Տեղեկատվության արտահո՞սք, թե՞ ․․․

 Տեղեկատվության արտահո՞սք, թե՞ ․․․

Համացանցում պարբերաբար տարբեր մարդկանց կողմից հնչում է այն միտքը, որ

կորոնավիրուսից մահացած մարդկանց անունները հրապարակվեն։ Անուններ չտամ, նրանց մեջ և մասնագետներ կան, և քաղաքական գործիչներ, և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և շարքային քաղաքացիներ․․․ Կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ, անկեղծ լինենք, ինչ որ մի խորհրդավոր կասկածամտություն կա, չբարձրաձայնվող ու չասվող մի բան։ Շրջապատում էլ անընդհատ լսում ենք, որ նման հիվանդություն չկա, սուտ է․․․ Մարդիկ մոլորության մեջ են, որովհետև կառավարման ու առողջապահության ոլորտի պատասխանատուները  իրար հակասող հայտարարություններով ավելի են խորացրել կասկածը։ Չնայած առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի հրապարակումը անձնական տվյալներ է համարում ու դրանց հրապարակումը՝ մարդկանց իրավունքների ոտնահարում, այնուամենայնիվ մարդիկ չեն պատկերացնում կամ չեն տեսել, երբ մահացած մարդու ինքնությունը թաքցնելը անձնական տվյալ լինի։ Մի քանի օր առաջ Միքայել Մինասյանը նույնպես անդրադարձավ այդ հարցին, ասելով որ «Եվ չնայած Նիկոլ Փաշինյանի խղճուկ տեխնոլոգիաներին, որ մահացածները սոսկ թիվ են, ոչ, մահացածները մարդիկ են, որոնք ունեն չավարտված գործեր, կամ լավ գործեր․․․»։ Ինչևէ, նույն հարցն էր՝ ինչու՞ կորոնավիրուսի զոհերն անանուն են։

Այս հարցադրումից մի քանի օր անց ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել է կորոնավիրուսից մահացած անձանց անունները։ Հրապարակված ցանկում նշված է 132 քաղաքացիների անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ ու ամսաթիվ, չնայած կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 158 է։ Հիշեցնենք, որ Հայաստանում 214 կորոնավիրուսով հիվանդ է մահացել, նրանցից 56-ը, ըստ առողջապահության նախարարության, «այլ հիվանդությունից»: Հանրապետության մասշտաբով այդ անունները հրապարակելը շատ բան չի տալիս։ Երևի հիշում եք, թե  մի փոքրիկ Ենոքավանում նույն անուն ազգանունով, ծննդյան թվով քանի փաշինյան կար։

Ինչևէ, ինչպե՞ս հասկանալ։ Տեղեկատվության արտահո՞սք, թե՞  հանրության մեջ ահագնացող կասկածամտությանն ի պատասխան շարժ։