջությամբ տալ ռուսներին եւ հանգիստ ապրել։

Սակայն պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ բան չէ։ Եվ ամենակարեւորը՝ եթե դու խելացի ու գրագետ, հայրենասեր ու պետական մտածողությամբ իշխանություն չես կարողանում ձեւավորել, ոչ միայն երկրում գործող պետական ինստիտուտներն են սկսում քայքայվել, այլեւ թշնամին է սահմանին կրակում, ռուս խաղաղապահներն ավելի շատ ադրբեջանական զինուժի հետ են հարաբերություններ կառուցում, քան հայկական զինծառայողների, իսկ Ռուսաստանի իշխանությունն էլ ձեռքերը լվանում է եւ հորդորում՝ «գնալ ցավոտ լուծումների»։ Ու այս պարագայում անգամ պաշտպանության նախարար փոխելը՝ Վաղարշակ Հարությունյանին փոխարինելով ժամանակին հետախուզության գործը հիմնովին տապալած ու Մարտի 1-ի գործով անցնող հայտնի անձով, իրավիճակը չի փրկելու։  Պարզապես՝ մրից ելնելու ենք, մրջուրն ընկնենք։ Եվ ակնհայտ է դառնալու, որ ոչ մի կադրի փոփոխություն դրական չէ, որովհետեւ վատին ավելի վատով են փոխարինում։ Եվ կադրերն էլ, այս պարագայում, ոչինչ չեն փոխելու՝ ձուկը գլխից է հոտում։